ՀՕՊ ԴԻՎԻԶԻՈՆԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ
Մարտական շատ կարեւոր խնդիրներ են դրված գնդապետ Արմեն Վարդանյանի հրամանատարությամբ գործող հակաօդային պաշտպանության զորամասի ստորաբաժանումների առջեւ։ Դիվիզիոնները, որոնք հաջորդաբար մարտական հերթապահություն են կատարում եւ պահպանում հանրապետության օդային սահմանները, պարտավոր են հնարավոր ագրեսիայի դեպքում ոչնչացնել հակառակորդի օդուժը եւ թույլ չտալ, որ այն մոտենա մեր սահմաններին, սպառնա ազգային բանակի զորամասերին եւ խաղաղ բնակչությանը։ Այս առաջադրանքները հաջողությամբ կատարելու համար զորամասն ունի թե՛ տարբեր նշանակության ու միմյանց լրացնող կայանքներ եւ թե՛ բարձրակարգ մասնագետներ։
Մարտական դիվիզիոններից մեկը, որի հրամանատարությունը բոլորովին վերջերս է ընդունել մայոր Վ. Աթանեսյանը, մարտական հերթապահությանը զուգահեռ հաջողությամբ է կազմակերպել եւ անցկացրել ձմեռային-գարնանային ուսումնական փուլի գործընթացը եւ այժմ, ստանալով անհրաժեշտ համալրում, նախապատրաստվում է հաջորդ ուսումնական փուլին։
Կապիտան Ա. Մանուչարյանը մարտկոցի հրամանատարն է։ Խոսելով դիվիզիոնի հնարավորությունների մասին` նա ասաց.
– Զորատեսակի ղեկավարությունը եւ անձամբ գնդապետ Ա. Վարդանյանն աշխատում են ստորաբաժանումները համալրել մասնագիտորեն լավ պատրաստված կադրերով։ Շատ է կարեւորվում մարտական հաշվարկների մարտավարամասնագիտական, հրթիռակրակային պատրաստության հարցը։ Քննությունները ցույց տվեցին, որ ուսումնական փուլի ընթացքում ճիշտ աշխատանք է տարվել, եւ ստորաբաժանումները լիովին տիրապետում են իրենց տեխնիկային։
ԿՐՏՍԵՐ ՍԵՐԺԱՆՏ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Դիվիզիոնում բանիմաց, պարտաճանաչ, ծառայության կարեւորությունն ու իրենց պատասխանատվությունը գիտակցող զինվորներ շատ կան։ Նրանցից մեկն էլ ջոկի հրամանատար կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանն է։ Նա Արարատի մարզի Մրգավետ գյուղից է, ծնվել է 1991թ.։ Դպրոցն ավարտելուց հետո, 2008թ. Նարեկն ընդունվել է Հայկական պետական ճարտարագիտական համալսարան, երկրորդ կուրսից էլ զորակոչվել է բանակ։ Ուսումնական զորամասում ձեռք բերելով զինվորական մասնագիտություն` նա տեղափոխվել է այստեղ եւ նշանակվել ջոկի հրամանատար։ Նարեկը բռնցքամարտիկ է, առաջին կարգային: 2010թ. մասնակցել է համաբանակային սպարտակիադային եւ գրավել առաջին տեղը, պարգեւատրվել է «Լավագույն մարզիկ» կրծքանշանով։
ՇԱՐՔԱՅԻՆ ՀՐԱՆՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Մարտկոցի հաշվարկներից մեկի հրամանատարն է շարքային Կարապետյանը։ Նա երեւանցի է, ծնվել է 1991թ.։ 2008թ.-ին ավարտելով Լ.Տոլստոյի անվան թիվ 128 միջնակարգ դպոցը, Հրանտն ընդունվել է պետական տնտեսագիտական համալսարան։ Նա նաեւ կարատեիստ է, ունի սեւ գոտու առաջին դանի վարպետության կարգ, եղել է Երեւան քաղաքի եւ հանրապետության չեմպիոն։
Խոսելով հաշվարկի մասին` շարքային Հ. Կարապետյանն ասաց.
-Նշանառուն Արմեն Սարգսյանն է, լիցքավորողը՝ Հակոբ Աբրահամյանը, հաշվարկի համարներն են Ռուբեն Ֆրղոյանը եւ վարորդ Հարություն Խաչատրյանը։ Այս տարի այս կազմով մասնակցել ենք զորավարժության եւ հինգ հնարավորից կատարել հինգ խոցում ու ստացել «գերազանց» գնահատական, արժանացել ենք զորամասի հրամանատարի գովեստին։ Մենք շատ համախմբված ենք, եւ ես վստահ եմ, որ հաշվարկն ի վիճակի է անհրաժետության դեպքում հաջողությամբ կատարելու մարտական առաջադրանքները։
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՇՎԱՐԿԸ
Ապրիլ ամսին տեղի ունեցած զորավարժության ժամանակ բոլոր առաջադրանքները բարձր ցուցանիշներով կատարել եւ կրկին լավագույն հաշվարկ է ճանաչվել ավագ Խաչիկ Ղազարյանի մարտական մեքենայի անձնակազմը։ Խաչիկը հրազդանցի է, զորակոչվել է 2009-ին` Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո։
-Այստեղ` մարտական դիվիզիոնում ծառայելու ժամանակ երեք զորավարժության եմ մասնակցել, եւ միշտ իմ ղեկավարած հաշվարկները «գերազանց» գնահատական ստացել են,- ասաց նա։
ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱ ՄԻՀՐԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Դիվիզիոնի ավագն է, ծնվել է 1966թ. Գորիսում։ 1984թ. Միհրանն ավարտել է թիվ 5 դպրոցը, մեկ տարի անց զորակոչվել բանակ։ 1987-ին զորացրվել է եւ աշխատել «Միկրոշարժիչ» գործարանում։ 1992թ. ազգային բանակում է, սկզբում եղել է դիվիզիոնի կապի պետ, այնուհետեւ նշանակվել է ավագ։ Նա երեք որդու հայր է։ Տղաներից երկուսը ծառայում են առաջնագծի զորամասերից մեկում։ Մեր զրույցի պահին նա սպասում էր մեծի՝ Արման Հովսեփյանի վերադարձին։ Փոքրը՝ Արամայիսը, վեց ամիս առաջ է զորակոչվել, եւ դեռ ծառայության մեծ մասն առջեւում է։
Տղաներիցս գոհ եմ, ուսում սիրող են, Իշխանն ու Արամայիսը Երեւանի պետական համալսարանի Գորիսի մասնաճյուղում են սովորում, իսկ Արմանը՝ Երեւանի Մովսես Խորենացու անվան համալսարանի ուսանող է։
Ծառայության տարիների ընթացքում ավագ ենթասպա Մ. Հովսեփյանը բազմաթիվ պատվոգրերի, շնորհակալագրերի, դրամական պարգեւի է արժանացել։ Գոհ է, որ ճակատագիրն իրեն կապել է ազգային բանակի հետ։
-Ես զինվորների հոգսերը հոգում եմ այնպես, ինչպես կցանկանայի, որ ուրիշներն իմ որդիներինը հոգային։ Բոլոր զինվորների մեջ ես իմ տղաներին եմ տեսնում։
ԲՈՒԺՔՈՒՅՐ ԱՆՆԱՆ
Դիվիզիոնի բուժքույրը ենթասպա Աննա Զաքարյանն է։ Նա Հալիձոր գյուղից է։ Ութերորդ դասարանն ավարտելուց հետո Աննան ընդունվել է Կապանի բժշկական քոլեջը, որն ավարտելուց հետո աշխատել է Տաթեւի առողջարանում։ 1996թ. նա անցել է զինվորական ծառայության: 2005-ին տեղափոխվել է ՀՕՊ դիվիզիոն։ Բուժքույր Աննան չորս երեխայի մայր է, նրանցից երեքը սովորում են մայրաքաղաքի տարբեր ուսումնական հաստատություններում։ Տղաներից մեծը՝ Մուրադ Թեւոսյանը, աշնանը զորակոչվելու է։ Աննայի ամուսինը՝ ենթասպա Ռուդիկ Թեւոսյանը, դիվիզիոնի տեխնիկն է։ Նա պարգեւատրվել է առաջին աստիճանի «Անբասիր ծառայության» եւ ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» մեդալներով։
ՊԼԱՆՇԵՏԱՎԱՐՆԵՐԸ
Շարքային Անդրանիկ Նադիրյանը ավագ պլանշետավար է։ Նա քսանմեկ տարեկան է։ Անդրանիկը յոթ տարեկան է եղել, երբ նրանց ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։
– Սովորել եմ Մոսկվայի թիվ 644 միջնակարգ դպրոցում։ 2008-ին ընդունվել եմ պետական իրավաբանական ինստիտուտի մաքսային աշխատանքների ֆակուլտետը։ Մեկուկես տարի առաջ վերադարձա Հայաստան, որպեսզի զինվորական պարտքս կատարեմ։ Զորացրվելուց հետո կվերադառնամ եւ կշարունակեմ ուսումս։
Բարեխիղճ ծառայության համար Անդրանիկը խրախուսվել է թանկարժեք նվերով։
♦♦♦
Շարքային Աղասի Կարապետյանը օպերատոր-պլանշետավար է։ Նա աշտարակցի է, քսան տարեկան։ 2007-ին ավարտելով Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 դպրոցը, Աղասին ընդունվել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարան։ Զորակոչվել է 2009թ. աշնանը։
-Ծառայությունը դժվար չէ, բայց պատասխանատվությունը շատ մեծ է, ամեն ինչ արձանագրում եւ զեկուցում ենք, նաեւ տարբեր առաջադրանքների միջոցով ստուգվում է մեր զգոնությունը։
ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԸ
Շարքային Սողոմոն Գրիգորյանը նշանառու-օպերատոր ու ջոկի հրամանատար է։ Ծնունդով Վարդենիսից է, տասնինը տարեկան, սովորում է ճարտարագիտական համալսարանի ռադիոտեխնիկական ֆակուլտետում։ Ծառայության ընթացքում մասնակցել է երեք զորավարժության։
– Մարզումների ժամանակ մենք հայտնաբերում եւ ուղեկցում ենք թիրախները, ապա սպասում հրամանի։
♦♦♦
Եֆրեյտոր Աշոտ Սամվելյանը ավագ օպերատոր է։ Մեղրեցի երիտասարդը Հայկական պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետի ուսանող է։ Ծառայության մեկուկես տարիների ընթացքում չորս զորավարժության է մասնակցել եւ արժանացել տարբեր խրախուսանքների։
Շարքային Հակոբ Հազեյանն էլ հեռավորության օպերատոր է։ Մարտունեցի է, ՀՊՃՀ կիրառական մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող։
♦♦♦
Դիվիզիոնի լավագույն վարորդ է ճանաչվել շարքային Տիգրան Տիգրանյանը։ Նա Էջմիածնից է, զորակոչվել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետի երկրորդ կուրսից։ Տիգրանն արդեն ծառայել է մեկուկես տարի եւ մասնակել չորս զորավարժության, խրախուսվել է տարբեր պարգեւներով։
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ