ԱՐԿԱԴԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ «ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԳՐՔԻ ԼՈՒՅՍ ՏԵՍՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՌՎերջապես լույս տեսավ տեխնիկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի Ռազմական գիտությունների ակադեմիայի և Հայաստանի Հանրապետության Ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ Արկադի Սարգսյանի «Հետախուզություն և հակահետախուզություն. հայկական հետք» մենագրության երրորդ, եզրափակիչ գիրքը: Շուտով լույս կտեսնի նրա «Օպերատիվ գործունեություն և գաղտնի գործունեություն հատուկ ծառայությունների աշխատանքում ժամանակակից պայմաններում. տեսություն և պրակտիկա: Գործնական ձեռնարկ» յոթհատորանոց մենագրությունը:
Լինելով ոչ սովորական, բազմակողմանի և խոր անձնավորություն՝ Արկադի Սարգսյանը ռազմագիտական հասարակությանը հայտնի դարձավ իր «Սպառազինություն և ռազմական տեխնիկա. կառուցման և զարգացման օրենքները», «Հրթիռատիեզերական համակարգերի նախագծման պատմատեխնիկական վերլուծում (1935-1985 թթ.)», «Սպառազինության և գիտական տեխնիկայի համակարգային պլանավորում», «Հեռանկարային և ոչ ավանդական զենքի ծրագրանպատակային պլանավորում ու մշակման կառավարում» եզակի մենագրություններով, ինչպես նաև այլ մենագրություններով: Այդ հիանալի մենագրությունների հաջողությանը, բարձր գիտական մակարդակին, այժմեականությանը և ժամանակակից լինելուն նպաստեց նրա խորհրդային տարիներին կուտակած ավելի քան 30 գիտահետազոտական աշխատանքների գիտական ղեկավարի փորձը, ընդ որում՝ աշխատանքները տրված էին ԽՄԿԿ քաղբյուրոյի որոշմամբ, իսկ դա ԽՍՀՄ-ում պետության համար կարևորագույն գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ անցկացնելու համար առաջադրանք տալու ամենաբարձր մակարդակն էր: Տեխնիկական բարդ աշխատանքներ էին կատարվել ազգային անվտանգության ապահովման համակարգերի ոլորտում:
Ներկայացնենք որոշ մանրամասներ երրորդ գրքից: Այդ գրքում առաջին անգամ ներկայացված են պետական անվտանգության մարմինների այնպիսի աշխատակիցներ, ինչպիսիք են Լ. Կարախանը, Ա. Բեկզադյանը, Ս. Փիրումովը, Ե. Չուբարյանը, Ա. Նազարբեկովը, Օ. Կնիպպեր-Չեխովան, Գ. Միրզոյանը, Ն. Թոռլակյանը, Ս. Հովհաննիսյանը, Գ. Վարդանովը, Մ. Սաղաթելյանը, Բ. Թումանովը, Ա. Դավթյանը, Ա. Բարաթովը, Գ. Կիրակոզովը, Գ. Գեոզալյանը, Ա. Մարտիրոսյանը, Մ. Մնացականյանը, Գ. Չրագյանը և մյուսները: Նրանցից ոմանք աշխատել են Ասիայում, Եվրոպայում, Աֆրիկայում և Ամերիկայում:
Արժե նշել, որ, օրինակ, Սիմոն Փիրումովը (ծագումով շուշեցի) լրտեսության գաղտնի ղեկավարներից առաջիններից է, որ աշխատել է Բեռլինում ու Փարիզում, իսկ Օլգա Կնիպպեր-Չեխովան (ծագումով ալեքսանդրապոլցի) հաջողությամբ աշխատել է ֆաշիստական Գերմանիայում և մեծագույն ներդրում է ունեցել Գերմանիային հաղթելու գործում:
Կնիպպեր-Չեխովային նվիրված բաժնում առաջին անգամ հիմնավորված ապացուցվում է, որ Գերմանիայի հարձակումը ԽՍՀՄ-ի վրա հանկարծակի չի եղել եւ ոչ էլ ուխտադրուժ: Մանրամասն նկարագրվում են Կարմիր բանակի ինչպես պարտության, այնպես էլ նրա հաղթանակի պատճառները: Գրքում ներկայացված Գրիգորի Կիրակոզովը (ծագումով վլադիկավկազցի) մեծ գործ է արել Խորհրդային Միության հետախուզության, հակահետախուզության և քրեական հետախուզության համար, իսկ Գարեգին Գեոզալյանը (ծագումով Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառի Չինչին գյուղից) Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալն էր և հսկում էր արտաքին հետախուզությունը:
Գրքում մանրամասն վերլուծվում է «մահափորձը» Թեհրանի կոնֆերանսի մասնակիցների վրա, և համոզիչ ապացուցվում է, որ նման բան չէր պլանավորվել, չէր եղել և չէր էլ կարող լինել:
Մանրամասն շարադրված է «Էնորմոզ» հետախուզական օպերատիվ գործողությունը (հեղինակներն են Հայկ Հովակիմյանը, Ստեփան Ապրեսյանը և մյուսները), որի նմանը այսօր էլ դժվար է գտնել աշխարհի հետախուզությունների պատմության մեջ, քանի որ գիտահետազոտական հետախուզությունը, որպես կանոն, աշխատում է, ինչպես ասում են, մակերեսներով: Ներկայացված են նրա հիմնական մասնակիցները, ինչպես հետախույզները, այնպես էլ գիտնականները, ատոմային արդյունաբերության կազմակերպիչները և ատոմային ու ջերմամիջուկային ռումբերի հայ ստեղծողները: Նրանց թվում է ինչպես ատոմային ռումբի, այնպես էլ ջերմամիջուկային ռումբի միակ կին ստեղծողը` Եկատերինա Չախմախսազյանը (ծագումով երևանցի), որն արժանացել է Ստալինյան մրցանակի:
Լրջագույն հետազոտությունների արդյունքում շարադրման ամբողջականության համար գրքում ներկայացված է տասնինը հավելված:
Նյութը շարադրելիս հեղինակը ոչ միայն հիմնավոր վերլուծում է բարձրացված խնդիրներն ու հարցերը, այլև տալիս է հստակ հանձնարարականներ և հիմնավորված եզրակացություններ է անում: Այսպես, քննարկելով լյուստրացիայի խնդիրները, հեղինակը վերլուծում է այդ խնդրի հետ առնչվող չորս մոտեցում ու հիմնավորում լյուստրացիայի անհրաժեշտությունը քաղաքացիների ստույգ կատեգորիայի համար: Հաշվի առնելով հատուկ վտանգը «ազդեցության հետախուզության» գործունեությունից և այն, որ «ազդեցության հետախուզության» դեմ պայքարի խնդիրն այդպես էլ չի գտել սպառիչ լուծում, ու նույնիսկ այսօր գոյություն ունի հակասություն հակառակորդի հետախուզության այդ ձևի վտանգի տեսական ճանաչման և դրան ճշգրիտ, մշակված հակահետախուզային հակաազդեցության բացակայության միջև (պայքարը «ազդեցության հետախուզության» դեմ իր որոշ առանձնահատկությունների պատճառով կարիք ունի համապատասխան մարտավարական կոնցեպցիայի և բարոյական մթնոլորտի ստեղծմանը երկրում և հասարակության մեջ, առանց որի հնարավոր չէ փակապատնեշների և արգելքների կազմակերպումը պետության թշնամիների և իրենց «ազդեցության գործակալների» քայքայիչ գործունեության դեմ ու երկրի քաղաքացիների կոնստրուկտիվ պաշտպանողական գիտակցության դաստիարակությունը…), հեղինակը մշակել և ներկայացրել է դրանց հաշվարկման ինքնօրինակ մեթոդիկա:
Հեղինակն առաջին անգամ հիմնավորապես շոշափում է խորհրդային հետքը թմրաբիզնեսում:
Ինչպես հայտնի է, մարդկային բոլոր արատներից ծանրագույններն անշնորհակալությունն ու դավաճանությունն են: Գրքում մանրամասն վերլուծվում է ռուսական հատուկ ծառայությունների ակնհայտ ձախողումները վերջին տարիներին: Քննարկվում է պետական անվտանգության առավել արդյունավետ համակարգը: Ապացուցվում է, որ անձնակազմի կորուստները «խաղաղ» ժամանակ հիմնականում պայմանավորված են հնարավոր բացասական իրադարձությունների և դրանց պատճառների մասին նախազգուշական տեղեկատվության բացակայությամբ: Դա ռազմական հակահետախուզությունը պաշտպանության նախարարության ստորադասությունից դուրս բերելու հետևանքն էր: Փորձեր չեն արվում ձևավորելու ռազմական մարտավարություն, այսինքն՝ «հարկադրական մարտավարություն» համապատասխան խիստ սահմաններում:
Գրքում առաջին անգամ ներկայացված է եզակի տեղեկատվություն Աֆղանստանում, Հարավային Օսիայում և Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմների մասին: Բացահայտվում են լայն տարածում ստացած որոշ լեգենդներն ու կայունացած մոլորությունները: Ռազմական միջոցների կիրառումը, ինչպես հայտնի է, որպես կանոն, քաղաքական միջոցների ձախողման հետևանքն է: Ձախողումներն արտաքին քաղաքականությունում և նրա ռազմական մասում լինում են կոմպլեքսային խնդրին համակարգային մոտեցման բացակայության դեպքում, աշխատանքում և ստուգման ժամանակ համաձայնեցման բացակայության դեպքում: Այսպես, ՊԱԿ-ի մասնաճյուղը Քաբուլում, ինչպես գրում է հեղինակը, նշել է, որ «խորհրդային, կուսակցական, գաղափարական, տնտեսագիտական խորհրդականների և մասամբ դեսպանության աշխատանքում նկատվում են որոշակի միտումներ: Նրանք աշխատում են Աֆղանստանում դրության կարգավորման գործընթացի մասնակից չդառնալ: Աշխատանքի հիմնական մասը, որը դուշմանների դեմ պայքարի շրջանակներից դուրս է, կատարում են ներկայացուցչությունները, ՊԱԿ-ի գաղտնի լրտեսները և ԽՍՀՄ-ի պաշտպանության նախարարության օպերատիվ խմբերը»:
Հեղինակն իր գրքում բազմաթիվ հետաքրքիր օրինակներ է բերում հետախուզության և հակահետախուզության պատմությունից, հատուկ ծառայության աշխատակիցների կյանքից և նկարագրում է որոշ աղմկահարույց պատահարներ:
Գրքում ներկայացված նյութը սպառիչ է եւ խոր մտորումների տեղիք է տալիս, մանրամասն համեմատությունների, ինքնուրույն եզրակացությունների: Այն համապատասխանում է գիտական գրականության հիմնական սկզբունքներին: Փաստերի պարտադիր առկայությունը, մտքերի հստակությունը, շարադրման մատչելիությունը գրավիչ են ընթերցողների համար: Սա բարձր մակարդակով արված վերլուծական աշխատություն է, որը հիմնվում է փաստերի վրա, լավ ամբողջակազմված է և իրենից ներկայացնում է վերլուծական աշխատանքի և վավերագրության նմուշ: Ականավոր մարդկանց կարծիքներով և բնաբաններով հեղեղված է գիրքը: Բավական հետաքրքիր է հետևել, թե ինչպես են դրանք երևում տեքստում: Դրանք միշտ տեղին են, երբեմն էլ խթան են հանդիսանում գրքում շարադրված նյութերի և դիպվածների համար: Գրքում զետեղված են եզակի լուսանկարներ, որոնք հիմնականում առաջին անգամ են տպագրվում և հիանալի լրացնում են տեքստային նյութը: Ապշեցնող է մանրակրկիտ և հսկայական աշխատանքը, որը կատարել է հեղինակը:
Հեղինակի աշխատասիրությունը, հսկայական աշխատունակությունը և գիտական բարեխղճությունն արժանի են բարձրագույն գնահատականի:
Ընթերցողների ուշադրությանն առաջարկվող գիրքն աչքի է ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով, շարադրման հստակ և կենդանի ոճով, դյուրըմբռնելի լեզվով, արժանահավատությամբ: Գիրքն անշուշտ կգրավի ընթերցողներին: Մեկ անգամ էլ շնորհակալություն հայտնենք հեղինակին այս ընտիր և, հատուկ ընդգծում եմ, եզակի ու վերին աստիճանի օգտակար աշխատության համար:
ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Գեներալ-մայոր
Ռուսերենից թարգմանեց ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Խորագիր՝ #29 (1149) 03.08.2016 - 09.08.2016, Հոգևոր-մշակութային, Ռազմաքաղաքական