Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԿԱՐԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՆԵՏԵԼՈՒ ՄՈՍԿՎԱ-ԲԱՔՈՒ-ԹԵՀՐԱՆ ԱՌԱՆՑՔԻՆ



ԱՆԿԱՐԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՆԵՏԵԼՈՒ ՄՈՍԿՎԱ-ԲԱՔՈՒ-ԹԵՀՐԱՆ ԱՌԱՆՑՔԻՆՕգոստոսի 8-ին Բաքվում նախատեսված է Ադրբեջանի, Իրանի ու ՌԴ-ի նախագահների հանդիպումը: Թեև հանդիպման հիմնաքարը լինելու է երեք երկրների միջև էներգետիկ-տրանսպորտային համագործակցությունը, ակնհայտ է, որ Ադրբեջանը կփորձի առավելագույն օգուտներ քաղել այդ հանդիպումից, նաև Ղարաբաղյան հիմնահարցի շրջանակներում:

Փաստացի, եթե երեք նախագահների միջև ձեռք բերվեն հստակ պայմանավորվածություններ, և որևէ փաստաթուղթ ստորագրվի, Ադրբեջանը դառնալու է տարանցիկ կարևոր միջանցք թե՛ Թեհրանի, թե՛ Մոսկվայի համար: Նախատեսվում է, որ ադրբեջանական ու իրանական տարածքներով ռուսաստանյան երկաթուղիները կկապվեն Պարսից ծոցին, Հնդկաստանին ու Միջին Արևելքի երկրներին: Արդեն այսօր Բաքուն հայտարարել է այդ երկրները իրար կապող երկաթգիծը արագ ավարտին հասցնելու համար Իրանին շուրջ կես միլիարդ դոլարի վարկ տրամադրելու մտադրության մասին: Հայաստանը մեկուսացնելու և իրանական բեռների հոսքը իր տարածք ուղղելու համար Ադրբեջանը պատրաստվում  է անգամ արտոնյալ պայմաններ տրամադրել իրանցիներին:

Ակնհայտ է, որ էներգետիկ-տրանսպորտային նախագծեր իրականացնելու հարցում Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի շահերը համընկնում են՝ համադրվելով տարածաշրջանային այլ խաղացողների ազգային շահերի հետ: 80 միլիոն բնակչությամբ, պատժամիջոցներից ազատված Իրանի հետ ծովով լաստանավային փոխադրումներին զուգահեռ ավտոմոբիլային, երկաթգծային կապ ունենալը գրավիչ է շատ տնտեսական լուրջ խնդիրներ ունեցող ¥միջազգային պատժամիջոցներ, նավթի գների անկում, ռուբլու արժեզրկում և այլն) Մոսկվայի համար: Իրանն էլ հնարավորություն կունենա տարանցել իր գազն ու նավթը դեպի Ռուսաստան և այնտեղից էլ դեպի Եվրոպա: Նման  տնտեսական դաշինքը կարող է արագացնել նաև Ադրբեջանի և Իրանի ինտեգրումը Եվրասիական Միությանը գոնե ազատ գոտու ձևաչափով:

Բնական է, որ այսպիսի զարգացումները չեն կարող անտարբեր թողնել Արևմուտքին, նախևառաջ՝ Թուրքիային: Թեև Մոսկվայի հետ հարաբերությունները դեռևս վերագործարկման փուլում են, այնուամենայնիվ, Անկարայում անհանգստացած են Մոսկվա-Բաքու-Թեհրան տնտեսական առանցքի ձևավորման հեռանկարներով, մանավանդ՝ դրանով ավելի է ամրանում Ադրբեջանի իշխող վարչակարգի կապը Մոսկվայի հետ: Սպասելի է, որ Թուրքիան Ադրբեջանին իր քաղաքական ուղեծրում պահելու համար դիմի որևէ ներքաղաքական կամ նույնիսկ ռազմաքաղաքական գործողության: Չի բացառվում նաև, որ մինչև օգոստոսի 8-ը Ադրբեջանում ներքաղաքական լուրջ զարգացումներ լինեն, որոնք կարող են եռակողմ հանդիպման բովանդակության վրա նկատելի ազդեցություն ունենալ: Չի բացառվում, որ թուրքամետ ադրբեջանական գեներալիտետը փորձի կտրուկ ապակայունացնել իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Նույնպիսի  ձևաչափով հանդիպում տակավին պետք է կայանար ապրիլի 8-ին, բայց փաստացի ձախողվեց քառօրյա պատերազմի պատճառով, որի սցենարը ուրվագծել էին Անկարայում:

 

Բ. ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #27 (1147) 20.07.2016 - 26.07.2016, Տարածաշրջան


20/07/2016