Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐՍ…



ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐՍ...ԱՐՄԵՆ ՃԱՂԱՐՅԱՆ

Հենակետի ավագ, ավագ սերժանտ

 

Մեր գյուղն անմիջապես սահմանի կողքին է:

Շատ լավ եմ զգում, երբ՝ որպես տեղացի, պահում-պաշտպանում եմ իմ հայրենիքը, իմ հողը: Արդեն վեց ու կես տարի է, ինչ այս  զորամասում եմ` որպես պայմանագրային զինծառայող:  Ընտանիք ունեմ, երեխաներ՝  հինգ տարեկան որդի և չորս տարեկան  դստրիկ: 14 օր հենակետում եմ, 14 օր՝ զորամասում: Երեխաները շատ են կարոտում, բայց աշխատում եմ, որ բացակայությունս չզգացվի:  Իսկական երջանկությունը էլ ինչպե՞ս է լինում: Երբ հատկապես մարտական հերթապահությունից հետո իջնում ես քո խաղաղ ընտանիքի գիրկը, նոր միայն զգում ես, թե որքան կարևոր է քո մասնակցությունը հարազատներիդ անդորրը պահպանելու գործում:

Ներկայումս իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է. օրվա մեջ ընդամենը երկու-երեք «հերթապահ» կրակոց է լինում թշնամու կողմից:  Ապրիլյան պատերազմի ընթացքում մեր ուղղությամբ լուրջ սրացում չի նկատվել,  հակառակորդը զգում է, որ դիրքերը լավ պաշտպանված են: Վերջին լուրջ միջադեպը, որ արձանագրվել է, 2015թ. օգոստոսին էր, երբ թշնամու դիպուկահարի կրակոցից գլխի շրջանում բեկորային վնասվածք ստացավ դիրքապահ, շարքային Գարիկ Ասատրյանը:

Երբ դիտորդը գոռաց, որ Գարիկը վիրավորվել է, նետվեցի առաջ: Շտապելուց գլուխս ուժգին խփեցի երկաթին, արնաշաղաղ ցած ընկա, բայց, մեկ է, հասա Գարիկին: Շուտով վաշտի, գումարտակի հրամանատարները նույնպես օգնության հասան: Գլխիս մեծ սպին ինձ անընդհատ այդ օրն է հիշեցնում: Տեսնելով, որ հակառակորդի դիպուկահարը շարունակում է աշխատել,  գոռում էի՝ «Չգա՛ք իմ ետևից», բայց զինվորներս, իրենց կյանքը վտանգելով, օգնության հասան: Երևի թե պետք է անցնես նման փորձության միջով, որ հասկանաս՝ պատրա՞ստ ես քո զինվորին պաշտպանելու, թե ոչ: Ես այդ օրը զգացի` պատրաստ եմ: Համոզվեցի նաև, որ հարկ եղած դեպքում զինվորներս էլ չեն հապաղի, կգան իմ ետևից: Դիրքերում առաջնային նշանակություն ունի հենց այս՝  զինվորների միջև լիարժեք փոխվստահության ու փոխօգնության մթնոլորտը, սրտացավությունը. սա է մարտական հենակետերում ծառայության կարևորագույն նախապայմանը: Զինվորը պետք է իմանա, որ իր կողքին իր մարտական ընկերն է՝ այս  բառի իսկական իմաստով:

ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐՍ...

Դիրքեր նոր բարձրացած զինվորի  համար վեցամսյա տեսական պարապմունքներից հետո շատ կարևոր է ու հետաքրքրական սեփական աչքով ամեն ինչ տեսնելը: Ես առաջին իսկ օրը ամենայն մանրամասնությամբ ցույց եմ տալիս բոլոր վտանգավոր կետերը և հին ծառայողներին կարգադրում, որ նորեկներին անխտիր ցույց տան, սովորեցնեն, թե ինչն ինչպես պետք  է արվի: Բոլորը՝ թե՛ նորաթուխ և թե՛ «ստաժավոր» դիրքապահները պետք է հասկանան, որ մի ընտանիք են, նույն հարկի տակ են ապրում և նույն խնդիրն են կատարում՝ հայրենիքի պաշտպանությունը: Զինվորներ ունեմ, որ երկու, երեք տարի առաջ զորացրվել են, բայց մինչև հիմա զանգում են, չեն մոռանում:

Առաջին անգամ հերթափոխի կանգնած զինվորին հարցնում եմ. «Էստե՞ղ է լավ, թե՞ զորամասում»: Ասում է՝ էստեղ, իհարկե: Շարունակում եմ. «Բայց ի՞նչն է էստեղ լավ. քի՛չ ես քնում, գիշերները պետք է արթո՛ւն մնաս…»: Ասում է՝ ես, միևնույն է, էստեղ ինձ ավելի լավ եմ զգում:

Մեր զինվորի տեսակը, որակը նկատելիորեն փոխվել է, ավելի հասուն, ավելի գիտակից են դարձել: Նոր զորակոչի տղաներն ավելի լուրջ են տրամադրված: Զգոն են, ուշադիր. ոչ մի շխկոց-թխկոց աչքաթող չեն անում: Ապրիլյան հերոսական օրերը լավ դասեր են տվել անխտիր բոլորիս…

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ հեղինակի

Խորագիր՝ #29 (1149) 03.08.2016 - 09.08.2016, Ազգային բանակ


03/08/2016