ՆԱԻՐԱՆ` ԱՆՁՆՎԵՐ ՈՒ ՔՆՔՈՒՇ ՀԱՅՈՒՀԻՆ…
Երկար մտածեցի, թե ինչպես սկսեմ խոսքս ՀՀ ՀՕՊ զորքերի զինվոր Նաիրայի մասին: Մտաբերեցի մեր հանդիպումը Երևանի Երկրապահ կամավորականների գրասենյակում և մեր երկարատև զրույցները կյանքի, մարդկանց, հայրենիքի մասին:
Նա Արցախի ազատագրման պայքարի առաջամարտիկներից է և զինվորական իր երդմանը հավատարիմ է մինչև օրս: Նաիրայի կյանքը հայրենասիրությամբ տոգորված երիտասարդությանը դաստիարակելու լավագույն օրինակ է: Նրա նմանները ծնվել են թռիչքի համար, և հայտնի ասույթը ձևափոխելով կարելի է ասել` թռչնի թևով ծնվածը սողալ չի կարող…
Նաիրա Գրիգորյանը ազգի լավագույն ապագայի համար պայքարող երդվյալ մարտիկ է:
Ապրիլյան քառօրյա պատերազմում, երբ Արցախը վտանգի մեջ էր, Նաիրան դարձյալ առաջին շարքերում էր, ինչպես երիտասարդ ժամանակ՝ քսան տարի առաջ: Այս անգամ սակայն պատերազմի առաջին գծում հայտնվեց ամուսնու և տանկիստ որդու հետ միասին: Նրանք հավատարիմ են նժդեհյան պատգամին՝ պետք է միշտ պատրաստ լինել ոչ միայն զենքով, այլ նաեւ ոգով և գաղափարով: Գիտեին, որ հաղթանակը երբեք սկուտեղի վրա չի մատուցվում, այլ ձեռք է բերվում մաքառումով, արյամբ, ինքնազոհության պատրաստ քաջերի սխրանքով:
Ես անսահման ուրախ ու հպարտ եմ, որ ճանաչում եմ Նաիրային, այդ հրաշք մարդուն, հիասքանչ կնոջն ու լավ ընտանիքի մորը:
Քո ծառայության ամեն օրը, սիրելի՛ Նաիրա, հայրենասիրության ու անձնվիրության օրինակ է մեր զինվորի համար: Ուրեմն ծառայությանդ յուրաքանչյուր օրը թող լցված լինի խաղաղությամբ:
Հպարտ եմ, որ քեզ ճանաչում եմ, քաջ ու քնքուշ հայուհի:
Նուշիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Արցախյան պատերազմի
վետերան, բանաստեղծ
Սյունիք, ք. Կապան
Խորագիր՝ #29 (1149) 03.08.2016 - 09.08.2016, Ազգային բանակ, Ճակատագրեր