Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՄ ԿՌԻՎԸ ԱՆԻՄԱՍՏ ԿԴԱՌՆԱ, ԵԹԵ ԴՈՒ ԵՐՋԱՆԻԿ ՉԼԻՆԵՍ



ԻՄ ԿՌԻՎԸ ԱՆԻՄԱՍՏ ԿԴԱՌՆԱ, ԵԹԵ ԴՈՒ ԵՐՋԱՆԻԿ ՉԼԻՆԵՍՇուլի անուն երբեք չէի լսել, իսկ մեր Շուլին՝ Շուլի Հակոբյանը, քառօրյա պատերազմի ժամանակ երեք տանկ է խոցել: Չգիտեմ՝ աշխարհում էլի Շուլի կա, թե ոչ, բայց մի բան հաստատ է՝ մեր Շուլին իր սխրանքով փառավորեց այդ անունը:

Իմ աշխատասենյակում ես սպասում եմ Շուլիին. նա օրերս է զորացրվել ու իր ծննդավայր Գյումրիից գալու է Երեւան, որ պատմի, թե ինչպես զինվոր տղերքով փակեցին մեր հողը մտած հակառակորդի ճանապարհը:

…Շուլին բարձրահասակ է, թիկնեղ, կապուտաչյա, գեղեցիկ:

-Վահագնին ես նման,- ասում եմ:

-Ո՞ւմ,- շփոթված ժպտում է: -Վահագնը ո՞վ է:

-Նա հուր հեր ուներ, բոց ուներ մորուս, և աչքունքն էին արեգակունք,- արտասանում եմ:

Գլխով է անում:

-Վահագնը կրակի ու պատերազմի Աստվածն է: Հեթանոս հայերը…,- երկար-բարակ բացատրում եմ:

Աչքերը կկոցած նայում է, շուրթերի ծայրին ներողամիտ ժպիտ կա:

-Ես դպրոցում գերազանցիկ եմ եղել,- ասում է: -Հենց առաջին տողն արտասանեցիք, իմացա` ում մասին է խոսքը:

«Այ քեզ Շուլի»:

ԻՄ ԿՌԻՎԸ ԱՆԻՄԱՍՏ ԿԴԱՌՆԱ, ԵԹԵ ԴՈՒ ԵՐՋԱՆԻԿ ՉԼԻՆԵՍՀանկարծ կիսաբաց դռնից նկատում եմ, որ միջանցքում ևս երկու հոգի կա:

-Քեզ հե՞տ են,- հարցնում եմ:

-Հա, բանակի ընկերներս են` Ռաֆայելն ու Վահեն: Ռաֆայելին պիտի որ ճանաչեք:  Երբ մենք դիրքերում էինք, Դուք Երևանում հանդիպել եք նրա ծնողների հետ, հրավիրել եք Ձեր տուն, հոդված եք գրել: Ռաֆայելն էլ է երեք տանկ խոցել ու «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշան ստացել:

Զինակիցներին ներս եմ հրավիրում:

-Շուլին ու Ռաֆայելը գյումրեցի են, ես ու Վահանը` երևանցի, ուժերը հավասար են,- իբր բան ասացի:

-Կռիվ-կռի՞վ ենք խաղալու,- ծիծաղում է Շուլին:

-Դե, գյումրեցիները հայտնի են իրենց ինքնահավանությամբ, մեծամտությամբ: Միանգամից երկու գյումրեցի` 6 խոցված տանկով ու երկու «Մարտական խաչով»…

Չի թողնում միտքս ավարտեմ:

-Մենք մեծամիտ չենք: Ինքնահավան չենք: Պարզապես մենք գիտենք` ինչով պիտի հպարտանանք:

-Օրինակ` դու ինչո՞վ ես հպարտանում:

-Իմ ու Ռաֆայելի պապերն են հիմնել Գյումրիի Շիրակ գյուղը: Յոթ ընկերով եկել ու տներ են կառուցել հողի վրա: Մեռած հողին շունչ են տվել:

-Մեռած հողը ո՞րն է:

-Երբ հողի վրա տուն չկա, ծառ ու ծաղիկ չկա, մարդու ոտնահետք չկա, մեռած հող է: Գյուղը նախկինում կոչվել է Ղոնախրան` հյուր խեղդող: Թուրքերն են այդպես կոչել մի դեպքից հետո: Թուրքերը հաճախ են եկել Գյումրի` առևտուր անելու և  հյուրընկալվել են պապիս տանը: Մի օր էլ պապս լսել է, թե ինչպես են թուրքերը պայմանավորվում գիշերով խեղդել իրենց հյուրընկալած ընտանիքին ու գողություն անել: Կեսգիշերին պապս խեղդում է հյուրերին:

Ես էս պատմությունը փոքրուց եմ լսել: Տատս Արևմտյան Հայաստանից էր, պատմում էր, թե ոնց են թուրքերը կոտորել անզեն հայերին, ոնց են տանջամահ արել, ու էդ պատմությունների ֆոնին թուրքերին խեղդած պապիս սխրանքը մի տեսակ սրտի հովանք էր:

-Դրան գումարվեց քո խոցած երեք տանկը:

Շուլին ծիծաղում է:

-Թուրքերի հետ իմ ջուրը փոքրուց մի առվով չի գնացել: Ես կարատեիստ եմ: Հաջողություններ ունեի, միջազգային մրցույթների էի մասնակցում: Եվրոպայի չեմպիոն եմ եղել 16 տարեկանում: Շատ հնարավոր է, որ ավելի մեծ բարձունքների հասնեի, եթե չլիներ Ստամբուլում աշխարհի առաջնության ժամանակ թուրք մարզիկի ստոր պահվածքը: Ինձ հրահրեց: Ես էլ նյարդայնացած էի. թուրք մրցավարն անարդար էր դատում, կողմնապահություն էր անում: Համբերության բաժակը լցվեց, չդիմացա: Ինձ որակազրկեցին:

-Չէի՞ր վախենում, ախր, թշնամու տանն էիր:

-Վախենում էի, բայց կյանքում պահեր կան, որ տղամարդկային արժանապատվությունդ մահվան սարսափից ուժեղ է:

-Պատերազմի ժամանա՞կ էլ էր նույնը:

-Նույնն էր: Վախենում էի, բայց այլընտրանք չկար: Հրամանատարն ասաց` տանկերի հարվածից արդեն երկու զոհ ունենք, ով կգնա լռեցնելու դրանց: «Ե՛ս»,- ասացի: Հնարավո՞ր էր չասել:

-Չգիտեմ:

-Հնարավոր չէր: Պարզից էլ պարզ էր, որ տանկի դեմ գնալը մահվան հետ պահմտոցի խաղալ է: Թուրքը խփում էր բոլոր զինատեսակներով, արկերը թափվում էին կարկտի պես: Ռաֆայելն էլ «ինքնառաջադրվեց»:

-Ո՞նց «ինքնառաջադրվեց»:

Շուլին բարձրաձայն ծիծաղում է:

-Դե, ասաց, որ ինքն էլ կգնա տանկերի դեմ: Ու ինքն էլ էր վախենում մեռնելուց: Ու կյանքը շատ էր սիրում: Բայց երեք տանկ խոցեց: Ու ինձ համար հիմա միևնույն չի, թե դու ոնց ես ապրում` սոված ես, թե կուշտ, երջանիկ ես, թե դժբախտ: Ես ընկերներ եմ կորցրել քառօրյա պատերազմում, ես կռվել եմ թշնամու դեմ, ու էդ ամենը կարժեզրկվի, իմ կռիվը անիմաստ կդառնա, եթե դու երջանիկ չլինես ու չսիրես քո երկիրը` ի՛մ երկիրը: Եթե խռովես քո երկրից ու քո ժողովրդից:

-Իսկ դու երջանի՞կ ես: Ո՞նց ես ապրում, ինչպե՞ս ես կառուցելու կյանքդ:

-Համալսարանի տնտեսագիտության բաժնում կշարունակեմ ուսումս: Ավարտելուց հետո կձգտեմ աշխատանք գտնել: Իմ պապերը թիթեղագործներ են, հայրս էլ: Ինձ էլ են սովորեցրել այդ արհեստը: Շուլի պապս ասում էր` ուզում ես՝ պրոֆեսոր եղիր, պիտի մի արհեստ իմանաս: Ես սիրում եմ աշխատել, սոված չեմ մնա:

Տղաները գնում են: Իսկ իմ ականջներում զինվորի ձայնն է.

-Իմ կռիվն անիմաստ կդառնա, եթե դու երջանիկ չլինես ու չսիրես քո երկիրը` ի՛մ երկիրը:

 

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #30 (1150) 10.08.2016 - 16.08.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


10/08/2016