ԱՐԿԸ ՓՈՂԻ ՄԵՋ Է
Փոխգնդապետ Մուշեղ Սահակյանն ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, ինքնակամ ծառայության է անցել ԼՂՀ զորամասերից մեկում: Ծառայել է տարբեր զորամիավորումների ենթակա ստորաբաժանումներում: Զբաղեցրել է դիվիզիոնի շտաբի պետի, այնուհետեւ՝ հրամանատարի պաշտոնը: Այժմ ՀՀ հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի հրետանու պետն է:
Երբ տեղափոխվեցի այս զորամաս, տան պատուհանից, որտեղ բնակվում էի, տեսա հակառակորդի դիրքերը: Այդ պահից հստակ գիտակցեցի, որ շատ լուրջ ծառայություն է ինձ սպասում: Մայրաքաղաքում թե սահմանապահ զորամասում` ամենօրյա լուրջ, քրտնաջան աշխատանք է պահանջվում, եթե լիովին գիտակցում ես արածդ գործի կարևորությունը: Ես միշտ զինվորներիս ասում եմ. «Անհատից է կախված` հաղթանակ կլինի, թե պարտություն: Յուրաքանչյուր անհատից: Մի նշանառուի սխալը կարող է ամբողջ թևի պարտության պատճառ դառնալ կամ էլ, հակառակը, հաղթանակի հանգեցնել: Եթե տվյալ թևը պարտվի, բանակն է պարտվելու: Բանակը պարտվեց, կպարտվի պետությունը: Սա առաջին բանն է, որ սերմանում ենք մեր զինվորների մեջ. սեփական պատասխանատվության գիտակցումը բոլորի, ընդհանուր գործի համար շատ կարևոր է:
Ես ինձ հպարտ եմ զգում` մեր հրետանին մարտունակ է: Սա մեր ամբողջ անձնակազմի անդուլ աշխատանքի արդյունքն է: Ամեն օր, ծառայությունից հոգնած տուն վերադառնալիս, բավարարվածություն եմ զգում՝ մենք մարտունակ ենք:
Մեծ է հրետանային ստորաբաժանումների դերը մարտի ժամանակ: 2013-14 թվականներին հակառակորդը առավել հաճախակի էր կրակում մեր գյուղերի ուղղությամբ: Ասեմ, որ սահմանային միջադեպերի ժամանակ մինչև վերջին պահը պահպանել ենք զինադադարի ռեժիմը: Եվ միայն մեր բնակավայրերին սպառնացող վտանգի կամ թշնամու հատուկ գործողությունների դեպքում է, որ ակտիվ պաշտպանության ենք անցել: Հատկապես 2014 թվականին մեր դիրքերի ուղղությամբ գրեթե չէին կրակում. կրակում էին գյուղերի` խաղաղ բնակչության վրա: Երբ տեսանք, որ հակառակորդը սպառնում է մեր ազգաբնակչության անվտանգությանը, ականանետային ստորաբաժանումներով հակադարձեցինք: Ընդամենը չորս դիպուկ կրակոցով լռեցրինք թշնամու կրակակետերը: Դրանից հետո սկսեցին միայն փոքր տրամաչափի զենքեր՝ ինքնաձիգներ կիրառել: Մենք մեր նպատակին հասանք. հակառակորդը ճնշվեց:
Քառօրյայի ընթացքում մեր հրետանային ստորաբաժանումները կրկին շատ սեղմ ժամանակամիջոցում զբաղեցրին իրենց տեղն ու շուրջ երկու ամիս մնացին դիրքերում: Մնում էր ընդամենը արկը փողի մեջ դնել: Մինչդեռ դրա կարիքը այս անգամ էլ չեղավ: Ինչպես հայտնի է, բոլոր բանակներն էլ հակառակորդի մասին այս կամ այն չափով տեղեկացված են լինում: Մենք նրանց մասին ամեն ինչ գիտենք՝ ինչ զենք կարող են կիրառել, գիտենք նրանց ուժեղ ու թերի կողմերը: Իրենք էլ, ըստ երևույթին, տեղեկացված են մեր պատրաստվածության մասին, թեպետ հերթը այս դեպքում էլ հրետանուն չհասավ:
Մենք լիովին պատրաստ ենք թշնամու ցանկացած ոտնձգության առաջն առնելու: Իհարկե, պատերազմը միշտ էլ իր հետ ցավալի ավերածություններ ու կորուստներ է բերում, բայց եթե, Աստված մի արասցե, նման անհրաժեշտություն առաջանա, մենք լիովին պատրաստ ենք՝ վստահ մեր ուժերին ու հնարավորություններին: Եթե համախմբված լինենք, մեզ ոչ ոք չի կարող պարտության մատնել:
Մենք լավ ազգ ենք, լավ ժողովուրդ ենք, և այս վերջին պատերազմը մի անգամ ևս ցույց տվեց հայի ոգու ամրությունը: Մեր զինվորները մարտունակ են, ոչ մի բանի պակաս չունեն: Վստահ ասում եմ, որ խանգարող որևէ հանգամանք չեմ տեսնում, որպեսզի թե՛ մեր սպան, թե՛ մեր զինվորը շատ լավ ծառայեն:
Մենք անընդհատ հարաբերական խաղաղության պայմաններում ենք: Պետք է բոլորս միասնական լինենք ու զգոն. ահա մեր ամրության և անպարտելիության բանաձևը:
Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուս.՝ հեղինակի
Խորագիր՝ #29 (1149) 03.08.2016 - 09.08.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում