Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ



Հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատարական կազմին է ներկայացվել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Գրիգորի  Խաչատուրովը:

Զորամիավորման հրամանատարական կազմի և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված միջոցառման ընթացքում բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Խաչատուրովը շեշտել է, որ պատվաբեր է ստանձնել լավագույն բանակային զորամիավորումներից մեկի հրամանատարի պաշտոնը և վստահեցրել, որ ԲԿ-ի հրամանատարական կազմը շարունակելու է նույն եռանդով և նվիրումով ծառայել ի շահ ազգային բանակի:

Շնորհակալություն հայտնելով ներկաներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ զորամիավորման նախկին հրամանատար, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել զորամիավորման անձնակազմին և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներին` համատեղ աշխատանքի և փոխգործակցության համար: Շեշտվել է, որ անցած տարիներին զգալիորեն ամրապնդվել է զորամիավորման ենթակա ստորաբաժանումների մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության իրականացման, շտաբների օպերատիվ և մարտական պատրաստության մակարդակը:

Միջոցառման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել զորամիավորման հրամանատարական կազմի և ենթակա ստորաբաժանումների պատրաստվածությունը և համոզմունք է հայտնել, որ զորամիավորման ստորաբաժանումները միասնական ուժերով կշարունակեն կատարել առաջադրված մարտական խնդիրները:

Խորագիր՝ Նորություններ


25/07/2016