ԻՄԱՑԻՐ, ՈՐ ԿԱՊՐԵՍ ՀԱՎԵՐԺ
Բարեւ, սիրելի եղբայր. շնորհավորում եմ ծննդյանդ օրը, սիրելի՛ս։ Հունիսի 20-ին դու կդառնայիր 43 տարեկան, ու այդ օրը հարազատներդ ու ընկերներդ բաժակ կբարձրացնեին ու քո կենացը կխմեին, ծնունդդ կշնորհավորեին, բայց ավաղ արդեն 19 տարի է, որ ծննդյանդ օրը նշում ենք առանց քեզ։ Գալիս ենք Եռաբլուր, շիրիմիդ թարմ ծաղիկներ դնում ու շնորհավորում, իսկ դու լուռ դիմավորում ես մեզ ու ճանապարհում։
Երվա՛նդ, սիրելի՛ս, դու կյանքդ նվիրաբերեցիր հայրենիքին, քեզ զոհաբերեցիր՝ ընկերներիդ կյանքը փրկելու համար, եւ ինչպես ասել էիր՝ «Ամեն ինչ կտամ, միայն Շուշին ազատագրվի», այդպես էլ արեցիր՝ տվեցիր ամենաթանկը՝ կյանքդ։ Քո մասին պատմելիս ընկերներդ միշտ ժպտում են, որովհետեւ դու շատ ուրախ ու «թեթեւ» բնավորություն ունեիր ու երբեք ոչ ոքի հոգս չէիր պատճառում։ Իսկ գիտե՞ս, թե ով է քեզանով ամենից շատ հպարտանում` իմ փոքրիկ Երվանդը։ Նա 4 տարեկան է: Երբ նրան հարցնում են` գիտի՞ արդյոք, որ նշանավոր մարդկանց անուն է կրում, նա պատասխանում է՝ ես իմ հերոս քեռու անունն եմ կրում։ Նա հաճախ է այցելում Եռաբլուր եւ փոքրիկ դույլով ջուր բերում քո շիրմի ծաղիկները ջրելու: Երբեմն նա քույրիկի հետ երկինք է նայում ու ձեռքով անում` համոզված, որ դու տեսնում ես իրենց։
Երվա՛նդ, սիրելի՛ս, թանկագի՛նս, դու մեզ հետ ես, մեր սրտերում, անունդ էլ մեր շուրթերին։
Ես շատ եմ ուզում, որ երբ Երվանդիկը մեծանա, իր քեռու նման լավ մարդ, սիրող որդի եւ հայրենիքին նվիրված զինվոր դառնա, որովհետեւ նա քեզ նման բարի է, նվիրվող եւ շատ է սիրում մորը, ինչպես դու…
Շնորհավոր ծնունդդ, իմ լավ, իմ բարի եղբայր:
Ասում են՝ մարդն ապրում է այնքան, ինչքան հիշում են նրան, իմացիր, որ դու կապրես հավերժ։
Սիրում ու համբուրում եմ քեզ, հարազա՛տս։
Եղբորս՝ Երվանդ Կարապետյանի
(Ճուտոյի) հիշատակին
Դու էլ չես նայում օրվա աչքերին,
Բախտը քեզ տարավ մեզանից հեռու,
Աշխարհը մի պահ իսպառ դատարկվեց,
Եվ ունայն դարձավ կյանքը ինձ համար։
Գիտեմ, արցունքով քեզ ետ չեմ բերի,
Անմահներն արցունք չեն սիրում բնավ,
Քեզ վայել է փառք, հերոսի դափնի,
Չէ որ զոհվեցիր քո ազգի համար։
Լսում ես, իմ քաջ, ուր էլ որ լինեմ,
Քեզ չեմ մոռանա ոչ մի ակնթարթ,
Քեզնով ես այնքան, այնքան հպարտ եմ,
Որ ազգն է զորեղ քո տված արյամբ։
ՄԱՐԳԱՐԻՏԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
կապիտան