ԶԻՆՎՈՐԸ ԱՐՁԱԿՈՒՐԴ Է ԵԿԵԼ…
Մուրադյանների ընտանիքում օրն ավելի քան տոնական է, ուրախությանը չափ ու սահման չկա, աշխարհն ասես իրենց են տվել. զինվոր որդին` Ռոբերտը, արձակուրդ է եկել: Հարազատ-բարեկամ հավաքվել են աչքալուսանքի, բանակում էլ ծառայող որդի ունեցող դրկիցները նույնպես եկել են իրենց զինվորների կարոտը Ռոբերտից առնելու:
Զինվորի հետ առանձնանում ենք մի խաղաղ անկյունում ու սկսում զրուցել բանակային կյանքից:
-Համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող եմ: Առաջին կիսամյակն ավարտելուց հետո մեկնել եմ ծառայության, հրետանավոր եմ,- ասում է Ռոբերտը: -Գիտեմ՝ բանակում հեշտ չէ, բայց երբեք չեմ մտածել ծառայությունից խուսափելու մասին: Մեր կողքին մեր դարավոր թշնամին է, ու պարտավոր ենք հզոր բանակ ունենալ: Յուրաքանչյուր տղա պետք է ծառայի, առանց բացառության. բանակը սովորեցնում է ինքնուրույն հաղթահարել դժվարությունները, սեփական ուժերը գնահատել, բարդ իրավիճակում շուտ կողմնորոշվել, ճիշտ և անսխալ որոշումներ կայացնել: Ծառայությունը հասունացնում է, ավելի իրատես դարձնում, և սկսում ես կարևորել քո դերը երկիրդ ավելի ամուր պահելու գործում:
-Ձեզնից ամեն մեկը ոչ միայն իր տան, իր օջախի սյունն է, այլև մեր հայրենիքի հիմնասյունը: Ձեզնից ամեն մեկի նվիրված ծառայությամբ մեր երկիրն ավելի ամուր ու անառիկ է դառնում: Հայրենիքը խիզախ, հայրենասեր, առաքինի տղաների պակաս չունի, վկան` ամեն օր, ամեն ժամ հերոսացող մեր զինվոր զավակները,- մեկը մյուսին լրացնելով, իրար հերթ չտալով՝ ասում են ներկաները, որոնք աննկատ միացել են մեր զրույցին:
Զինվորը արձակուրդ դատարկաձեռն չի եկել. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո զորամասի հրամանատարությունը ծնողներին շնորհակալական նամակ է հասցեագրել: Ռոբերտի մոր` Անուշի աչքերը թացանում են. «Էն օրերին թե ինչ ապրեցինք, ինչ զգացինք, կարող են պատկերացնել միայն բանակում որդի ունեցող ծնողները: Անհանգիստ հետևում էինք լուրերին: Աղջիկս` Անին, համացանցից աչքը չէր կտրում, բոլորս միասին նյարդերի կծիկ էինք դարձել: Շունչներս պահած՝ լսում էինք ամեն փոքրիկ լուր և տեղեկություն: Հենց Ռոբերտը զանգում էր, նոր ասես շնչավորվում էինք, մի քիչ խաղաղվում: Տղաս մեզ հույս ու լույս էր տալիս. «Մի՛ մտածեք, ասում էր, ամեն ինչ լավ է»: Ու փոխանակ մենք իրեն ոգեւորեինք, ուժ տայինք, ինքն էր մեզ ուժ տալիս, հուսադրում…»:
Զինվորի մոր աչքերում լճացած արցունք է, ու թե մինչեւ այդ որոշել էի Ռոբերտին քառօրյա պատերազմի մղջավանջային օրերից հարցնել, Անուշի հուզմունքը նկատելով, մտադրությունս փոխում եմ` «շեղվում եմ թեմայից»:
-Ռոբե՛րտ, ծառայավայրիդ բնությունն էլ է քո ծննդավայր Դիլիջանի բնության պես:
-Դիլիջանի բնությունը անկրկնելի է, ինձ համար աշխարհի ամենասիրուն, ամենահարազատ անկյունը իմ ծննդավայրն է, ուր էլ որ գնամ, աշխարհի որ ծայրում էլ հայտնվեմ, հավատացեք՝ հետ եմ դառնալու իմ հարազատ բնօրրանը:
-Ծառայությունից պատմիր` զինվորական կյանքից, ընկերներից:
-Բանակային ընկերներով իրար սարի պես թիկունք ենք, եղբոր պես: Բանակային կյանքն էլ իր հունով ընթանում է: Ազատ ժամանակ ֆուտբոլ ենք խաղում, շախմատ, պարան ձգում: Մենք զինվորի մեր պարտքն ենք կատարում՝ պաշտպանում ենք մեր զոհված ընկերների արյունով սրբացած հողը:
Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #29 (1149) 03.08.2016 - 09.08.2016, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն