ՊԱՏՎՈՎ ԾԱՌԱՅԵՔ
Սիրելի որդիս՝ Հարությո՛ւն: Հուլիսի 24-ը քո ծննդյան օրն է: Ընդունիր իմ հայրական բարեմաղթանքները:
Դու գիտես, թե որքան եմ սիրել զինվորական գործը, գիտես, թե 1992 թվականից մինչև զինադադարի կնքումը մեր «Մուսա լեռ» ջոկատի կազմով ի՜նչ նվիրումով ենք պաշտպանել մեր անգին հայրենիքի սահմանները: Երբեք չեմ մոռանա այն ժամանակները, երբ բոլորս համախմբվել ու մի բռունցք էինք դարձել… Հիմա հերթը քոնն է, որդի՛ս: Հայրենիքի պաշտպանությունը կրկին օրախնդիր է, և ես հպարտ եմ, որ այն վստահելի ձեռքերում է: Արդեն ասվել է ու դեռ շատ կասվի՝ մեր նոր սերունդը ոչ միայն խիզախ ու մարտունակ է, այլև շատ բաներում գերազանցում է մեզ:
Երբ 1994-ի մայիսին հակառակորդի հետ հրադադարի պայմանագիր կնքվեց, հասկացա, որ ես ու զինվորական գործն այլևս անբաժան ենք: Շարունակեցի ծառայությունս ու մինչև պահեստազորի անցնելս սիրով եմ կատարել ծառայական բոլոր պարտականություններս: Հպարտությամբ կարող եմ ասել, որ զինվորական գործի հանդեպ ունեցածս սերը փոխանցվել է նաև իմ որդիներին:
Կյանքում բոլոր երազանքներս կատարվել են ¥չար աչքը` փուշ): Երազանքներիցս մեկն էլ որդուս հետ նույն զորամասում ծառայելն էլ: Այդպես էլ եղավ՝ ես ու դու միասին ծառայեցինք, ծառայեցինք նո՛ւյն զորամասում: Հիշում եմ՝ մեզ անգամ շփոթում էին, այնքան նման էինք իրար: Քո անցած ուղին համեստ է, բայց պատվավոր: Հասցրել ես սերժանտի կոչում ստանալ, վերապատրաստվել ենթասպաների դպրոցում: Այժմ ծառայում ես Կ. Սերոբյանի հրամանատարությամբ գործող զորամասում` որպես դասակի հաշվարկի հրամանատարի տեղակալ: Լավ ես ծառայում, սիրով: Արդեն զինվորական է նաև Արսենը՝ քո փոքր եղբայրը: Շատ ուրախ եմ, որ մի զորամասում եք ծառայում` իրար թև ու թիկունք: Անասելի հպարտ եմ ձեզնով:
Սահմանին ամենակարևորը՝ զգոնությունն է, մարտական բարձր պատրաստության վիճակն ու համբերատարությունը: Թող դրանք միշտ ուղեկցեն ձեզ երկուսիդ մարտական հերթապահության ընթացքում:
Ցանկություններիցս ամենակարևորը խաղաղությունն է: Բարի ծառայություն քեզ ու եղբորդ: Նորանոր հաջողություններ եմ ցանկանում հայրենիքին ծառայելու դժվարին գործում: Պատվո՛վ ծառայեք ու շարունակե՛ք իմ անավարտ թողած գործը, մեր զոհված տղերքի գործը:
Ձեր ազատամարտիկ հայր՝
պահեստի ենթասպա
Կամո Հարությունյան
Պատրաստեց Ք. ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ
Խորագիր՝ #28 (1148) 27.07.2016 - 02.08.2016, Բանակ և հասարակություն