«ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻ ԻՄ ԱՆԿՅՈՒՆԸ»
Բացվեց ազատամարտիկ Վահրամ Միքայելյանի գեղանկարների ուցահանդեսը
Հուլիսի 14-ից Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում գործում է Արցախյան ազատամարտի մասնակից Վահրամ Միքայելյանի՝ «Այս աշխարհի իմ անկյունը» խորագրով անհատական ցուցահանդեսը:
Նկարիչը ծնվել է 1965 թվականին Վայոց ձորի Սերս գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: Ավարտել է Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1987 թվականին Վայքի մշակույթի տանը բացվել է Վահրամ Միքայելյանի առաջին անհատական ցուցահանդեսը։ Այստեղ էլ աշխատանքի է անցել: Հիմնել է նկարչական խմբակ, միաժամանակ նկարչություն է դասավանդել դպրոցում: Անմնացորդ նվիրվել է իր գործին, ինչի համար էլ Նկարիչների միության նախագահ Արա Շիրազը նրան խրախուսել եւ արվեստանոց է նվիրել Վայք քաղաքում։ 1992 թվականին Վահրամը Վայքի կամավոր ջոկատի հետ մասնակցել է Լաչինի միջանցքի ինքնապաշտպանական մարտերին, ծանր վիրավորվել եւ զրկվել է աջ ձեռքից, բայց չի հուսահատվել եւ շարունակել է նկարել…
Ելույթ ունեցողները՝ Երեւանի ժողովրդական արվեստի կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանը, Տեր Հակոբ քահանան, Հայաստանում Կազակակական զորքերի միջազգային ատաման Արսեն Պապյանը, Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչ Սոնա Մարգարյանը, լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի դասախոս Գայանե Առաքելյանը, մտավորական Գայանե Չիլինգարյանը եւ ռեժիսոր Զեփյուռ Սարդարյանը դրվատանքի ջերմ խոսքեր ասացին ազատամարտիկ-գեղանկարչի արվեստի մասին եւ նրա կենսագրությունը բնորոշեցին որպես ինքնատիպ ու հերոսական:
Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լուսանկարը`Սիրարփի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ
Խորագիր՝ #27 (1147) 20.07.2016 - 26.07.2016, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային