ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂ ԵՐԿՆՔԻ
Երբ խոսք է լինում ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի աշխատանքների մասին, շատերի մտքում դրանք զուգորդվում են զորակոչիկների սոցիալ-իրավական, առողջական խնդիրներին: Սակայն, ինչպես վկայում են հասարակական խորհրդում, իրենց նամականին բազմաբնույթ է: Յուրաքանչյուր զորակոչից առաջ, օրինակ, բազմաթիվ նամակներ են ստացվում, որոնցում ծնողները դիմում են այնպիսի խնդրանքով, որից հարգանքի ու հպարտության զգացում է առաջանում խորհրդի անդամների մեջ, և որոնց հնարավոր չէ չընդառաջել:
Ձեռքիս են հասարակական խորհրդի քննարկմանը ներկայացված այն նամակները, որոնցում ծնողները դիմում են որդիների ծառայությունը ԼՂՀ-ում անցկացնելու թույլտվության խնդրանքով: Նամակները շատ են: Ներկայացնեմ դրանցից մեկը.
Ավագ որդիս՝ Մովսես Մարգարյանը, 2015թ. հուլիսի 23-ից իր ժամկետային զինվորական ծառայությունն է անցկացնում Արցախի ՊԲ զորամասում: Ես հպարտության զգացումով եմ գրում Ձեզ, պարոն Հարությունյան, քանի որ Մովսեսս ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից է, «Քաջարի մարտիկ» կրծքանշանի է արժանացել (09.05.2016թ.): Նշեմ, որ ավագ որդիս, մինչև բանակ զորակոչվելը՝ 2015թ. հուլիսի 18-ին, մեր տան բակում ընկերների ու բարեկամների ներկայությամբ բարձրացրեց Հայոց եռագույնը ու դրոշի ներքո էլ երդվեց. «Ծառայելու եմ Հայոց պետականության պաշտպանության սուրբ գործին»: Մեր տան վրա ծածանվող դրոշը ամեն օր մեզ բոլորիս պատգամում է՝ սիրել հայրենիքը, մասնակցել նրա պաշտպանությանը, առաջնորդվել պետականամետ մտածելակերպով, լինել աչալուրջ, անձնվեր:
Այժմ մեր կրտսեր որդու՝ Զավենի բանակ մեկնելու հերթն է. 2016թ. հուլիսի 10-ի համար ծանուցագիր է ստացել Արարատի զինկոմիսարիատից (քաղաք Վեդի): Մեր ծնողական խնդրանքն է` մեր երկրորդ որդուն ևս զորակոչել ԼՂՀ ՊԲ, որ նա իր ծառայությունն անցկացնի եղբոր հետ նույն զորամասում: Ավագ եղբոր փորձառությունը շատ պետք կգա նաև կրտսերին, և նա շատ արագ կյուրացնի ռազմական գործը: Ափսոսում ենք, որ էլի որդիներ չունենք. բոլորի դեպքում էլ մեր խնդրանքը մեկը կլիներ` ծառայեն հանուն Արցախի խաղաղ երկնքի պաշտպանության:
Աստված բոլորիս պահապան, և թող արշալույսները խաղաղությամբ բացվեն Հայոց աշխարհում:
Հարգանքով մանկավարժ ծնողներ՝
Գ. Մարգարյան
Խ. Հայկյան
Պատրաստեց Ք. ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ
Խորագիր՝ #26 (1146) 13.07.2016 - 19.07.2016, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում