Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉՏՐՈՐԵ՛Ք ԿԱՊՈՒՅՏ ՏԵՐԵՓՈՒԿԸ



Ես զինվորականի ընտանիքում եմ մեծացել։ Հայրս՝ Մաթեւոս Ղազարյանը, պատերազմի տարիներին Երեւան քաղաքի պաշտպանության շտաբի պետն էր, աշխարհազորային առաջին գումարտակի հրամանատարը։ Նա, որպես իսկական եւ նվիրյալ զինվորական, մեկնեց ռազմաճակատ։ Ես էլ այդ ժամանակ ընդունվել էի Կրասնոդարի ականանետային-գնդացրային ուսումնարան, որտեղից էլ կամավոր մեկնեցի ճակատ։ Կռվեցի Դոնբասում։ Դաժան բան է պատերազմը. տառապանք, ցավ, մաքառում, սխրանքներ, անթիվ-անհամար զոհեր ու… հաղթանակ։

Պատերազմից հետո երկիրը կրկին շենացավ, ավերված տների փոխարեն նորերը կառուցվեցին, կյանքն ընկավ բնական հունի մեջ։ Անդառնալի էին միայն մարդկային կորուստները, որ ավերակ թողեց զոհվածների հարազատների հոգիները…

Փորձում էի մոռանալ պատերազմի մղձավանջը, բայց որքան էլ ջանում էի, զարմանալի է, նույն ջանասիրությամբ միայն ավելացնում էի պատերազմի մասին պատմող գրքերի, հոդվածների, լուսանկարների իմ ժողովածուն։ Պատերազմը երբեք հիշողություն չդարձավ, այն մինչ օրս էլ մխում է սրտումս, ալեկոծում հոգիս, փոթորկում։ Պատերազմի գեհենով անցած մարդու համար պատերազմը երբեք հիշողություն չի դառնա։ Պատերազմից հետո արվեստի բազմաթիվ բարձրարժեք գործեր ստեղծվեցին, որոնց գաղափարը մեկն էր` հիշե՛ք պատերազմը, որ այլեւս չկրկնվի։

Խորհրդային Միության տարբեր վայրերում եմ եղել, տեսել եմ պատերազմական թեմաներով բազմաթիվ քանդակներ, հուշակոթողներ, համալիրներ, բայց ամենից շատ մեջս տպավորվել է Վոլգոգրադի հուշահամալիրից մի դրվագ. աղջնակի արձանը, կողքին նամակ` եռանկյունի թուղթ-քարի վրա. «Իմ սեւաչյա Միլա։ Ուղարկում եմ քեզ կապույտ տերեփուկը։ Պատկերացրու` մարտ է, պայթում են թշնամիների ռումբերը, շուրջբոլորը ռմբափոսեր են, եւ այստեղ, այս ամենի կողքին ծաղիկ է։ Եվ հանկարծ հերթական պայթյունը։ Ծաղիկը, որ ձգվել էր դեպի արեւը, պոկվեց պայթյունի ալիքից։ Ես այն վերցրի եւ դրեցի գիմնաստյորկայիս գրպանը։ Եթե չվերցնեի, ծաղիկը կտրորեին։

Միլա, Դիմա հայրիկդ կկռվի ֆաշիստների դեմ մինչեւ արյան վերջին կաթիլը, մինչեւ վերջին շունչը, որպեսզի ֆաշիստները քեզ հետ չվարվեն այս ծաղկի պես»։

… Տարիներ են անցել, սակայն էլի հուզվում եմ, երբ հիշում եմ այս տողերը։ Կապույտ տերեփուկն ինձ համար խաղաղության խորհրդանիշ է, հիշեցնում է կապույտ ու խաղաղ երկինք։ Ես` պատերազմի դառնությունը ճաշակած վետերանս, անչափ կարեւորում եմ խաղաղությունը։ Խաղաղություն թե լինի, մնացած ամեն ինչ կլինի։

Դիմում եմ մեր սահմաններին անառիկ կանգնած տղաներին. «Սիրելի՛ զինվորներ, հայոց բանակի քաջազուն մարտիկներ, ամուր եղեք, միասնական, ուժեղ, այնքան ամուր եւ հզոր, որ մեր թշնամին մտքում անգամ չհանդգնի ոտք դնել մեր սուրբ հողին, ու բնության մեջ թող մի ծաղիկ անգամ չտրորվի թշնամու ոտքի տակ»։

Ես արվեստի մարդ եմ, շատ կցանկանայի, որ արվեստի բոլոր գործերը նվիրվեին միայն ու միայն խաղաղությանը։

ՍՈՒՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ
Հայրենական մեծ պատերազմի վետերան,
Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ

Խորագիր՝ #24 (889) 22.06.2011 – 29.06.2011, Բանակ և հասարակություն


29/06/2011