Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՄԻ ԸՆՏԱՆԻՔ ԵՆՔ



ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՄԻ ԸՆՏԱՆԻՔ ԵՆՔՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ հուլիս ամսին մեկնարկած ծրագրով ռազմական համալսարանների 101 կուրսանտներ կցագրվել են ապրիլյան քառօրյա պատերազմում 101 զոհվածների ընտանիքներին՝  նրանց ըստ ամենայնի նեցուկ լինելու նպատակով: Կուրսանտներն այցելում են զոհվածների ընտանիքներին, զրուցում, տեղեկանում նրանց խնդիրներին, սփոփանքի խոսքեր ասում և, ինչով հնարավոր է, օժանդակություն ցուցաբերում: Այցելությունների ընթացքում նրանց ուղեկցում են նաև ազատամարտիկները, որոնք հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարել են Արցախյան ճակատում:

 

Պատերազմում զոհված յուրաքանչյուր զինվորի կիսատ մնացած կյանքի ետևում մի չգրված էջ կա` մի ճակատագիր, որի մասին, ցավոք, մինչև ապրիլյան չարաբաստիկ օրերը քիչ բան գիտեինք, հաճախ՝ ոչինչ:

Այսօր մենք փորձում ենք հատիկ առ հատիկ ծանոթանալ մեր այն հերոսներին, նրանց սխրանքներին, որոնք հայրենիքը և մեզ՝ թիկունքում գտնվողներիս, վստահորեն պաշտպանեցին այդ դժվար օրերին…

Շարքային Կարեն Դավթյանը պայմանագրային հիմունքներով շուրջ 13 տարի ծառայել էր խստաշունչ Օմարի լեռնանցքի զորամասերից մեկում: Սերժանտի կոչման էր ներկայացվել: Սակայն ճակատագրի հեգնանքով հրամանը տեղ է հասնում հենց այն օրը, երբ սահմանապահ զինվորը լուսաբացին, մարտական առաջադրանքը կատարելիս, զոհ էր գնացել բնության մոլեգնող տարերքին:  Իսկ տանը զինվորին սպասում էին կինը, երկու երեխաները՝ չորսամյա Անին և մեկ ու կես տարեկան Արգիշտին…

Պատմում է կինը՝ Մարինե Հովակիմյանը.

-Ինքնակամ գնաց ծառայելու. նախ և առաջ՝ հայրենասիրությունն էր նրան  մղում առաջնագիծ, և հետո` իհարկե ընտանիքի կարիքները հոգալու խնդիրը: Իր պարտականությունը սահմանը պահելն էր: Շատ ուրախ էր զորամաս գնում, զգում էի, որ շատ է սիրում իր գործը: Ճամփու դնելիս, երբ հուզվում էի, սաստում էր՝ «Լացը լաց է բերում, մի՛ լացի, Մարինե՛ ջան»: Միշտ կոկիկ` պայուսակի մեջ բոլոր իրերը խնամքով ծալված, մաքուր: Երբեք գլխի չէիք ընկնի, թե ինչ դժվար պայմաններում էր ծառայում: Չափից դուրս աշխատասեր էր: Արձակուրդի օրերին էլ չէինք կարողանում կարգին կարոտներս առնել. ամբողջ օրն աշխատում էր հացի փռում: Զորամաս գնալիս, երբ Անիս ետևից լացում էր, ասում էր. «Գնամ, հացիկը թխեմ՝ գամ, Անի ջան»: Մինչև տուն գալը  հարցնում էր՝ «Ի՞նչ բերեմ քեզ համար, աղջիկս»: «Էն համով հացիկից, պա՛պ»,- ասում էր: Հիմա նա դեռ սպասում է պապայի վերադարձին, հարցնում է ինձ. «Մա՛մ, էդ պուճուրիկ հացը էս ինչքա՞ն երկար է թխվում…»:

Պատմելու ընթացքում Մարինեն ստեպ-ստեպ Կարենի հետ ծառայած տղաների խոսքերից մեջբերումներ է անում՝ «Վստահելի մարդ էր, անվախ, քաջ»,  «Լավ «չոլի» ընկեր էր»: Հետո նորից Կարենից է խոսում.

-Եղբորս, տեգրոջս հետ նույն զորամասում էին ծառայում:  Քանի՜ անգամ են իրար կյանք փրկել: Չորս անգամ լուրջ վտանգի են ենթարկվել: Մի անգամ արկն ուղիղ Կարենի մոտ է պայթել, բայց ոչինչ չի եղել: Աստված պահել է: Մի ուրիշ անգամ էլ զինվորականներով լիքը մեքենայով վթարի է ենթարկվել, սակայն էլի ոչ ոքի ոչ մի վնաս չի եղել:  Երբեք չէր դժգոհում, միշտ ասում էր. «Ամեն ինչ լավ է: Մի՛ անհանգստանա, ինձ բան չի պատահի: Ինչ էլ լինի՝ ողջ ու առողջ կվերադառնամ»:

Ապրիլի 3-ին Կարենը տուն է զանգահարում. «Մա՛ր ջան, կապը լավ չի, հետո կզանգեմ»: Չի զանգահարում: Հաջորդ օրը՝ մարտական առաջադրանք կատարելիս, Կարեն Դավթյանն ընկնում է ձնահյուսի մեջ և կնքում մահկանացուն:

Հերոսը հետմահու արժանանում է «Մարտական ծառայության համար» մեդալի:

Թերթի խմբագրություն եկած կնոջ՝ Մարինեի աչքերը չեն ցամաքում: Իսկ նա եկել է, որ շնորհակալություն հայտնի բոլոր նրանց, ովքեր իրեն մենակ չեն թողել, վշտի մեջ ապրող ընտանիքին ուշադրությամբ ու հոգատարությամբ են շրջապատել: Բազմաթիվ անհատների ու կազմակերպությունների նյութական օգնության շնորհիվ է, որ իրականացել է զոհված հերոսի ամենամեծ երազանքը՝ նոր տունը` նոր ու բարեկարգ թաղամասում: Մարինեն ցավով նկատում է. «Մեր բոլոր երազանքները հերթով իրականանում են… Բայց նա արդեն չկա… Մեզ այցելում են «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ ներկայացուցիչ,  ազատամարտիկ Ռուբեն Դավթյանն ու Վ. Սարգսյանի անվ. ռազմական համալսարանի կուրսանտ Դավիթ Առաքելյանը: Նրանք ցանկացած խնդրի դեպքում օգնում են ընտանիքիս: Միայն այն, որ քեզ մենակ չեն թողնում այս դժվարին պահին, արդեն իսկ շատ կարևոր է: Ուզում եմ հատուկ շնորհակալությունս հայտնել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ նախագահ Յուրա Միքայելյանին՝ այս ծրագրի իրագործմանն աջակցելու համար: Հիմա մենք իսկապես  բարի խոսքի կարիքը շատ ունենք»:

ՂՊՎՄ անդամ, նախագծի համակարգող, ազատամարտիկ Ռուբեն Դավթյանի  խոսքով՝ առաջին իսկ այցելությունից պարզ է դարձել, որ նման միջոցառումները, զոհվածների ընտանիքների հետ շփումները երկուստեք դրական ազդեցություն են թողնում ինչպես վշտի մեջ ապրող ընտանիքների, այնպես  էլ կուրսանտների վրա, ովքեր այս դեպքում ընտանիքի անդամներից անձամբ են տեղեկանում հերոսների ապրած կյանքի, նրանց մարդկային տեսակի մասին և պատասխանատվություն են զգում վերջիններիս հարազատների հանդեպ: Այսպես նաև բարեկամական հարաբերություններ են հաստատվում նրանց միջև:

-Արդեն հասցրել եմ մտերմանալ Մարինեի երեխաների հետ,- ասում է Ռուբեն Դավթյանը,- պապիկություն եմ անում, տանում եմ կարուսել, զբոսանքի: Մենք պետք է հասկանանք, որ միշտ` հատկապես «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» այս իրավիճակում,  բոլորս մի ընտանիք ենք, բոլորս հարազատներ ենք…»:

 

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #28 (1148) 27.07.2016 - 02.08.2016, Բանակ և հասարակություն


27/07/2016