ԷՊՈՍԻ ՈԳԻՆ՝ ԶԻՆՎՈՐԻ ՀԵՏ
Արդեն 6-րդ տարին է, ինչ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Սասնա տուն» հասարակական կազմակերպությունը իրականացնում է «Սասունցի Դավիթ» կամ «Սասնա ծռեր» էպոսին նվիրված փառատոն, որի շրջանակներում նախատեսված են նաև այցելություններ hանրապետության սահմանամերձ զորամասեր:
Հուլիսի 20-ին «Սասնա տան» ներկայացուցիչները՝ հասարակական կազմակերպության նախագահ Ավագ Ավագյանը, Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի «Սասուն» ազգային երգի և պարի համույթը (գեղարվեստական ղեկավար՝ բարեշնորհ Անդրանիկ սարկավագ Մանուկյան), գրող, հրապարակախոս, էպոսագետ Անդրանիկ Ավետիսյանը հերթական այցով եղան հարավարևմտյան սահմանները պահպանող զորամասերից մեկում (հրամանատար՝ գնդապետ Սամվել Պողոսյան):
-Մեր այցի նպատակը մեր հաղթական բանակի քաջերին ժողովրդական հերոսավեպի դյուցազունների ոգուն հաղորդակից դարձնելն է: Սանասարն ու Բաղդասարը բռնեցին բարակ ու զորընդեղ առվի ճամփան ու բարձրացան լեռները՝ այնտեղ կառուցելու իրենց տունը, քաղաքն ու պետությունը: Բարակ ու զորընդեղ առուն մեր ժողովրդի ընթացքն է: Այսօր մենք ոգով կապված ենք մեր էպոսի հետ: Ի՞նչ է սա նշանակում: Դավիթը, երբ թողեց իր բազպանը, որ կապեն Մհերի թևին, այն որպես գանձ ու ապարանջան չթողեց, այլ՝ որպես դյուցազնականության ոգի թողեց: Բազպանը արտացոլում է հայրենիքին նվիրվածության գաղափարը: Մեր էպոսում դյուցազնականությունը, ծռականությունը նույնացվում է ուղղամտության, արդարամտության, շիտակության հետ: Մեր սրբությունները դարեդար եղել են մեր եկեղեցին, մեր վանքերը, մեր մատուռները. ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ մերօրյա զինվորներն ու սպաները կարող են զարմանահրաշ սխրագործություններ կատարել, և նրանց սխրանքը սրբացրեց այն դիրքերը, որտեղ այսօր կանգնած են մեր մյուս քաջերը: Մեր երկիրը քաղաքակիրթ աշխարհի առաջնային դիրքերում կանգնած երկիր է` առաջին քրիստոնյա երկիրը, համամարդկայի արժեքներ դավանող ու պաշտպանող երկիրը,- սրտառուչ խոսք ասաց գրող-հրապարակախոս, էպոսագետ Անդրանիկ Ավետիսյանը:
Այնուհետև ներկաները ունկնդրեցին «Սասուն» ազգային երգի և պարի համույթի ելույթը: Զինվորները պարի բռնվեցին:
«Սասնա տունը» դատարկաձեռն չէր եկել զինվորների մոտ. կազմակերպության նախագահ Ավագ Ավագյանը զորամասի գրադարանին նվիրեց Անդրանիկ Ավետիսյանի հեղինակած գրքերը:
Զորամասի հրամանատարությունն էլ իր հերթին հաճելի անակնկալով զարմացրեց հյուրերին՝ առաջարկելով ճաշել զինվորների հետ:
-Զորամասը մեզ ավելի շատ ուրախացրեց, քան մենք նրանց: Ճաշկերույթի պահը երկար կմնա մեր հիշողության մեջ: Մենք զինվորի հետ աղ ու հաց կիսեցինք, մենք ճաշակեցինք ամենահամով հացը,- նկատեց էպոսագետ Անդրանիկ Ավետիսյանը:
Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուս.՝ հեղինակի
Խորագիր՝ #28 (1148) 27.07.2016 - 02.08.2016, Բանակ և հասարակություն