ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԳԵՐԴԱՍՏԱՆՆԵՐ
ԵՆԻԿՈԼՈՓՅԱՆՆԵՐԸ
Հայոց հին ազնվական տոհմերից էին Ենիկոլոփյանները, որոնք, ըստ ավանդության, սերում էին Տարոնի Մամիկոնյաններից։ Տոհմի նախահայրը Զուրաբ Մամիկոնյանն էր, որը տիրապետում էր մի շարք լեզուների եւ թարգմանչի պաշտոն էր վարում վրացական արքունիքում (17-րդ դար)։ Այստեղից էլ ծագում է տոհմանունը՝ Էնիկոլոփ, որը վրացերեն նշանակում է «լեզվի տոպրակ» (տուփ)։
Ենիկոլոփյանները բազմաթիվ նշանավոր մարդիկ են տվել։ Րաֆֆին իր «Գաղտնիք Ղարաբաղի» պատմական ուսումնասիրության մեջ խոսում է նրանցից երկուսի՝ Մանուչար խանի եւ Սոլեյման խանի մասին։
Այսպիսի մի պատմություն է կապված նրանց հետ. 1795թ. սեպտեմբերին պարսից Աղա-Մամադ շահը արշավում է Թիֆլիս, ավերակ դարձնում եւ 12 հազար գերիների բազմությամբ վերադառնում Պարսկաստան։ Նրանց մեջ էր նաեւ պատանի Մանուչարը։ Ի ծնե լինելով խելացի եւ քաջակորով՝ շուտով նա արժանանում է շահի ուշադրությանն ու համակրանքին, կարեւոր դիրք գրավում արքունիքում։ Նա վարել է Պարսկաստանի հարավային նահանգների՝ Գիլանի, Մազանդարանի փոխարքայի պաշտոնը, եղել նաեւ Սպահանի եւ ամբողջ պարսկական Արաբստանի փոխարքան։ Երկրին մատուցած ծառայությունների համար Մանուչար խանը ստացել է բարձրագույն տիտղոս՝ «Մոհթամեդ դովլե», որը թարգմանաբար նշանակում է պետության նեցուկ կամ սյուն։
Վարելով բարձր պաշտոններ՝ Մանուչար խանը արժանի հիղինակություն է վայելել նաեւ այլ երկրների իշխանավորների առաջ՝ հաճախ մասնակցելով դիվանագիտական բանակցությունների։ Րաֆֆին իր վերոհիշյալ աշխատության մեջ բերում է այսպիսի ուշագրավ մի փաստ. ի նշան հարգանքի՝ ռուսաց թագավորը Մանուչար խանին է ուղարկում մի թանկագին ականակուռ դաշույն, որը նրան պետք է հանձներ Պարսկաստանում Ռուսաստանի լիազոր դեսպան կոմս Մեդդեմը։ Ցավոք, մինչ դեսպանը պատրաստվում էր նվերը հանդիսավորապես մատուցել Մանուչար խանին, վերջինս հանկարծակի կնքում է իր մահկանացուն։ Դա 1847 թվականին էր։
Պարսկաստանի նշանավոր զորավարներից եւ պետական գործիչներից էր Սուլեյման խանը, որը նույնպես Ենիկոլոփյանների տոհմից էր, երկար տարիներ վարել է Շիրազի, Բակարիայի, Լոռիստանի, Շուշթերի եւ Դասֆուլի փոխարքայի պաշտոնները։ Իր տոհմակից Մանուչարի նման Սուլեյմանը նույնպես արժանացել է շահի շնորհած բարձր տիտղոսին՝ «Սամը դովլե», որը թարգմանաբար նշանակում է պետության սուր։
Պարսկաստանում պետական բարձր պաշտոններ են զբաղեցրել Ենիկոլոփյանների այլ ներկայացուցիչներ եւս՝ Միրզա Ռոստոմը, Աղալո (Աղալար) խանը եւ ուրիշներ։
Պարսից Աղա-Մամադ շահի թիֆլիսյան արշավանքից հետո Վրաստանում մնացած Ենիկոլոփյանները նույնպես անվանի շատ մարդիկ են տվել։ Տոհմի նախահայր Զուրաբ Մամիկոնյանի նման վրացական արքունիքում ժառանգաբար վարել են թարգմանչի պաշտոնը, գործուն մասնակցություն են ունեցել Վրաստանի` այլ երկրների հետ վարվող դիվանագիտական բանակցություններին։ Պաշտոնական թարգմանչի իրենց առաքելությունը Ենիկոլոփյանները շարունակել են Վրաստանը Ռուսաստանին միավորվելուց հետո նույնպես՝ մեծ հեղինակություն վայելելով ռուսական արքունիքում։ Դրան, անշուշտ, նպաստել է լեզուների իմացությունը՝ հայերենից բացի նրանք տիրապետել են վրացերենին, ռուսերենին, պարսկերենին, թուրքերենին։ Մեկ անգամ չէ, որ տոհմի ներկայացուցիչները ռուսական կառավարության հանձնարարականներով պետական կարեւոր առաքելություն են իրականացրել Թուրքիայում եւ Պարսկաստանում, աչքի ընկել որպես հմուտ դիվանագետներ։ Հետագայում տոհմը ճյուղավորվել է, կորցրել տոհմական շատ ավանդություններ, այնուամենայնիվ՝ նրա վաղեմի համբավը մնացել է պատմության մեջ։
Ն.ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Խորագիր՝ #24 (889) 22.06.2011 – 29.06.2011, Պատմության էջերից