ԵՌՅԱԿ ՀԱՇՎԱՐԿԻ ՔԱՋԵՐԸ
Եկել եմ հանդիպելու դասակի հրամանատար, լեյտենանտ Դավիթ Պողոսյանին, պայմանագրային զինծառայող, շարքային Բագրատ Առուշանյանին եւ շարքային Արամ Հովհաննիսյանին:
Երեք քաջերն էլ ծառայում են նույն դասակում եւ քառօրյա պատերազմի առաջին ժամերին մեկնել են մարտական դիրքեր:
Ապրիլի 5-ին զենիթային ինքնագնաց կայանի եռյակ հաշվարկը՝ լեյտենանտ Դավիթ Պողոսյանի հրամանատարությամբ,երկինք խոյացող թշնամու անօդաչու ինքնաթիռ որսաց: Րոպեներ անց առաջին իսկ դիպուկ հարվածով ջախջախեցին ու վայր գցեցին թշնամու անօդաչուն, որ ուղղություն էր վերցրել դեպի մայրաքաղաք Ստեփանակերտ:
Պատերազմի օրերին քաջերի հաշվարկը աչքի ընկավ առաջադրված մարտական խնդիրների անթերի կատարմամբ:
Բացառիկ քաջության համար լեյտենանտ Դավիթ Պողոսյանն արժանացավ Արցախի «Մարտական ծառայության եւ արիության համար», իսկ շարքայիններ Բագրատ Առուշանյանն ու Արամ Հովհաննիսյանը՝ «Գարեգին Նժդեհ» մեդալների:
ԴԱՎԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
դասակի հրամանատար, լեյտենանտ
Երկու ամիս շարունակ մենք անօդաչու ինքնաթիռների դիտարկում էինք իրականացնում: Դա չափազանց պատասխանատու գործ է. ուշադրության պակաս կամ աննշան հապաղում՝ թշնամու անօդաչու սարքերը կարող են հայտնվել մեր տարածքում:
Քառօրյա պատերազմի ընթացքում զինվորները հստակ և բանիմաց էին գործում: Մենք համախումբ էինք իրականացնում մեր գործը:
Ասեմ` հրադադարից հետո էլ դեռ մեկ ամիս շարունակ թշնամու անօդաչու սարքեր էին պտտվում Արցախի երկնքում:
Կուզենայի, որ ապրիլյան օրերի ընթացքում ձևավորված համաժողովրդական միասնությունը միշտ լիներ, շարունակվեր ամեն տեղ, ամեն ակնթարթի: Միայն մեր համախմբվածության, բանակասիրության, միմյանց աջակցելու շնորհիվ կարող ենք լուծել մեր երկրի առջև ծառացած թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ մարտական խնդիրները:
Ես համոզված եմ, և քառօրյան էլ դա ապացուցեց, մեր զինվորը քաջ է, ունի անկոտրում կամք և ոգի:
Սիրե՛նք և հզորացնե՛նք մեր բանակը, նա բացառիկ ոգեղեն ուժ է:
ԲԱԳՐԱՏ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
շարքային
Երբ յոթ տարի առաջ զինվորական պարտքս կատարեցի ու վերադարձա տուն, չգիտեմ` ինչ ներքին ուժ էր, որ ինձ նորից բերեց բանակ: Ցավոք, իմ սերունդն էլ, թեկուզ կարճատև, տեսավ դաժան պատերազմ: Հենց առաջին իսկ ժամերից մեր հաշվարկն արդեն նշանակված վայրում էր և այնտեղ էր ողջ երկու ամիս: Շատ ու շատ դասեր քաղեցինք այդ արյունալի օրերին և շատ բաներ սովորեցինք, մեր մարտական գիտելիքներն ամրապնդվեցին գործնականում` թեկուզև դառը, բայց հերոսական փորձով:
Հիմա ես, կարելի է ասել, բոլորովին այլ մարդ եմ: Ես, ինչպես նաև ընկերներս, տեսանք մեր հայրենիքը վտանգի մեջ, պատերազմի կրակներում ու բոցերում և նույնիսկ չեմ կարող պատմել, թե ինչեր կատարվեցին հոգուս և սրտիս մեջ: Ես ինքս էլ ինձ չէի ճանաչում, ես ամեն վայրկյան պատրաստ էի նետվելու կրակների մեջ և փրկելու հայրենիքս…
Ես այդ օրերին չէի մտածում իմ ապրելու կամ չապրելու մասին: Ես պատրաստ էի մեռնել, միայն թե հաղթենք: Սրանք բառեր չեն…
Ողջ հայությունն էր մեզ հետ ոտքի կանգնել, և դա ոչ միայն ուժ և վստահություն էր տալիս մեզ, այլ նաև հիացմունք և հպարտություն: Հաճախ մեր կողքին էին հայտնվում մեր հայրերը, պապերը և իրենց ներկայությամբ մեզ ավելի էին ոգևորում, գոտեպնդում… Դժվար է բառերով զգացածը նկարագրել:
Հատուկ ծրագրեր չունեմ. միակ երազանքս է, որ իմ երեխան, շուտով նաև՝ երկրորդ երեխաս, առհասարակ՝ բոլոր հայ մանուկները, ծնվեն և ապրեն խաղաղ, հզոր հայրենիքում:
Շնորհակալ եմ «Գարեգին Նժդեհ» մեդալի համար:
Կարդարացնեմ այդ մեծ վստահությունը, այն պարտավորեցնող է:
ԱՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
շարքային
Երբեք մտքովս չէր անցնի, որ ԵրՊՃ համալսարանից կգնամ զինվորական ծառայության և միանգամից կարժանանամ նման բարձր պարգևի՝ «Գարեգին Նժդեհ» մեդալի:
Նախքան քառօրյա պատերազմը, ես, ինչպես շատ ու շատ իմ զինակից ընկերները, ուղղակի ծառայում և մարտական գիտելիքներ էինք ձեռք բերում դասընթացների, զորավարժությունների ընթացքում: Պատերազմը, որքան էլ դաժան ու անսպասելի, մեզ ավելի կոփեց հոգեպես ու ֆիզիկապես:
Ես իմ օրինակով ասեմ. անճանաչելիորեն փոխվեցի, միանգամից հասունացա մի քանի տարով, դարձա փորձված, փորձառու զինվոր: Հայրենիքի հանդեպ պարտքս ու պատասխանատվությունս, սերս տասնապատկվեցին, մանավանդ, երբ մեզ տեղակայեցին անօդաչու ինքնաթիռների դիտարկում անցկացնելու:
Առանց չափազանցության, ողջ օրը, աչքներս չորս արած, հետևում էինք երկնքին, որպեսզի թշնամու ինքնաթիռները մեր օդային տարածք չխուժեին:
Կարելի է ասել` բոլորս միասին՝ լեյտենանտ Դավիթ Պողոսյանի, շարքային Բագրատ Առուշանյանի հետ առաջինը նկատեցինք թշնամու անօդաչու ինքնաթիռը: Անմիջապես լեյտենանտ Առուշանյանը զեկուցեց ՊԲ հրամանատարությանը:
Րոպեներ անց մենք համագործակցված գործի դրեցինք մեր զենիթային ինքնագնաց կայանը, և առաջին իսկ զարկերից թշնամու անօդաչուն ջախջախված վայր ընկավ:
Դա իմ առաջին և մեծ հաջողությունն էր:
Վեց ամիս հետո զորացրվելու եմ. կվերադառնամ տուն, կշարունակեմ ճարտարագիտական համալսարանում կիսատ մնացած ուսումս, կմտնեմ նոր կյանք:
Անկախ իմ ընտրած մասնագիտությունից, ողջ կյանքում ես ինձ զինվոր եմ զգալու: Աստված մի արասցե, եթե նորից թշնամին դավադիր հարձակում գործի, ես առաջիններից կլինեմ, ով կկանգնի հայրենյաց պաշտպանների կողքին:
Ես երբեք չեմ մոռանա, որ ԶԻԿ դասակի զինվոր եմ եղել, ծառայել եմ փառապանծ զորամասում:
Սուսաննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Խորագիր՝ #26 (1146) 13.07.2016 - 19.07.2016, Ազգային բանակ