Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ



ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 20-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՊՆ ՌՈ վարչությունում, որի ընթացքում ռազմական ոստիկանության ղեկավար կազմի հետ ամփոփվել են 2016 թ. առաջին կիսամյակում ՌՈ համակարգի կատարած աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

Զեկույցներով հանդես են եկել ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանը, ՊՆ ռազմական ոստիկանության շտաբի պետ, գնդապետ Արմեն Մնացականյանը, ՌՈ պետի տեղակալներ, գնդապետներ Արամ Բաղդասարյանը և Ստանիսլավ Հովհաննիսյանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել  հաշվետու ժամանակահատվածում զորամասերում հանցագործությունների և պատահարների նվազեցման և այլ ուղղություններով իրականացված աշխատանքների արդյունքները:  Այդ աշխատանքները նպատակաուղղված են եղել զինված ուժերում կարգապահության ամրապնդմանը, հանցագործությունների կանխարգելմանը, կանխմանն ու բացահայտմանը, ինչպես նաև կանոնադրային հարաբերությունների վրա բացասաբար ազդող հանգամանքների ու պատճառների վերհանմանը: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև առաջիկա  աշխատանքների կազմակերպման գերակա ուղղությունները: Դրանք են՝ զորամասերում միջանձնային կանոնադրային հարաբերությունների պահպանումը, զորամասերում արատավոր բարքերի ներթափանցման կանխումը, հանցագործությունների դեմ պայքարը, կանխարգելիչ ու դաստիարակչական նախաձեռնությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքները:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանը՝ ներկայացնելով 2016 թ. առաջին կիսամյակի ընթացքում ռազմական ոստիկանության կատարած աշխատանքի արդյունքները, մատնանշել է դրական ձեռքբերումներն ու առկա թերությունների վերացման ուղիները: Սամվել Ղուկասյանը շեշտել է, որ լուրջ աշխատանքներ են տարվել զորակոչի թափանցիկության ապահովման ուղղությամբ: Ռազմավարական մարտավարության, օպերատիվ միջոցառումների և ռազմական ոստիկանության գործունեության ոլորտում առաջավոր երկրների  փորձի ներդրման շնորհիվ նվազել են ծանր հանցագործություններն ու խախտումները, կոռուպցիոն ռիսկեր պարունակող դեպքերը,  ամրապնդվել են  բարեվարքության կանոնները:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է զորամասերի հրամանատարության հետ շարունակական աշխատանքը, քանի որ զինվորական կարգապահության որակական առաջընթաց կարելի է ապահովել միայն այն դեպքում, երբ հրամանատարների հետ համատեղ աշխատանքների արդյունքում զինծառայողների համար ստեղծվի ծառայողական առողջ մթնոլորտ:

ՌՈ հետագա գործունեությունն ու հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու նպատակով Սեյրան Օհանյանը տվել է համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

Խորագիր՝ Նորություններ


21/07/2016