ԲԱՔՎՈՒՄ Է ՀՈՐԻՆՎԵԼ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ «ԼԱՎՐՈՎՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԿՈՉՎԱԾԸ
Պատերազմի վերսկսման հավանականություն տեսականորեն կա, բայց Ադրբեջանը չունի ռազմական գործողությունների վերսկսման ներուժ, քանի որ դրանք ապրիլյան իրադարձություններից հետո կտրուկ նվազել են: Բացի այդ, նույն քառօրյա պատերազմից հետո դիվանագիտական «բլոկադա» սկսվեց Բաքվի համար:
Վիեննայի հանդիպումից հետո ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի ղեկավարներն իրենց անմիջական վերահսկողության տակ առան գործընթացը, ինչը դժվարացրեց Բաքվի` «խաղերի» դիմելու հնարավորությունը: Նախ՝ Ադրբեջանը պայմանավորվածությունների ձեռք բերման ու դրանց իրականացման մասին փաստաթուղթ ստորագրեց, հետո հերքեց, թե նման պայմանավորվածության համաձայնել է, հետո էլ Սանկտ Պետերբուրգում վերահաստատեց այն, ինչ որոշվել էր Վիեննայում: Պուտինը ստիպեց Ադրբեջանին ստորագրել «վիեննական փաստաթուղթը»:
Ադրբեջանը «հակա» քայլ է անում՝ շրջանառության մեջ դնելով, այսպես կոչված, Լավրովի կամ Պուտինի ծրագիրը: Այդպես չէ՛, ոչ մի ծրագիր էլ չկա՜, կան կոշտ նախապայմաններ՝ միջանկյալ խնդիրների լուծման համար: Իսկ դրանք առաջին հերթին վերաբերում են շփման գծի ողջ երկայնքով հետաքննական մեխանիզմների տեղադրմանը, մշտադիտարկմանը:
Ես համոզված եմ, որ ադրբեջանական շանտաժի փուլն ավարտվել է: Եթե Ադրբեջանը կարողանար լուծել հակամարտությունը` կաներ ապրիլին՝ զավթելով գոնե չորսից հինգ շրջան: Այնպես որ՝ ադրբեջանական որևէ հաղթանակի մասին խոսք լինել չի կարող:
Հատկապես հիմա, երբ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ակտիվ աշխատում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահները, հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ կդատապարտվի այս երեք պետությունների արտաքին գործերի նախարարների, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից:
Դեպքերը չեն զարգանում այնպես, ինչպես կցանկանար Ադրբեջանը: Ադրբեջանը փորձում է նորից շահարկել հարցի ուժային կարգավորման տարբերակը, բայց այն արդեն գործող չէ, այլևս հնարավոր չէ ուժով հարց լուծել: Ադրբեջանը կորցրեց այդ «հնարավորությունը»:
Բաքուն ուզում էր տապալել Մինսկի խմբի աշխատանքը, Պուտինին ու Օբամային, Պուտինին ու Օլանդին հակադրության մեջ ներքաշել, ազատվել Ռուսաստանի ներկայությունից, բայց չէ՞ որ Վիեննայի հանդիպման գաղափարը պաշտոնական Մոսկվայինը չէր: Ռուսաստանը եղել է այդ նախաձեռնության մշակման մասնակիցը, բայց ոչ նախաձեռնողը:
Ես կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ եռանախագահների գլխավորությամբ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում շրջանառության մեջ կդնի նոր բանաձև, որը հակամարտության կողմերին հրադադար կպարտադրի, կպարտավորեցնի զինադադար ապահովել:
Լեռնային Ղարաբաղում աստիճանաբար շահագործման է հանձնվում օդանավակայանը, կա շփման գծում մշտադիտարկում անցկացնելու գործընթաց: Ղարաբաղը ապաշրջափակման ուղեծրի մեջ է, ու բնական է, որ Ադրբեջանն իր տեղը չի գտնում: Արդյունքում՝ իրար հակասող հայտարարություններ է անում, երբեմն կարդում եմ, չեմ հասկանում, թե որտեղ է տրամաբանությունը:
Ադրբեջանում էլ հասկանում են, որ պարտվում են, «անհանգիստ» շարժումներ են անում:
Իրավաբանորեն ՄԽ-ն կարող է հասնել նոր բանաձևի ընդունման, երբ երեք պետությունների ղեկավարները՝ Պուտինը, Օլանդը, Օբաման, նախ` իրար միջև համաձայնության գան, ապա՝ ներկայացնեն ՄԱԿ-ի ԱԽ-ն, որի անդամ են ի դեպ այդ երեք պետություններն էլ՝ ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ: Նրանք կարող են ներկայացնել բանաձև, որում կլինեն ամրագրված Վիեննայի պայմանավորվածությունները, դրանց վերահաստատումը Պետերբուրգում, ինչպեսև հանձնառությունը չկատարելու վերաբերյալ որոշակի դիտարկումներ:
Այս ընթացքում միայն մեկ շոշափելի առաջընթաց գրանցվեց. կողմերը վերադարձան 1994-95թթ. զինադադարի մասին պայմանագրին, որի կնքմանը Լեռնային Ղարաբաղը ներկայացել է որպես հակամարտության կողմ: Դրա համար էլ Ադրբեջանը նոր փաստաթուղթ էր ուզում ստորագրել, բայց Մոսկվան ասաց` ո՛չ, ուզում եք-չեք ուզում, առանց Ղարաբաղի մասնակցության բանակցությունները լիարժեք լինել չեն կարող:
Ռուսաստանը Մինսկի խմբի երեք համանախագահող երկրներից միակն է, որին անմիջականորեն առնչվում է հակամարտությունը: Ուզենք-չուզենք` ղարաբաղյան խնդիրը Ռուսաստանի սահմանների մոտ է ծավալվում, ու ցանկացած զարգացում կարող է տարածաշրջանային պայթյուն առաջացնել՝ ներքաշելով Ռուսաստանին: Մենք Իսպանիայում կամ Կանադայի հարավում չենք, որ աչք փակենք, ասենք՝ դե լա~վ, մեր շահերը չեն վնասում: Բաքվում են հորինել «Լավրովի ծրագիր» կամ «Պուտինի ծրագիր» հասկացությունները: Չունի՛ Ռուսաստանն իր ծրագիրը, չո՛ւ-նի՛: ՌԴ-ն չեզոք դիրք ունի ԼՂ հակամարտության հարցում: Մենք ճնշում չենք գործադրում կողմերից և ոչ մեկի վրա: Պատկերացրեք՝ ինչ կլիներ քառօրյա պատերազմի ժամանակ, եթե հանկարծ Ռուսաստանը հրապարակային աջակցություն ցուցաբերեր հայկական կողմին: Թուրքերը, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ են, բայց ոչ եռանախագահող, արդարացիորեն կհայտարարեին, որ Ռուսաստանը հակամարտության կողմ է, հարց կբարձրացնեին ՄԽ կազմի փոփոխության: Եվ ո՞վ կշահեր սրանից:
«Թերթ.am»
Խորագիր՝ #27 (1147) 20.07.2016 - 26.07.2016, Ռազմաքաղաքական