ԹՇՆԱՄՈՒ ԲԱՆԱԿԸ
♦ Պաշտպանության բանակի սպա. «Հակառակորդը կրակում է վախից»:
♦ Ադրբեջանցի զինվորը՝ տնեցիներին.«Շտապ ուղարկեք «ոջիլի դեղ»…»:
♦ «Ազադլիգ». «Իլհամ Ալիեւը չի հավատում իր բանակին»:
ԼՂՀ պաշտպանության բանակի մայոր Օնիկ Գրիգորյանը Լեռնային Ղարաբաղի հանրային հեռուստատեսությամբ վերջերս հայտարարեց. «Որպես առաջին գծում երկար ժամանակ ծառայած սպա՝ ես հասկացել եմ, որ հակառակորդը կրակում է հիմնականում վախից, ավելի հաճախ՝ գիշերը: Իսկ մենք վախենալու ոչինչ չունենք. մեր դիմաց նույն բարոյալքված հակառակորդն է, մանավանդ որ մենք գիտենք, թե այսօր ինչ է կատարվում ադրբեջանական բանակում» (http://www.regnum.ru/news/1415594.html):
Իսկ ի՞նչ է կատարվում այնտեղ: Այս հարցին պատասխանելու համար ներկայացնենք վերջին ամիսներին ադրբեջանական բանակում տեղի ունեցած արտակարգ պատահարների ժամանակագրությունը՝ ըստ բաց աղբյուրների տվյալների:
Հունիսի 20. Նավթալանի շրջանի զորամասերից մեկում կախվելու միջոցով ինքնասպան է եղել ավագ լեյտենանտ Անար Մագերամովը:
Հունիսի 19. Ղազախի շրջանի զորամասերից մեկում ինքնասպանության փորձ է արել զինծառայող Ֆիքրեթ Գումբատովը: Նրա վիճակը ծանր է:
Հունիսի 16. Թովուզի շրջանի զորամասի շարքային Մարդան Բաշիրովը վիճել է ծառայակից Վյուսալ Ալիզադեի հետ եւ դիպուկահար հրացանով սպանել:
Աղստաֆայի շրջանի զորամասում կրտսեր սերժանտ Քյանան Մուրադովը առանց պետհամարանիշի մոտոցիկլետ վարելիս վթարի է ենթարկվել ու մահացել:
Հունիսի 10. Թարթառի շրջանի զորամասում վիճել են պահակակետում հերթապահող զինվոր Ալխան Աղարահիմովը եւ երկու զինվոր: Վեճը վերածվել է ծեծկռտուքի, ապա՝ փոխհրաձգության, որի հետեւանքով երկու զինվոր մահացել է:
Հունիսի 7. Վթարի է ենթարկվել ավագ լեյտենանտ Ռուֆատ Ալիեւի «Մերսեդես 180» ավտոմեքենան, ինչի հետեւանքով նա եւ զինծառայողներ Իսմայիլ Բադալովն ու Սեհավետ Ֆարզալիեւը վիրավորվել են:
Մայիսի 23. 9 տարվա ազատազրկման դատապարտվեց Շամխորի զորամիավորման փոխգնդապետ Սեյմուր Էյուբովը: Մեղադրանքը՝ կաշառակերություն, կամայականություն եւ ինքնասպանության հասցնել:
Մայիսի 22. ԼՂՀ ՊԲ մարտիկները ոչնչացրել են Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահար Ֆարիդ Ֆարաջեւին:
Մայիսի 20. ԼՂՀ ՊԲ մարտիկները ոչնչացրել են Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահար Ռահման Մամեդովին: Ընդ որում, թե՛ Ֆարաջեւը, թե՛ Մամեդովը խոցվել են կոկորդից: Ըստ «voskanapat.info» կայքի իրազեկ աղբյուրների՝ հենց Ռահման Մամեդովն էր ապրիլի 28-ին սպանել հայ մարտիկ Վազգեն Բախշյանին:
Մայիսի 19. Մինգեչաուրի շրջանում զինծառայողներին տեղափոխող ավտոբուսից ընթացքի ժամանակ դուրս է թռել զինվորներից մեկը եւ ծանր վնասվածքներ ստացել: Ենթադրվում է, որ դա ինքնասպանության փորձ է եղել:
Ադրբեջանական «pia.az»-ը գրեց, որ Սումգայիթի քաղաքապետը ֆինանսական միջոցները տնտեսելու նպատակով զինվորներին ճորտի նման բանեցնում է քաղաքի զբոսայգիներում նորոգման աշխատանքներ կատարելիս եւ նույնիսկ ճաշ չի տալիս:
Մայիսի 18. Նախիջեւանի զորամասերից մեկի կրտսեր սերժանտ Էլվին Ալիեւը սպանել է իր ծառայակից Թոֆիկ Աբդուլաեւին եւ հետո ինքնասպան եղել:
Մայիսի 17. Գյանջայի զորամասի զինծառայող Աքբեր Դամիրովը մարտական դիրքում գտնվելիս գնդակահարել եւ սպանել է ծառայակից Խագանի Ալլահվերդիեւին:
Մայիսի 14. Շամխորի զորամիավորման զորամասերից մեկի զինծառայող Սեյմուր Գադիրովը մահացել է կայծակի հարվածից:
Նախիջեւանի զորամասի զինծառայող Օսման Ալիեւը մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով: Ադրբեջանական սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ պատահարի պատճառը նույնպես կայծակն է եղել: Չի բացառվում, որ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունն այդ կերպ փորձում է սեփական հասարակությունից թաքցնել հայկական կողմի պատժիչ գործողությունների արդյունքում իր դիպուկահարների կորուստը:
Մայիսի 4. Ձերբակալվեց ադրբեջանա-ղարաբաղյան շփման գոտում տեղակայված ադրբեջանական զորամասերից մեկի հրամանատար փոխգնդապետ Զաուր Մեմմեդովը: Մեղադրանքը՝ կոռուպցիա: Ըստ «Ենի մուսավաթի»՝ առաջիկայում Մեմմեդովի ճակատագրին արժանանալու են մի շարք զորամասերի հրամանատարներ եւս:
Ապրիլի 27. Ենթասպա Ալիբաբա Վալիպուրան ձերբակալվել է հերոին տեսակի թմրանյութ պահելու համար:
Ապրիլի 26. Հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինվորական դատախազությունը զանգվածային օրինախախտումներ, ապօրինություններ ու կամայականություններ է հայտնաբերել մի շարք զինկոմիսարիատներում, ձերբակալվել են Բինագադիի, Սուրախանի, իսկ առաջիկայում պետք է ձերբակալվեն Հաթայի (Բաքու), Քյափազի (Գյանջա), Սումգայիթի, Լենքորանի եւ Աղդամի շրջանների զինկոմները: Ընդ որում, ըստ «Բիզիմ յոլի»՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Ս.Աբիեւը փորձել է զինկոմներին «փրկել», բայց զինդատախազը չի հարգել նրա խնդրանքը:
Արդեն ապրիլի 29-ին հայտնի դարձավ Սուրախանի շրջանի զինկոմիսարիատի եւս մի աշխատակցի՝ զորակոչի բաժանմունքից Մերբուդ Մամեդովի (մեղադրանքը՝ կաշառակերություն), իսկ մայիսի 19-ին՝ Սումգայիթ քաղաքի զինկոմ գնդապետ Սամիր Մամեդովի (մեղադրանքը՝ կոռուպցիա) ձերբակալությունը:
Ապրիլի 25. ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը հայտարարեց, որ ադրբեջանական ինքնաթիռները, որոնք պարբերաբար թռչում են ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի երկայնքով, երբեմն անհաջող վայրէջք են կատարում: Դա վկայում է օդաչուների պատրաստվածության ցածր մակարդակը:
Ապրիլի 22. Աղդամի շրջանում հրազենի վնասվածք ստացավ սերժանտ Անար Սուլեյմանովը:
Ապրիլի 21. Շամխորի շրջանի զորամասում սրտի նոպայից մահացավ զինծառայող Էլչին Քերիմբեյլին:
Ապրիլի 20. Խաջավենդի շրջանում հրազենային վնասվածք ստացան զինվորներ Ֆազիլ Աբդուլաեւը եւ Էլշան Նազարովը:
Գյանջայում զինծառայող Նահիդ Հաջիեւի կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների կոպիտ խախտման հետեւանքով տեղի ունեցած ավտովթարից տուժեց 6 մարդ, այդ թվում՝ Հաջիեւը:
Ապրիլի 19. Նախիջեւանի զորամասերից մեկում մահացավ Օրդուբադից զորակոչված նորակոչիկ Օրհան Բաբաեւը: Ադրբեջանի հանրապետական զինկոմիսարիատի օպերատիվ հերթապահը «Զերկալո» թերթին հայտարարեց, որ իրենք չէին կարող զորակոչել հիվանդ մարդու, իսկ ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը կատարվածի համար մեղադրեց զորամասի հրամանատարին:
Ապրիլի 12. «faktxeber.com»-ը գրեց. «Մեր աշխատակիցներից մեկը Նովրուզի տոնի առթիվ քաղցրավենիք էր ուղարկել բանակում ծառայող որդուն: Վերջինս հաջորդ օրը զանգահարել է եւ ասել, որ քաղցրավենիքի փոխարեն լավ կլիներ` «ոջիլի դեղ» ուղարկեր, որովհետեւ ամբողջ զորամասը ոջիլի մեջ կորած է»:
Ադրբեջանական «Ազադլիգը» գրում է, որ վերջերս Իլհամ Ալիեւի հանձնարարությամբ բանակում համատարած ֆինանսական ստուգումներ եւ հետաքննություն է կատարվում: Թերթն այս վիճակը հակադրում է Ալիեւի ռազմատենչ հայտարարություններին եւ գրում. «Երեւում է՝ պատերազմական ամբողջ հռետորաբանությունը, ինչպես եւ ենթադրվում էր, բլեֆ է եղել, եւ Իլհամ Ալիեւը չի հավատում Ադրբեջանի զինված ուժերին: Նման մթնոլորտում պատերազմի մասին խոսելն անիմաստ է»:
Ըստ «Բիզիմ յոլի»՝ նշված ստուգումների եւ զինկոմների ձերբակալությունների հողի վրա վերջերս խիստ լարվել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի եւ ԶՈՒ ԳՇ պետ Նեջմեդդին Սադիգովի հարաբերությունները: Վերջինիս աջակցում է գլխավոր դատախազ Խանլար Վելիեւը: Թերթը գրում է, որ Բաքվում Աբիեւն ու Սադիգովը բնակվում էին կողք կողքի գտնվող ամառանոցներում, սակայն վերջերս Սադիգովը փոխել է բնակության վայրը: Թերթը դա համարում է երկու գեներալների փոխադարձ հակակրանքի դրսեւորում:
Ահա այս բանակն է մեր հակառակորդը, այս բանակի հրամանատարն է սպառնում պատերազմ սկսել Արցախի եւ Հայաստանի դեմ: ԼՂՀ ՊԲ սպաները հավաստիացնում են, որ ՊԲ զինծառայողները աչալրջորեն են կատարում մարտական հերթապահությունը եւ պատրաստ են ցանկացած պահի կասեցնել հակառակորդի հարձակումը կամ կանխել դիվերսիոն-հետախուզական խմբի թափանցումը:
«Մենք արդեն ապացուցել ենք, որ պատրաստ ենք խրամատում կանգնել 20 տարի, եթե պետք է՝ 50 կամ 100 տարի, միայն թե հասնենք մեր նպատակին՝ մեր երկրի անկախությանն ու անվտանգությանը»,- ասում է մայոր Օ.Գրիգորյանը:
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ