«ՀԱՂԹԱՆԱԿԸ ՆՐԱՆՑՆ Է, ՈՎՔԵՐ ԱՍՏԾՈ ԱՆՈՒՆԸ ԱՐՏԱՍԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՔՈՒՐ ՍՐՏՈՎ»
Հնդիկները նրան անվանում են «սուպերկոպ» (հզոր ոստիկան), 1989թ. նա արժանացել է Հնդկաստանի պետական 4-րդ բարձր պարգեւին` Պադմաշրիին: Շատերի համար նա ազգային հերոս է, որի ուժեղ կամքը եւ երկարատեւ բեղուն գործունեությունը նրան դարձրել են ճիշտ այնպիսին, ինչպիսին հասարակությունը կուզենար տեսնել այդ պաշտոնի մարդուն: Լինելով Հնդկաստանի Փենջաբ նահանգի ոստիկանության պետը` գեներալ ԿԱՆՎԱՐ ՊԱԼ ՍԻՆԳՀ ԳԻԼԼԸ 1990-ական թվականներին իր նահանգում արմատախիլ է արել ահաբեկչությունը եւ ի չիք դարձրել հասարակության մի մասի անջատական տրամադրությունները:
Այսօր պաշտոնաթող գեներալ Գիլլը հրատարակում է «Faultlines» ամսագիրը: 1997թ. նա գիրք է գրել «Փենջաբ. Ստի ասպետները» վերնագրով, համահեղինակ է ահաբեկչության մասին մի քանի գրքերի: Հնդկաստանի Բոլիվուդն էլ մտադիր է գեներալ Գիլլի մասին ֆիլմ նկարահանել:
Արեւելագետ ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում հանդիպել է լեգենդար գեներալին եւ զրուցել նրա հետ:
-Պարոն Գիլլ, աշխարհում ահաբեկչությունը վաղուց արդեն լուրջ խնդիր է: Ինչպե՞ս կարելի է դրա դեմն առնել, ինչպե՞ս դիմակայել դրան:
-Այսօր ահաբեկչական կազմակերպությունները տարածվել են աշխարհով մեկ: Ահաբեկչություն կարող են կազմակերպել այնտեղ, որտեղ մտքովդ երբեք չի անցնի: Ուստի ահաբեկչության դեմ միայնակ պայքարել հնարավոր չէ, պետք է անմիջական կապ ունենալ աշխարհի բոլոր երկրների հետախուզական ծառայությունների հետ: Իսկ դիմակայելու համար պետք են պրոֆեսիոնալներ: Ահաբեկչությունը կանխելու բանաձեւը սա է` հետախուզություն, լավ պատրաստված անձնակազմ եւ հստակ քաղաքականություն: Առանց սխալվելու իրավունքի. չէ՞ որ ահաբեկչին պետք է հաջողության հասնել միայն մեկ անգամ:
-Դուք Հակամարտությունների կառավարման ինստիտուտի նախագահն եք: Ե՞րբ է այն ստեղծվել, ո՞րն է նպատակը, ինչո՞վ է զբաղվում:
-1990-ականներին մարդիկ շատ քիչ գիտեին ահաբեկչության մասին, որոշեցի նրանց կրթել եւ 1995թ. ստեղծեցի այս ինստիտուտը: Հարավային Ասիայում (Հնդկաստան, Պակիստան, Բանգլադեշ, Նեպալ, Բուտան, Շրի Լանկա եւ Մալդիվներ – Ն.Մ.) ահաբեկչության մասին տվյալների հսկայական շտեմարան ենք հավաքել: Մեր ինստիտուտը այս բնագավառն ուսումնասիրող լավագույն հաստատություններից է աշխարհում, ունենք նաեւ հետազոտական կենտրոն: Մեր ինտերնետային կայք` «www.satp.org», այցելում են հռչակ ունեցող շատ գիտնականներ:
-Երկու խոսքով պատմեք Ձեր անցած ուղու մասին:
-Ես անգլերեն գրականության մասնագետ եմ, դաս եմ տվել դպրոցում, քոլեջում, այնուհետեւ ծառայության եմ անցել ոստիկանությունում: 1979-84թթ. գործուղվել եմ Հնդկաստանի հյուսիսարեւելյան Ասսամ եւ Մեգհալայա նահանգները` որպես ոստիկանության սպա, եւ առաջին անգամ այնտեղ եմ առնչվել ահաբեկչության հետ: 1988թ. նշանակվել եմ Փենջաբ նահանգի ոստիկանության պետ: Այնտեղ սիկհերի (սիկհիզմ դավանողներ. սիկհիզմ կրոնական ուղղությունը առաջացել է 500 տարի առաջ` հինդուիզմի հիման վրա: Սիկհերը` փենջաբցիները, ռազմատենչ ժողովուրդ են – Ն.Մ.) մի խումբ պահանջում էր իրենց համար անկախ պետություն ստեղծել` Խալիստան: Նրանք սպանում էին իրենց հազարավոր հայրենակիցներին, պատանդներ վերցնում: Սակայն երբ հարցնում էիր, թե ի՞նչ է Խալիստանը, ինչի՞ համար է ձեր պայքարը, մեկը մի բան էր ասում, մյուսը` մեկ ուրիշ: Միայն 1991թ., երբ ահաբեկչության ծավալը հասել էր գագաթնակետին, սպանվել է 5000 մարդ: 1993թ. Փենջաբում մեր ջանքերի շնորհիվ իրավիճակը բավականին կայունացավ, ահաբեկչության «ողնաշարը կոտրվեց»: Ես իմ ծառայությունն ավարտեցի 1995թ.` Հնդկաստանում զինվորականները թոշակի են անցնում 58 տարեկանում, սակայն իմ ծառայության ժամկետը կառավարությունը երկարաձգեց մինչեւ 61 տարեկան դառնալս:
-Ինչպե՞ս կբնութագրեիք ահաբեկիչներին: Ի՞նչ մարդիկ են նրանք:
-Նրանց միակ ցանկությունը մարդ սպանելն է եւ մի քանի օր թերթերի առաջին էջերում լինելը: Երբ ահաբեկիչներն իրենց պահանջներն են ներկայացնում, շատերը սկսում են բանակցել նրանց հետ, խոսել, զիջումներ անել: Սակայն, իմ խորին համոզմամբ, ահաբեկչի հետ չեն բանակցում: Եթե մեկը քեզ ապտակում է, ոչինչ, մյուս այտդ էլ դեմ տուր, ինչպես դուք` քրիստոնյաներդ եք ասում, բայց երբ ուզում են քեզ սպանել, դո՛ւ պետք է նրան սպանես: Դարեր շարունակ շատերն են փորձել մարդկությանը կրթել, ավելի բարի դարձնել: Բոլոր մեծ ուսուցիչները` լինի Կրիշնան, Քրիստոսը, թե Մուհամեդը, ձախողվել են մարդկանց կրթելու իրենց ջանքերում:
-Իսկ ահաբեկիչները փորձե՞լ են Ձեզնից վրեժ լուծել:
-Իմ պաշտոնաթողությունից 16 տարի է անցել, սակայն մինչեւ հիմա ահաբեկիչներն ընկած են իմ հետեւից: Իմ դեմ բազմիցս մահափորձ են արել: Օրինակ, մի անգամ իմ պահակազորով քաղաք էինք գնում: Մի խաչմերուկից պետք է աջ թեքվեինք, սակայն այդ պահին չգիտես ինչու որոշեցի ձախ թեքվել: Իսկ հետո պարզվեց, որ աջ կողմի ճանապարհին մեզ դարանակալել էին ահաբեկիչները: Մի ուրիշ անգամ մի քաղաքում մեծ միջոցառման էի հրավիրված` որպես պատվավոր հյուր: Մեզ մոտ միջոցառումների մեծ մասը բացօթյա է անցկացվում` շոգի եւ մասնակիցների մեծ քանակի պատճառով, իսկ հյուրերի համար բեմ է կառուցվում: Միջոցառումը սկսելուց ընդամենը երկու րոպե առաջ իմ թիկնապահները բեմի տակ ռումբ էին հայտնաբերել: Եվ համանման բազմաթիվ այլ դեպքեր են եղել:
-Կարծես Վերին Ուժերն են Ձեզ փրկում:
-Այո՛, այդպես է: Մարդու պահպանությունն Աստծո ձեռքում է: Փենջաբում իմ գործունեության ժամանակ մի օր ես փոստով մի փոքրիկ նկար ստացա` արծաթե շրջանակի մեջ: Դա Շրի Չակրա յանտրա էր` արյունով նկարված (Յանտրան մոգական նշանակություն ունեցող երկրաչափական պատկեր է, իսկ Շրի Չակրան բոլոր յանտրաների թագուհին է` աստծո, Տիեզերքի երկրաչափական պատկերը, որն օգտագործվում է մեդիտացիայի` զգայականությունը նվազեցնելու եւ հոգեւոր ուժերի կենտրոնացման վիճակի հասնելու համար – Ն.Մ.): Միայն մեր հզոր յոգերը իրավունք եւ կարողություն ունեն այդպիսի բաներ ստեղծելու: Ես շատ շնորհակալ եմ նրանցից: Այդ յանտրան է ինձ փրկել: Եվ ես հասկացա, որ աստվածահաճո գործ եմ անում, եթե այդպիսի հզոր հոգու տեր, լուսավորյալ մարդիկ հետաքրքրվում են ինձնով եւ ինձ սատարում:
Ի դեպ, ասեմ, որ պետությունն ինձ հատուկ պահակազոր է հատկացրել: Հնդկաստանում բոլոր նախարարները, պատգամավորները, բարձրաստիճան պաշտոնյաները թիկնապահներ ունեն: Գիտեք, որ մեր երկրում ահաբեկչությունը, տարբեր տեսակի վտանգները շատ են: Դե, հնդիկները շատ զգացմունքային ժողովուրդ են: Մարդուն հատկացվող թիկնապահների թիվը կախված է նրա պաշտոնից եւ նրա կյանքին վտանգ սպառնալու աստիճանից: Ասեմ, որ իմ պահակազորը երկրի նախագահի եւ վարչապետի պահակազորերից հետո մեծությամբ երրորդն է:
-Դուք իսկական զինվորական սիկհ եք: Ձեր մեջ մի՞շտ եք զգացել զինվորականության ոգին: Միգուցե սիկհերն այդպիսի դաստիարակությո՞ւն են ստանում:
-Ես ընդամենը մի դրվագ պատմեմ իմ մանկությունից: 1947 թվականն էր: Այդ ժամանակ ես 12 տարեկան էի: Դե, երեւի գիտեք, որ 1947թ. մեզ համար շատ ծանր տարի էր. այդ տարի մենք բրիտանացիների գաղութատիրությունից ազատվեցինք, սակայն նրանց դրդմամբ Հնդկական ենթամայրցամաքը բաժանվեց երկու մասի. մեկը կոչվեց Հնդկաստան` հինդուների համար, մյուսը` Պակիստան (արհեստական նոր պետություն)` մահմեդականների համար: Պակիստանից հինդուները եկան Հնդկաստան, իսկ շատ մահմեդականներ Հնդկաստանից գնացին Պակիստան: Շատ լարված իրավիճակ էր: Անընդհատ բախումներ էին տեղի ունենում տարբեր դավանանքի ներկայացուցիչների միջեւ: Այդ ընթացքում շուրջ 10 մլն մարդ է սահմանը հատել, զոհվել է ավելի քան 2 միլիոնը: Մենք քնում էինք զենքը ձեռքներումս: Ամեն առավոտ մայրս աշխատանքի գնալիս երկու թուր էր տալիս ինձ: Ես հինգամյա քրոջս հետ տանն էի մնում: Եվ մայրս ասում էր. «Երբ թշնամին հանկարծ գա, կկռվես, քրոջդ կպաշտպանես: Իսկ երբ տեսնես, որ ուժերդ այլեւս չեն բավականացնում, նախ կսպանես քրոջդ, որ նրանց ձեռքը չընկնի, հետո էլ` քեզ»:
-Իսկապես, շատ ճիշտ է ընտրված ձեր ազգանունը: Չէ՞ որ «սինգհ» նշանակում է առյուծ:
-Ես հպարտ եմ ու շատ գոհ, որ զինվորական եմ: Սիկհերի նշանաբանն է` «Հաղթանակը նրանցն է, ովքեր մաքուր սրտով են արտասանում Աստծո անունը»: Հետաքրքիր մի փաստ նշեմ. այսօր սիկհերը կազմում են Հնդկաստանի բնակչության ընդամենը 2%-ը, սակայն հնդկական բանակում սիկհ են զինվորների 15%-ը եւ սպայական կազմի 20%-ը: Իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բանակի 67%-ը սիկհ է եղել:
-Պարզ է, որ Ձեզ նման մարդը թոշակի անցնելուց հետո չէր կարող ձեռքերը ծալած նստել: Ինչո՞վ է զբաղվում պաշտոնաթող գեներալը` բացի ինստիտուտ ղեկավարելուց:
-1990-ականների վերջին ես նաեւ Հնդկաստանի մականախաղի ֆեդերացիայի նախագահն էի: Հիմա կհարցնեք` ի՞նչ գործ ունի գեներալը մականախաղի հետ, բայց պատկերացրեք, որ իմ կազմակերպական աշխատանքի շնորհիվ մեր հավաքականը միջազգային ասպարեզում բավականին մեծ հաջողությունների հասավ: Այնուհետեւ Շրի Լանկայի նախագահի խորհրդականն էի (2000թ.). չէ՞ որ այնտեղ «Թամիլյան վագրեր» կոչվող ահաբեկիչներն էին բավականին ակտիվ: Այնուհետեւ դարձա Հնդկաստանի Գուջարաթ նահանգի նահանգապետի խորհրդականը` հինդու-մահմեդական շատ սուր բախումների ժամանակ (2002թ.): 2006թ. Չատիսգար նահանգի կառավարությունն ինձ հրավիրեց աշխատելու որպես անվտանգության հարցերով խորհրդական` նաքսալիտների անջատական շարժումը կասեցնելու համար: Այժմ զբաղվում եմ բարեգործությամբ: Բժշկական օգնություն ենք տանում գյուղեր, բուժում ենք ե՛ւ մարդկանց, ե՛ւ կենդանիներին` չէ՞ որ նրանք միասին են ապրում:
-Ի՞նչ կմաղթեիք հայերին:
-Ես համոզված եմ, որ կգա ժամանակը, եւ հայերը կազատագրեն իրենց հողերը: Ես սիրում եմ Հայաստանը, գիտեմ նրա պատմությունը եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ օգնել:
Խորագիր՝ #24 (889) 22.06.2011 – 29.06.2011, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան