ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ. ԶՈՐՔԸ ԶԳՈՆ ՈՒ ՊԱՏՐԱՍՏ Է
Զորամասի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, փոխգնդապետ
Այսօր և միշտ մեր գերակա խնդիրն է ՀՀ պետական սահմանի պահպանությունը: Զորամասում ընթացքի մեջ են մարտական հերթափոխի նախապատրաստական աշխատանքները: Անցկացնում ենք անձնակազմի շարային ստուգատես, հենակետի ավագների և օգնականների հրահանգավորում՝ պահպանություն իրականացնելու ժամանակ մարտական հերթապահությունը ճիշտ և արդյունավետ կազմակերպելու համար:
Արդեն ունենք նորակոչիկ զինվորների համալրում: Համաձայն ծրագրի՝ իրականացնում ենք նորակոչիկների մարտական պատրաստության պարապմունքները: Բոլոր զորակոչիկների հետ անհատական զրույց է անցկացվել թե՛ զորամասի հրամանատարի, թե՛ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալի և թե՛ անմիջական հրամանատարների կողմից: Չունենք այնպիսի զորակոչիկ, որից դժգոհ ենք, կամ որը դժկամությամբ է եկել: Բոլորը առույգ տրամադրությամբ, ոգևորված ժամանել են զորամաս և փորձում են հետևել բոլոր հրահանգներին, բոլոր ցուցումներին, որոնք հետագայում նրանց օգնելու են իրենց ծառայական պարտքը պատվով կատարելու:
Ընդհանրացնելով շփումներից ստացած տպավորությունները՝ կարելի է ասել, որ բոլորն էլ պարկեշտ ընտանիքների զավակներ են: Չունենք թերի կամ խնդրահարույց զինվորներ: Պետք է նշեմ` զորակոչից զորակոչ բոլոր առումներով հետզհետե ավելի ու ավելի լավ, կազմակերպված համալրում ենք ունենում: Դե, իսկ քառօրյա պատերազմի հաղթանակը մեր երիտասարդների համար յուրահատուկ նշանակություն ունեցավ՝ բարձրացրեց բոլորի մարտական ոգին:
Ամփոփելով՝ կարող եմ ասել, որ բոլորն էլ մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ են վերաբերվում մարտական ծառայությանը՝ պատրաստ ցանկացած պահի և իրավիճակում արժանի հակահարված հասցնելու հակառակորդին:
Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #27 (1147) 20.07.2016 - 26.07.2016, Ազգային բանակ