ՔԵԶ ՀԱՄԱՐ, ԶԻՆՎՈ՛Ր
Էդվարդ Անտինյանը մասնագիտությամբ ճարտարագետ շինարար է։ Ծնվել է Լոռու Մարգահովիտ գյուղում։ Ինչպես ինքն է ասում. «Հայրենի եզերքի մարդկանց հետ է եղել շենացնելու, նեղության ժամանակ եւ պատերազմելիս»։
«Վերադարձ» գրքույկը, որ բաղկացած է «Խենթերս», «Վերադարձ», «Հեթանոս երգեր» եւ այլ խորագրերից, անկեղծ ու գեղեցիկ ձոն է նվիրված հայրենիքին, հայրենի հողը հերկող ու պահող իր ընկերներին, հայ զինվորին ու նրա զենքին, հայոց բանակին։ Որ հեղինակը ակնհայտորեն չի հավակնում ներկայանալ որպես բանաստեղծ, լավագույնս վկայում է գրքույկի «Նախերգը». /Մի շիվ եմ սրել այգուս ոստերից/ Ուզում եմ հոգուս լսածը փրկել/ Հոգուս լսածը երգ է հոգեթով/ Ուզում եմ ձեզ տամ՝ անեղծ ու շիտակ/ Կամ երգեք ձայնի զնգուն արծաթով/ Կամ էլ դնդնաք գոնե քթի տակ/։ Այսուհանդերձ, Էդվարդ Անտինյանը բանաստեղծելու շնորհքով օժտված մարդ է։ Ունի բանաստեղծություն կառուցելու ակնհայտ վարպետություն։ Գրիչը վարժ է, կամ այսպես ասենք՝ մարզված եւ բառն իր ուրույն տեղն ունի ինչպես տողում, այնպես էլ ամբողջ բանաստեղծության մեջ։
Ներկայացվող բանաստեղծություններն ընտրված են «Խենթերս» բաժնից։ Համոզված ենք, որ ուշադիր ընթերցողը կհամակվի հեղինակի անկեղծ ու ջերմ հայրենասիրական պաթոսով։
Գ. Ա.
Հայոց բանակին
Հայոց լեռներ մթար ու մեգ,
Դըղրդում են, հառաչում,
Սեգ ժայռերին հազար ու մեկ
Կայծակ թրեր են շաչում։
Էն Մհերն է, բոյի՜ն մեռնեմ,
Նո՛ր է քարից դուրս եկել,
Մե՛զ է կանչում, հիմի կելնեմ,
Ե՞րբ պետք կգամ ես մեկ էլ…
Ես է՛լ հողին կխառնվեմ,
Թող ինձանով ամրանա,
Գոռ գնդերը թող գան-անցնեն,
Ոսոխները համրանան։
Կանցնեն երգ ու խրոխտ քայլով,
Գետինն էլ չի երերա,
Արե՛ւ կելնի, ճերմակ փայլով
Մասիսները կերեւան։
Հայոց հպարտ լեռներից դեն
Կայծակն է դեռ շառաչում,
Դավթի Որդու զարկը արդեն
Ոսո՛խն էլ է ճանաչում։
Երկրապահներին
Մերօրյա՛ խենթեր, ձեր խենթությանը
Ապավինեցին խելոքներ բազում,
Հավատ ունեցան մեր հաղթությանը,
Ինչ վաղուց անգամ չէին երազում։
Ձեր գլխին առաք փոթորիկ ու շանթ,
Որպես հարեհաս, ամենափրկիչ,
Որ նոր բանակիս տնկիները թանկ,
Կանաչեն, աճեն, զորանան մի քիչ։
Երկրապա՛հ խենթեր, մի բառ չասելով
Արժանապատիվ բաների մասին,
Կերտեցիք դրանք… լեզու դնելով
Բերանին ոմանց պարծենկոտ ու սին։
Երկրապահները սովոր են քչին,
Փառքի ետեւից երբեք չեն վազում,
Բայց ճիշտը կուզեք՝ ամենքի գլխին
Մեծ փառքի մի-մի պսակ է սազում։
Արծվի թեւի նման բեղերով,
Ձեր տեսքի՜ն մատաղ, պիտի թեւածեք,
Ձեր հոգնած ոտքի դիպած տեղերով
Հին Հայրենիքիս սահմանը գծեք։
Հայ սպային
Քրոջս որդուն՝ Սմբատին
Երկնահաս լեռների սեգ արծիվ
Հայ սպա՝ մերօրյա իմ Սեպուհ,
Մեր զենքի մեծ փառքի պսակին
Տո՛ւր հզոր քո թեւից մի փետուր։
Հոգսաշատ ուսերիդ աստղերին
Ցոլքերն են՝ մեր Թրի-Կեծական,
Ամպ չկա իմ հպարտ լեռներին
Քեզ նման արծիվներ քանի կան։
Ոգի՛ տուր, թող որդիս ամրանա,
Քո հույսով, քո կողքին եւ «ի զեն»,
Քո ձեռքին աղավնիս կդառնա
Քաջասիրտ, սեւեռուն մի բազե։
Այս դաժան ու դժար աշխարհում,
Ուր որս են բոլորը, կամ որսկան,
Հայ սպա, աստղազա՛րդ իմ Սեպուհ,
Մեր զենքը պահպանի՛ր անխափան։