Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ



Մայիսի տասնվեցից սկսված զորակոչը մոտենում է ավարտին։ Հանրապետության տարածքային զինկոմիսարիատների մեծ մասի աշխատանքային ցուցանիշները դրական են, ինչն էլ վկայում է, որ ընդհանուր առմամբ նախանշված պլանային առաջադրանքները կատարվելու են։ Հունիսի վեցից սկսվել է նաեւ բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտածների զորակոչը։

Հանրապետական հավաքակայանում հետեւելով գործընթացին` համոզվեցինք, որ ուսումնական զորամասերը համալրելու հարցում մոտեցումը փոխվել է։ Զինակոչիկի` միայն մասնագիտական կրթություն ունենալը եւ առողջական բավարար վիճակը դեռ չեն երաշխավորում նրա` ուսումնական զորամասերում ծառայության նշանակվելը։ Զորատեսակի ու զորամասի ներկայացուցիչները (հրամանատարները) ստուգում են իրենց առաջարկվող զինակոչիկների ֆիզիկական տվյալները, ձգտում են հնարավորինս շատ տեղեկություններ ստանալ նրանց վարքի, բարոյահոգեբանական հատկանիշների վերաբերյալ։ Բարձրագույն ուսումնական հատատություններում լավ սովորած եւ առողջական, ֆիզիկական անհրաժեշտ տվյալներ ունեցող զինակոչիկներին հավաքակայանում առաջարկում են նրանց նախընտրած զինվորական մասնագիտության գծով միամյա դասընթացներ ունկնդրել եւ որպես սպաներ ծառայությունը շարունակել ազգային բանակի մարտական զորամասերում։ Շատ զինակոչիկներ առանց տատանվելու ընդունում են այս առաջարկությունը։ Օրինակ` Նոր Նորքի զինկոմիսարիատից զորակոչված Վահե եւ Նարեկ Շահինյան եղբայրները, իմանալով այս նորության մասին, անմիջապես որոշել էին հնարավորությունը բաց չթողնել։

– Ես մեծն եմ, ծնվել եմ 1988թ., իսկ Նարեկը ինձնից մեկ տարով փոքր է,- ասաց Վահեն։- Մենք սովորել ենք Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում, ութերորդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել ենք թիվ 6 արհեստագործական ուսումնարանում, միաժամանակ աշխատել ենք։ Դրանից հետո ընդունվել ենք Երեւանի պետական համալսարան, ես` միջազգային հարաբերությունների, իսկ Նարեկը` իրավագիտության ֆակուլտետ։ Ավարտել ենք ե՛ւ բակալավրիատը, ե՛ւ մագիստրատուրան։ Բայց առաջարկը մեր սրտով է։ Երկուսս էլ որոշել ենք զինվորական դառնալ։

♦♦♦

Զրուցեցինք նաեւ Ապարանի եւ Չարենցավանի զինկոմիսարիատներից զորակոչվող տղաների հետ։

– Արման Սահակյան, Շենավան գյուղից եմ, ունեմ միջնակարգ կրթություն, ուզում եմ իմ հասակակիցների հետ ծառայել ու զորացրվելուց հետո մտածել ուսման ու աշխատանքի մասին։

-Անդրանիկ Ղազարյան, ապարանցի եմ, ավարտել եմ ֆիզկուլտուրայի պետական համալսարանը։ Այժմ միայն զինվորական պարտքս տալու մասին եմ մտածում։

Հարություն Առաքելյանն ասաց, որ հայկական պետական ճարտարագիտական համալսարանի ռադիոֆակուլտետի շրջնավարտ է, իսկ Միքայել Մայիլյանն էլ նշեց, որ ավարտել է ագրարային համալսարանը։

♦♦♦

Չարենցավանցի Արմեն Աղջոյանն ասաց, որ կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնի շրջանավարտ է, միաժամանակ կարողանում է նվագել այլ գործիքներ։

– Բախտս շատ կբերի, եթե զորամասում հանկարծ դաշնամուր լինի, ազատ ժամերին կնվագեմ, որ հետ չվարժվեմ,- ասաց Արմենը։

Հայկական պետական ճարտարագիտական համալսարանի նույն՝ էներգետիկայի ֆակուլտետն էին ավարտել Վահե Հովհաննիսյանը եւ Վլադիմիր Գալուստյանը։ Տղաներն ասացին, որ էական չէ, թե ուր կզորակոչվեն, որտեղ կծառայեն։

– Գիտենք, որ բոլոր զորամասերում էլ պայմանները նույնն են, նույնն է նաեւ ծառայության ժամկետը, կաշխատենք մեր պարտքը տղամարդավարի կատարել ու վերադառնալ,- ասաց Արմենը։

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #24 (889) 22.06.2011 – 29.06.2011, Բանակ և հասարակություն


29/06/2011