Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ» ՀԱՂԹԱԿԱՆ ՊԱՐԸ



«ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ»  ՀԱՂԹԱԿԱՆ ՊԱՐԸ2015թ. աշնանը ՀՀ ԶՈՒ ԳՇ «Սարդարապատ» պարի պետական համույթը, որի արական կազմը բաղկացած է ազգային բանակում երկամյա պարտադիր ժամկետային ծառայություն անցնող զինվորներից, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանի ղեկավարությամբ հայտարարեց իր մեծ ու պատասխանատու նախաձեռնության մեկնարկի մասին: ՀՀ անկախության 25-ամյակին  ընդառաջ համույթը 4 համերգից կազմված համերգաշար էր նախապատրաստել: Երեք մեծ համերգով «Սարդարապատ»-ը հանդես եկավ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Շարքի բարձրակետը կարելի է համարել  2016թ. հունիսի 18-ին Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում կայացած գալահամերգը:

Բացի քաղաքացիական նախաձեռնություն լինելուց, այդ համերգը Մուրադ Հակոբյանի համար նաև մասնագիտական երազանքի իրականացում էր:

-Պետք է ասել, որ ՀՀ  Երրորդ Հանրապետության օրոք հայկական  պարային համույթներից  ոչ մեկին բախտ չէր վիճակվել համաշխարհային  նշանակության այս բեմահարթակի վրա ներկայացնելու հայկական պարարվեստը»,- ասում է Մուրադ Հակոբյանը:- Ես շատ շոյված էի, իմանալով, որ «Սարդարապատին» ճանաչում են այնտեղ: Կցանկանայի շնորհակալություն հայտնել Իգոր Մոիսեևի անվան ժողովրդական պարի համույթի տնօրեն Ելենա Ալեքսանդրովնա Շչերբակովային, որ  ջերմորեն ընդունեց մեզ, տրամադրեց անհրաժեշտ ամեն ինչ: Համերգի նախորդ օրը մեր համույթը հնարավորություն ստացավ փորձն անցկացնելու Մոիսեևի պարի դպրոցի փորձասրահներից մեկում, ինչը ևս իմ  մասնագիտական երազանքներից մեկի իրականացումն էր: Այս համերգային ծրագրով մենք կատարեցինք մեր գլխավոր առաքելությունը՝ բարձր մակարդակով նշեցինք ՀՀ անկախության 25-ամյակը: Արվեստագետի համար ամենամեծ «աշխատավարձը» դահլիճի բուռն ծափողջույններն են, իսկ դրանք ողջ համերգի ընթացքում չէին դադարում…»:

«ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ»  ՀԱՂԹԱԿԱՆ ՊԱՐԸՀամերգային ծրագրի ռեժիսոր Լևոն Իվանյանի խոսքերով` «Քաղաքացիական և մասնագիտական առումով սա մեծ նվաճում կարելի է համարել. ոլորտի գիտակի համար հասկանալի է՝  թե՛ ծրագրի կազմակերպական  և թե՛ իրագործման առումով բավականին բարդ խնդիր է լուծվել: Պետք է նաև նշեմ, որ իմ բազմամյա ռեժիսորական գործունեության ընթացքում հանդիսատեսի նման ջերմ ընդունելություն երբևէ չէի տեսել: Իսկ սա վկայությունն է, որ «Սարդարապատին» հաջողվել է «զրուցել» ռուս հանդիսատեսի հոգու հետ»:

Համերգի սկզբում համույթը կատարեց «Հայաստան» կոմպոզիցիան, որի ընթացքում տղաների կազմած երկու բերդերի վերևում ծածանվեցին հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ պետական դրոշները:  Շուրջ երկուս ու կես ժամ տևած համերգի ընթացքում կատարվեցին  Ավարայրի,  Սարդարապատի, Հայրենական մեծ պատերազմի, Շուշիի հաղթական ճակատամարտերին նվիրված, ինչպես նաև հայկական ազգային  պարային այլ ինքնատիպ ու գեղեցիկ կատարումներ:

Տոնական հանդիսավոր այս ծրագրին ներկա են եղել ռուսական հայտնի հասարակական կազմակերպությունների  և  միությունների  հարյուրավոր հեղինակավոր անդամներ, Հայրենական  մեծ պատերազմի և սոցիալիստական աշխատանքի շուրջ 350  վետերաններ: Ներկա էր նաև հայ-ռուսական միջտարածաշրջանային բարեկամության կոմիտեի նախագահ  Վիկտոր  Կրիվոպուսկովը: Նա համույթի անդամներին խնդրեց հայրենիք վերադառնալուն պես ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին  և  ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին զեկուցել,  որ  համույթը  Մոսկվայում ցուցաբերել է  մարտական և օպերատիվ  պատրաստականության բարձր աստիճան: Մեկ անգամ ևս իր գոհունակությունն արտահայտելով անկրկնելի համերգային ծրագրի մասին՝ Կրիվոպուսկովը շնորհակալություն հայտնեց ամբողջ հայ ժողովրդին՝ տոկունության և մեր երկու ազգերի բարեկամությանը նվիրվածության համար, նշեց, որ ռուս ժողովուրդը, անկախ ամեն ինչից, հայ ժողովրդի կողքին է ու կիսում է մեզ բաժին ընկած փորձությունները, ինչպես  մենք՝ իրենցը. «Եվ մենք ոչ մի բանի հետ չենք փոխի այս թանկ բարեկամությունը»:

Ավարտելով խոսքը՝ պարոն Կրիվոպուսկովը հանդիսատեսի հոտնկայս բուռն ծափողջույնների ու «բրավո»-ների ներքո ՀՀ վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանին հանձնեց ռուս-հայկական կոմիտեի ամենահեղինակավոր պարգևը՝ Վալերի Բրյուսովի անվան մեդալը:

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին  նվիրված համերգաշարի տոնական համերգը, համաձայն զինվորական ավանդույթի, ավարտվեց  համընդհանուր  եռակի «հուռա՜»-յով:

Խորագիր՝ #26 (1146) 13.07.2016 - 19.07.2016, Հոգևոր-մշակութային


13/07/2016