ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻՎԸ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ
Զորամասի ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սպարտակ Խաչատրյանը, խոսելով անձնակազմի հետ տարվող կրթական, հոգևոր-մշակութային, հայրենասիրական, ծառայողական կարգապահության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես ասաց.
-Զորամասում առաջնայինը մարտական պատրաստությունն ու պատրաստականությունը ամուր հիմքերի վրա պահելն է, ժողովրդի անվտանգությունն ապահովելը: Քառօրյա պատերազմը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ մարտական պատրաստության կողքին ոչ պակաս կարևոր է նաև զինվորի մարդկային գործոնը, նրա կրթական և իմացական, հոգևոր դաստիարակության մակարդակը:
Անձնակազմը նոր համալրում է ստացել: Նրանց մեջ կան բուհերում սովորող կամ արդեն ավարտած, բանիմաց, կրթված զինվորներ: Ցանկացած զորամասի համար մեծ առավելություն և հարստություն է այդպիսի զինվորներ ունենալը, որոնց էլ հենց ներգրավում ենք հասարակական ակտիվներում: Նրանք իրենց օժտվածությամբ, մեր աշխատանքներին օգնելու պատրաստակամությամբ դառնում են մեր առաջին օգնականը՝ ստորաբաժանումներում իրավական, հոգևոր-մշակութային, դաստիարակչական և այլ աշխատանքներ տանելու գործում:
Ցավոք, ունենում ենք նաև ցածր, ոչ բավարար գիտելիքներ ունեցող զինվորներ, որոնց հետ առաջին իսկ օրից մենք լուրջ աշխատանքներ ենք տանում նրանց գիտելիքները հարստացնելու, կրթական մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:
Բանակին, զորամասին անհրաժեշտ են բանիմաց, մարտական առաջադրանքի իմաստը ճիշտ ընկալող, ճիշտ կատարող և ունակ զինվորներ: Այս առումով անփոխարինելի են ոչ միայն կազմակերպված հոգևոր-մշակութային միջոցառումները, դաստիարակչական աշխատանքները, անձնակազմի իրազեկումը, նաև՝ հասարակական-պետական պատրաստության պարապմունքները:
Զորամասում գործում են 23 ակտիվներ:
Իրավախախտումների կանխարգելմանը, դրանց պատճառների բացահայտմանն ու բարոյահոգեբանական կայուն մթնոլորտի ապահովմանն են ուղղված զորամասում իրավական ակտիվի անցկացրած և պարբերական բնույթ կրող պարապմունքները: Խորհուրդն իր գործունեության մեջ հաջողություններ է գրանցել, որոնցում իր դերն ունի զորամասի սոցիալական, իրավական աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ, ավագ լեյտենանտ Կարեն Միրումյանի պատասխանատու աշխատանքը:
Պարապմունքների անցկացման նախօրեին ակտիվի անդամներին են տրամադրվում քննարկվող նյութերը, պաշտպանության նախարարի կողմից հաստատված իրավական ուսուցման ձեռնարկները, հրահանգվում դրանց անցկացման մեթոդների և կանոնների մասին:
Ակտիվի անդամները ամեն շաբաթ օր, որոշակի ժամերի մասնակցելով ակտիվի պարապմունքներին, իրազեկվում են ներքին ծառայության կանոնագրքին, ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածներին, իրավական տեղեկատվության օրենքներին, նոր փոփոխություններին:
Զորամասում և ապահովման ստորաբաժանումներում նպատակաուղղված աշխատանքներ են իրականացնում նաև մյուս ակտիվները՝ անձնակազմի դաստիարակության, ուսուցման կազմակերպման, զինծառայողների մարտական ոգին բարձրացնելու, զինվորական կարգապահությունը և կարգուկանոնը, բանակ-հասարակություն կապերն ամրապնդելու, անձնակազմի հանգիստն ու ժամանցը հետաքրքիր և բովանդակալից կազմակերպելու ուղղությամբ:
Հաճախ գաղափարական և հայրենասիրական դաստիարակության ակտիվի պարապմունքների անցկացմանը ներգրավվում են տարածաշրջանի վետերանների խորհրդի անդամները:
Սուսաննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Խորագիր՝ #29 (1149) 03.08.2016 - 09.08.2016, Ազգային բանակ