Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ. ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ»



Ի՞նչ է ուտում  զինվորը. այս հարցը ամենից շատն է մտահոգում հասարակությանը, զինվորների ծնողներին: Արդյոք թարմ, սննդարար ու որակյա՞լ է զորամասեր առաքվող պարենամթերքը: Որոշեցինք պարզել տեղում, թե ինչ ճանապարհ է այն անցնում, մինչեւ կդրվի զինվորի սեղանին: Մեկնեցինք ՀՀ ՊՆ պարենի եւ տեխնիկական միջոցների կենտրոնական բազա, որտեղ պահպանվում է ամբողջ սննդամթերքը:

 

«ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ. ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ»Ընդունում, պահպանում, բացթողում

Ամենից առաջ ասեմ, որ կենտրոնական բազա ասվածը զորամաս է: Այս զորամասը սակայն տարբերվում  է մյուսներից: Ամեն զորամաս պատասխանատու է իրեն վստահված բնագծի համար, իսկ այս մեկը` ամբողջ զորքի սննդային անվտանգության: Զորամաս է՝ բազմաթիվ մեծ շինություններով՝ սառնարանային տնտեսություն, պահեստներ… Եվ եթե զորամաս է, ուրեմն նաև հրամանատար ունի: Փոխգնդապետ Արմեն Տոնոյանը հեռախոսով կարգադրություններ է տալիս. շուտով պանրի խմբաքանակ պետք է ստանան: Նա  ներողություն է խնդրում սպասեցնելու համար. հասկանալի է՝ զորքի սննդի հարցերն առաջնային են հրամանատարի համար: Աշխատասենյակի պատին փակցված պատվոգրերն ու շնորհակալագրերն եմ կարդում. դրանք տրված են ծառայական տարբեր տարիներին մարտական պատրաստականության, զինվորական կարգապահության բարձր արդյունքներ ցուցաբերելու համար, նաեւ` կենտրոնական բազան երկու անգամ ճանաչվել է թիկունքի լավագույն զորամաս:

-Մեր խնդիրը թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական պայմաններում նույնն է` առանց խափանումների զորամասեր մատակարարել որակյալ մթերք,- զրույցն սկսում է հրամանատարը:- Պատկերացնո՞ւմ եք` հանկարծ ուշացնենք, սննդի մի նմուշ անորակ լինի… Չափազանց  պատասխանատու գործ է, նույնքան կարևոր և պատասխանատու, որքան դիրք պահելը:

«ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ. ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ»Հետո փոխգնդապետը ներկայացնում է զորամասի գործառույթները` պարենամթերքի ընդունում, պահպանում, բացթողում. «Ընդունումն այսպես է կատարվում. ապրանքի մատակարարի հետ կնքված է պայմանագիր: Ըստ ամիսների բաշխված է առաքվող ապրանքի քաշը: Ենթադրենք՝ այս ամիս ընկերությունը զորամաս պետք է  մատակարարի 10 տոննա պանիր:  Հաշվապահությունում այդ ամենը գրանցվում է, ուսումնասիրվում են փաստաթղթերը, եթե խնդիր չկա, ապա բեռնատարը մտնում է զորամաս: Մթերքը դատարկվում է զորամասի պահեստում: Այնուհետեւ մեր փոքրիկ լաբորատորիայի հանձնաժողովը համեմատում է ապրանքի հատկանիշները տեխբնութագրում նշված  կետերի հետ, կատարում է տեսողական հետազոտություն: Եթե թերացում չկա, ապրանքը ընդունում ենք ի պահ: Խիստ ենք վերահսկում, շատ խիստ»,-հրամանատարը հատ-հատ շեշտում է բառերը:

Հաջորդ փուլում զորամասը ապրանքի մուտքի մասին հեռախոսագիր է ուղարկում ՊՆ երկու լաբորատորիաներ: Մյուս օրը լաբորատորիայի աշխատակիցները նմուշառություն են կատարում, եւ ապրանքը տանում քննության. «Մինչեւ երկու լաբորատորիաներից էլ դրական պատասխան չստանանք, իրավունք չունենք սնունդը զորամաս առաքելու»,- ասում է փոխգնդապետ Տոնոյանը:

Հետաքրքրվում եմ՝ շա՞տ են դեպքերը, երբ ապրանքը փորձաքննության ընթացքում ճանաչվում է ոչ պիտանի: Հրամանատարը փաստաթղթերի մի մեծ տրցակ է դնում սեղանին: Արձանագրություններ են.

Մսաբուսական պահածո կարմիր լոբի հատիկավոր` մսով. պահածոյի նմուշները իրենց զգայաբանական ցուցանիշներով չեն համապատասխանել սահմանված չափորոշիչներին: Նմուշները ունեցել են տվյալ տեսակին ոչ բնորոշ թույլ արտահայտված կողմնակի հոտ: Ապրանքը վերադարձվել է: 

Մսի պահածո. նմուշները իրենց ֆիզիկաքիմիական եւ մանրէաբանական ցուցանիշներով համապատասխանել են սահմանված կարգին, սակայն օրգանալեպտիկ ցուցանիշներով` ոչ: 

Բրինձ. նմուշը իր ֆիզիկաքիմիական, վնասատուներով վարակվածության եւ աղտոտվածության ցուցանիշներով չի համապատասխանում սահմանված չափորոշիչներին: Հետազոտված բրնձի խմբաքանակը պիտանի չէ ՀՀ ԶՈՒ անձնակազմի սննդացանկում օգտագործելու համար:

Արեւածաղկի ձեթ. արկղերի վրա մակնշված ապրանքի քաշը` բրուտտո, նետտո, չեն համապատասխանում իրականին:

Եվ սա ոչ պիտանի ճանաչված ապրանքների ցանկի չնչին տոկոսն է միայն:

Մթերքի պահպանումը կատարվում է  զորամասի տարածքում կառուցված պահեստներում: Զորամասում  կա համապատասխան ցանկ, որում մանրամասն նշված է, թե որ ապրանքը ինչպես պետք է պահպանել:

Բացթողումն իրականացվում  է  ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պետի եւ պարենային ծառայության պետի կարգագրերով: Այստեղ տեղեկացված են, թե որ զորամասը ինչի կարիք ունի եւ ինչ քանակությամբ. «Մթերքը մեր զորամասից բեռնատարներով տեղափոխվում է մյուս մեր բազաներ: Այնտեղից էլ բաշխվում է ըստ զորամասերի: Կենտրոնական պարենային բազայից մինչև զորամասային ճաշարան ընկած բոլոր օղակները պետք է հստակ ու կազմակերպված գործեն: Բանակը պետք է կուշտ լինի»,- շեշտում է Տոնոյանը:

 

«ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ. ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ»Սառնարանային համալիրում

Զորամասի հրամանատարի ուղեկցությամբ քայլում ենք դեպի սառնարանային համալիր: Այն առանձին շինություն է, որտեղ պահպանվում են շուտ փչացող ապրանքները: Զորամասի տարածքում տեղակայված են երկու այսպիսի 150-տոննայանոց սառնարանային տնտեսություններ, որոնք բազմասենյականոց բնակարաններ են հիշեցնում: Ներսում առանց տաք վերարկուի շրջելն անհնար է. ցուրտը սողոսկում է ոսկորներիդ մեջ: Ուստի առաջին հերթին հագնում եմ հատուկ վերնահագուստն ու հետո միայն տնտղում սառնարանների պարունակությունը: Մթերքը բաշխված է ըստ սառնախցերի` խոզի եւ տավարի միսը պահպանվում է -18-ից -200C պայմաններում, երշիկն ու խոզի ճարպը` -80C, պանիրը` -2-ից -3.20C եւ այսպես շարունակ:

Սառնարանների պարունակությունից դատելով՝ կարող եմ ասել, որ բավականին բազմազան է մեր զինվորի ուտելիքը՝ ճաշին՝ տավարի միս, ընթրիքին՝ մի օր՝ ձուկ, մի օր՝ հավի ազդրամիս, մի օր՝ խոզի միս: Հրամանատարը հաստատում է ասածս ու վստահեցնում, որ բազմազանության հետ միասին ամեն ինչ նաև բարձր որակի է:

«ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ. ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ»Ինչպես միսը, այնպես էլ շուտ փչացող մյուս ապրանքները` երշիկ, պանիր, կարագ, ձու, այստեղից զորամասեր են տեղափոխվում միայն սառնարանային մեքենաներով:  Սառնարանային տնտեսության պահեստապետը` Սողոմոն Սարոյանը, նշում է, որ ջերմաստիճանի տատանումները բացասաբար են  անդրադառնում սննդի որակի վրա: Ուստի բեռնատարների խցերում կայուն ջերմաստիճան է պահպանվում:  Սառնարանային համալիրի  օպերատորն էլ երկու ժամը մեկ ստուգում է սառնախցերի, ինչպես նաև մեքենաների խցերի ջերմաստիճանը, հարկ եղած դեպքում` կարգավորում:

Դուրս եմ գալիս: Վայելում եմ ամառվա շոգ օրը: Զորամասի բակում վարորդները ջանասիրաբար լվանում են իրենց բեռնատարները:

-Որտեղի՞ց եք գալիս,- հետաքրքրվում եմ:

-Երեկ երեկոյան ենք վերադարձել սահմանագծից,- պատասխանում է միջին տարիքի վարորդը,- սնունդ տարանք մեր տղաներին, հիմա էլ նախապատրաստվում ենք մեկ այլ ուղեւորության: Մեքենաները պետք է լվացված, անթերի մաքուր լինեն, այլապես՝ չեն թույլատրի ապրանք բարձել:

 

«ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ. ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ»«ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ. ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ»N 6 պահեստում

Ասես արևելյան համեմունքի խանութում հայտնված լինեմ: Սեւ պղպեղի, չորացրած ռեհանի, ծիտրոնի, մաղադանոսի բույրը միախառնվել  է սեւ ու կանաչ թեյերի, սուրճի փափուկ երանգներին: Պահեստարանի պետը  կրտսեր սերժանտ Վարդան Խաչատրյանն է: Նա ասում է, որ գրամ առ գրամ ստուգվում է ամեն մթերքի քաշը, և որ ինքը բծախնդրորեն է ստուգում  սննդի պիտանելիության ժամկետները: Պարզում եմ, որ այս պահեստում  սննդամթերքը ոչ թե պատահականության սկզբունքով է դասավորված, այլ՝ ըստ համատեղելիության:

Տեսնում եմ օշարակի ու ջեմի ապակյա տարաներ.  «Օշարակն էլ, ջեմն էլ տեղական են, ինչպես եւ մեր ապրանքների մեծ մասը: Հայաստանում ծիրանի սեզոն է, ուրեմն ջեմն էլ ծիրանի է: Բայց ունենում ենք նաեւ  խնձորի, սալորի, դեղձի ջեմ»,- ասում է Ա. Տոնոյանը:

Արկղերին գրություններ են` «Ի պահ», «Ընթացիկ»: Հրամանատարը բացատրում է, որ «Ի պահ» գրությունը վկայում է, որ ապրանքը դեռ լաբորատոր փորձաքննության փուլում է: Դրական պատասխանից հետո արկղերի վրա փակցվում է «Ընթացիկ» գրությունը, այսինքն՝ կարող է զորքեր մատակարարվել:

 

«ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ. ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ»Զինվորին` ուժ

Այս պահեստը թեև համար ունի, բայց ես այն կանվանեմ քաղցրավենիքի պահեստ:

Ո՞վ չի սիրում քաղցրեղեն. այդպիսիք երևի թե  քիչ կան: Անգամ տղամարդկանց մեջ: Ուստի պարենային բազայից զորամասեր են ուղարկվում նաեւ կարամել, տեղական արտադրության շոկոլադ ու թխվածքաբլիթ: «Զինվորին` ուժ». հասկանալի է, որ այս գրությունը շոկոլադե սալիկների տուփի վրա է գրված: Զորամասի հրամանատարը նկատում է. «Հավատացեք` քաղցրավենիքը ոչ միայն սննդարար է, այլև բարձրացնում է զորքի բարոյահոգեբանական վիճակը: Հիշում եմ, թե ինչպես էր մի կտոր շոկոլադը փոխում մեր տրամադրությունը ռազմի դաշտում»:

 

 

«ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ. ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ»Պահածոների ամբարում

Ի դեպ, դիրքային սնունդը տարբերվում է զորամասային սննդից:

Մարտական հերթապահության օրերին զինծառայողները հիմնականում ուտում են պահածոյացված բանջարեղեն, միս եւ ձուկ: Պահեստում իրար վրա դարսված է դիրքեր առաքվող պահածոյացված սննդի տեսականին` կանաչ ոլոռ մսով, խավիար, մարինադ, խեկ եւ այլն: Պահածոների պահպանման ժամկետը հիմնականում 36 ամիս է: Պահեստում զով է. ջերմաստիճանը պետք է լինի 0-ից +200C, իսկ օդի հարաբերական խոնավությունը 75 %: Պահածոյացված մսի ծանոթ տուփ եմ նկատում: Հետո հիշում եմ, որ դիրքերում եմ փորձել: Համե՛ղ էր:

Պահեստում աչք են շոյում թե՛ տուփերի համաչափ շարվածքը, թե՛  դրանց եւ պատերի միջեւ բծախնդրորեն պահված հեռավորությունը. «Ճիշտ եք նկատել` հեռավորությունը պատից մոտ 80 սանտիմետր է,- ասում է հրամանատարը:- Այս ամենը ինքնանպատակ չէ եւ ոչ էլ գեղեցկության համար: Ցանկացած պահի պահեստապետը կամ ստուգում իրականացնող անձնակազմը պետք է կարողանա ազատ տեղաշարժվել շարքերի միջով եւ հաշվել տուփերի քանակը»:

ՀՀ ՊՆ կենտրոնական պարենային բազայում պահվող ապրանքների և արկղերի վրա բազմաթիվ գունավոր խոշորատառ ու մանր գրություններ կարելի է կարդալ, որոնք վկայում են հստակ կարգուկանոնի համակարգված աշխատանքի մասին, ինչպես դեղատանը:  Ամենատարածվածը, որ անխտիր փակցված է ամեն ապրանքի վրա՝ «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» գրությունն է:

 

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.` հեղինակի

Խորագիր՝ #30 (1150) 10.08.2016 - 16.08.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


10/08/2016