ՔԱՇԱԹԱՂ. ԱՎԱՐՏՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԸ
Ամառային զորակոչի ավարտը Քաշաթաղի շրջանում կայացավ հուլիսի 25-ին: Ինչպես միշտ, այս անգամ ևս բոլոր նորակոչիկները վերջնական բուժզննում անցան շրջանային բուժմիավորումում: Զինկոմիսարիատի զորակոչի բաժնի աշխատակիցները վերջնական տեսքի բերեցին նրանց փաստաթղթերը, զրուցեցին տղաների և ծնողների հետ, լրացրին հարցաթերթիկները:
Զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանը տեղեկացրեց, որ նախորդ զորակոչերը ևս անցել են հավուր պատշաճի, և այսօր արդեն շրջանից հարյուրավոր տղաներ համալրել են հայոց բանակի շարքերը: Ընդունված կարգի համաձայն՝ զինկոմիսարիատի միջանցքում նորակոչիկները շարք կազմեցին, և զորակոչի բաժնի պետ, կապիտան Հովհաննես Բայաթյանը մեկ անգամ ևս հարցրեց՝ արդյոք տղաները որևէ խնդիր ունե՞ն:
Տղաներին ողջունեց զինկոմ Ստ. Օհանջանյանը և հորդորեց լինել կարգապահ զինվոր, ենթարկվել բանակի կարգ ու կանոնին, ավագների հրամաններին: Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը տղաներին մաղթեց բարին և խորհուրդ տվեց լինել զգոն, աչալուրջ: Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում մոմ վառելուց հետո նորակոչիկները մեկնեցին կենտրոնական հավաքակայան:
Թե՛ ծնողները և թե՛ նորակոչիկները բարձր տրամադրությամբ են եկել զինկոմիսարիատ: Վակունիսից 8 երեխաների հայր Անդրանիկ Միքայելյանը երկրորդ որդուն՝ Արամին է ճանապարհում բանակ: Ասաց՝ որոշ հանգամանքներից ելնելով է, որ հետաձգվել էր որդու բանակ մեկնելը, սակայն Արամն ինքը որոշեց ժամանակին մեկնել:
Անդրանիկի ավագ որդի Ալիկն այժմ պայմանագրային զինծառայող է, և հայրը վստահ է՝ որդիները ամուր կպահեն հայրենիքի սահմանը: Ծատրյան Էդիկը Փակահան գյուղից է: Տրամադրությունը բարձր է: Քույրը՝ վեցերորդ դասարանցի Միլենան, համոզված է, որ Էդիկն էլ ավագ եղբոր՝ Էրիկի նման լավ զինվոր կլինի: Իսկ ավագ եղբայրը վերջերս է վերադարձել բանակից, մասնակցել է ապրիլյան պատերազմին, աչքի ընկել համարձակությամբ, արժանացել խրախուսանքի: Հարություն Սմբատյանը Բերձորից է, ուսանում է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում: Հարազատների ուղեկցությամբ է եկել այստեղ: Քույրերն ասում են, որ կարոտելու են նրան, բայց, մեկ է, ուրախ սրտով են բանակ ճամփում: Ուռեկանցի Հայկ Սիմոնյանը երկկողմանի ծնողազուրկ է, ունի որոշակի արտոնություններ: Ասաց՝ պատրաստ է նաև մարտական հենակետում ծառայել: Արա Մասկաևը Բերձորի գիշերօթիկ հաստատության սան է, միակողմանի ծնողազուրկ: Այս տարի է ավարտել դպրոցը: Մոր, երեք փոքր քույրերի և համադասարանցիների հետ սպասում է մեկնելուն: Նժդեհ Մուրադյանը Քարեգահ գյուղից է: Պատրաստ է ծառայել հայրենիքին, պաշտպանել երկրի սահմանները և հաստատել՝ իզուր չի կրում մեծն Նժդեհի անունը:
Եկավ մեկնելու պահը. տղաները զինկոմիսարիատի աշխատակցի հրահանգով բարձրացան ավտոբուս և հրաժեշտ տվեցին բոլորին: Ավարտվեց հերթական զորակոչը, հայրենիքի նոր պաշտպանները մեկնեցին հայոց բանակ, և ես հավատում եմ՝ բոլորն էլ պատվով են կրելու Հայրենիքի զինվորի կոչումը:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #29 (1149) 03.08.2016 - 09.08.2016, Ազգային բանակ