ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ 1-ԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
Օրերս գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող 1-ին բանակային զորամիավորումում տեղի ունեցավ 2016թ. ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի արդյունքների ամփոփումը, որի ընթացքում քննության առնվեցին դաշտային ելքով մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքի աշխատանքների, զինվորական կարգապահության և զորքերի ծառայության մի շարք հարցեր:
Զորամիավորման հրամանատարի բացման խոսքից հետո զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Հովհաննես Ավագյանը զեկուցեց 2016 թ. ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի զորամիավորման մարտական և զորահավաքային պատրաստության, մարտական հերթապահության, շտաբների, զորքերի ծառայության, հրետանու, սպաների ունակությունների և հմտությունների կատարելագործման, կապի միջոցների պահպանման, շահագործման, անվտանգության կանոնների խստիվ պահպանման, հանկարծակի ստուգումների և շտաբային մարզումների, փաստաթղթերի մշակման և վերլուծությունների, անցկացված ստուգարքների, պահակային ծառայության, տեսական և գործնական պարապմունքների և դրանց արդյունքների մասին:
Գնդապետ Ավագյանն ասաց, որ ուսումնական տարվա ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում մեծ տեղաշարժեր կատարեցին մասնավորապես հրետանային ստորաբաժանումները՝ իրադրությամբ թելադրված կրակային դիրքերի զբաղեցումը կատարելով սահմանափակ տեսանելիության պայմաններում:
Ներկայացնելով լավագույն ստորաբաժանումներն ու զինծառայողներին` գնդապետ Ավագյանը զորամիավորման ու ենթակա զորամասերի կարգապահությունը, դաշտային ելքով մարտական պատրաստությունը և պատրաստականությունը, ինչպես նաև օպերատիվ շտաբների պատրաստության, զորքերում ծառայության և զինվորների հերթապահության անվտանգության ապահովման, պահակային և պարեկային ծառայության, դաշտային ղեկավարման կետերի և ներքին ծառայության, գաղտնիության ռեժիմի պահպանության վիճակը գնահատեց բավարար:
Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսան Ցականյանն իր զեկույցում անդրադարձավ զորամիավորման մարտական վիճակին, անցկացված ցուցադրական մարտավարական զորավարժություններին, մարտական պատրաստականության միջոցառումների ընթացքում իրականացված ստուգումներին, կարևորելով անձնակազմերից ընդունված մարտական հրաձգության ստուգարքների, ենթակա զորամասերի ստորաբաժանումներում պլանի համաձայն անցկացված ներդաշնակումների, հավաքների, ֆիզիկական, կրակային պատրաստության պարապմունքների և միջոցառումների, գործնական և մեթոդական օգնությունների, մարտական մեքենաների վարման, ձեռնամարտի հնարքների ցուցադրման, անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի՝ կատարելագործված հրաձգարանների, գիշերային պայմաններում մարտական խնդիրների կատարման պատրաստության դերը:
Զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանը, անդրադառնալով ուսումնական տարվա երկրորդ եռամսյակում կիրառման և կենտրոնացման շրջաններում գտնվելու ժամանակահատվածում ԲԿ ենթակա զորամասերի և ապահովման ստորաբաժանումների բարոյահոգեբանական վիճակին, մասնավորապես ասաց.
-Ապրիլ-հունիս ժամանակամիջոցում ամեն օր ենթակա զորամասեր են ուղարկվել տարածաշրջանային-աշխարհաքաղաքական իրադրության և հակառակորդի սանձազերծած լայնամասշտաբ մարտական գործողությունների ժամանակ հակառակորդին դիմագրավելու, արժանի հակահարված հասցնելու և մեր զինծառայողների քաջագործությունների ու սխրանքի մասին «Կայծակ» մարտական թերթիկները:
Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Կարեն Բաբայանը իր հաշվետու զեկույցում խոսեց դաշտային պայմաններում կազմակերպված հրամանատարական հավաքների, ստորաբաժանումների մարտական վարժվածության բարձրացմանը, սպառազինության և տեխնիկայի հմուտ և հստակ կիրառության, անցկացված համալիր, հսկիչ-համալիր պարապմունքների, կրակի կառավարման մարզումներին և մարտավարական զորավարժության, կատարված մեծածավալ ինժեներական աշխատանքների, ստորաբաժանումների համար նախատեսված զինամթերքը կրակային դիրքեր հասցնելու, նոր կրակային դիրքերի նախապատրաստման, հրետանավոր սպաների պատրաստության և դաշտային ելքերի ընթացքում անձնակազմի փորձի ձեռքբերման մասին:
Զորամիավորման սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակը ներկայացրեց գնդապետ Գրիգոր Թորոսյանը:
Խոսելով պատերազմական իրավիճակում համապատասխան ստորաբաժանումների մարտավարության և սպառազինության որակական ցուցիչների մասին` նա նշեց, որ բոլոր գործողությունները հիմնականում իրականացվել են նպատակային և ճիշտ:
Գնդապետ Արամ Պողոսյանը ներկայացրեց երկրորդ եռամսյակում դաշտային պայմաններում կատարված իրային ծառայության աշխատանքը, նշեց, որ պատերազմական ժամանակամիջոցում և դաշտային պայմաններում ստորաբաժանումներն ապահովված են եղել պարենով, վառելիքով, համապատասխան իրային ծառայությամբ:
Գնդապետը արձանագրեց, որ զորամիավորման ենթակա զորամասերի ճաշարանների վիճակը ներկա դրությամբ բարվոք է, և պետք է ձգտել ամռան տապի այս վտանգավոր շրջանում առավելագույնս մաքուր պահել ճաշարանները, օգտագործվող սպասքը, խստագույնս պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները, որոնց անտեսումը պատճառ կարող է հանդիսանալ զանազան ինֆեկցիոն հիվանդությունների բռնկման համար:
Զորամիավորման հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը, ամփոփելով խորհրդակցությունը, քննարկված հարցերի շուրջ կատարեց կարևոր հետևություններ, պարզաբանումներ:
Նա խստագույնս հորդորեց ամռան օրերին՝ աղիքային հիվանդությունների հնարավոր բռնկումների այս շրջանում, չափազանց ուշադիր լինել, 2-3 անգամ վերահսկումը մեծացնել, քան սովորաբար է արվում:
Զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Հովհաննես Ավագյանն ընթերցեց ԲԿ հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանի՝ զինվորական կարգապահության և մարտական պատրաստվածության գծով լավագույն արդյունքներ ցուցաբերած զինծառայողների և ստորաբաժնումների խրախուսման մասին հրամանը:
Վերջում տեղի ունեցավ ռազմական խորհրդի նիստ:
Սուսաննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Խորագիր՝ #28 (1148) 27.07.2016 - 02.08.2016, Ազգային բանակ