Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ



ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔԳնդապետ Թ. Հայրապետյանի հրամանատարությամբ գործող զորամասում թեև անձնակազմի զորակոչի և զորացրման գործընթաց է, սակայն բոլոր ստորաբաժանումները բարձր մարտական պատրաստվածության վիճակում են: Ներկայումս զորամասում անցկացվում են ուսումնական փուլի նախապատրաստական աշխատանքները:

-Մարտական պատրաստության հարցերը մշտական ուշադրության կենտրոնում են,  անձնակազմի թե՛ զորացրման, թե՛ համալրման գործընթացի հետ կապված ոչ մի խնդիր չունենք: Բոլորը նշանակված են համապատասխան հաստիքների, կցագրվել են  սպառազինությունն ու տեխնիկան, կատարվել են ներդաշնակման պարապմունքներ: Հրամանատարական հավաքներում կատարելագործվել են ստորաբաժանումների հրամանատարների տեսական ու գործնական ունակությունները: Հուլիսի 25-ից 29-ն  անցկացված  ստուգարքներով պարզեցինք, թե ստորին օղակների հրամանատարական կազմը որքանով է պատրաստ հետագա մարտական խնդիրների կատարմանը: Ընդհանուր առմամբ՝ լավ արդյունքներ են արձանագրվել: Դրան զուգահեռ ավարտին են մոտենում նոր ուսումնական փուլի նախապատրաստական աշխատանքները: Մինչև օգոստոսի կեսերը նախատեսված են մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ ինժեներական (մարտական  դիրքերի կատարելագործման աշխատանքներ, տարբեր ստորաբաժանումների հրամանատարների ներգրավմամբ հավաքներ և մարտական պլանով նախատեսված պարապմունքներ, ինչպես նաև՝ զորանոցների, կցագրված տարածքների նախապատրաստման, փաստաթղթային բազայի նորացման և այլ միջոցառումներ,- վստահեցնում է, շտաբի պետ, փոխգնդապետ Արա Ալահվերդյանը:

ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔԱպրիլյան մարտական գործողությունների ժամանակ զորամասի անձնակազմը պատվով կատարեց իր առջև դրված մարտական խնդիրները: Հակառակորդն այս ուղղությամբ կիրառել էր անօդաչու սարքեր, որոնք ոչ միայն հետախուզական, այլ նաև  մարտական խնդիրներ էին կատարում:

-Ապրիլի 7-ին բրիգադի կենտրոնացման վայրում հայտնաբերվեց հետախուզում կատարող «կամիկաձե» անօդաչու սարք: Մեր զենիթային մարտկոցը անվրեպ գործեց՝ խոցելով այն: Թեև մեր կենտրոնացման շրջանը  հրետակոծվում էր, բայց լուրջ վնաս մեզ պատճառել չկարողացան,- նշեց փոխգնդապետը:

Ապրիլյան պատերազմից հետո լուրջ աշխատանքներ են իրականացվել մարտական դիրքերի ինժեներական կառույցների ամրացման, կապի միջոցների արդիականացման և այլ ուղղություններով: Մասնավորապես՝ արդիականացվել է տեխնոպարկը, սանիտարական և ծառայողական մեքենաների պարկը, գրեթե կեսով՝ կապի միջոցները. ավելացել են նոր տիպի ռադիոկայաններ:

-Նկատելի աջակցություն ցուցաբերեցին բարերարներն ու հասարակական կառույցները: Մեծ թվով կենցաղային ապահովման միջոցներ են տրամադրվել, այդ թվում՝ քնապարկեր, հոսանքի մարտկոցներ և ագրեգատներ, նորոգման միջոցներ: Արդեն ունենք օպտիկական միջոցներ,  հեռադիտակներ, գիշերային տեսանելիության սարքեր, քողարկման ցանցեր: Տրամադրվել է նաև ինժեներական տեխնիկա: Բրիգադի կենտրոնացման շրջանում հակառակորդի օդուժի և հրետանու խոցումից պաշտպանվելու համար բավականին ծավալուն աշխատանքներ են իրականացվել, – տեղեկացրեց բրիգադի շտաբի պետը:

ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔՓոխգնդապետ Ալահվերդյանի խոսքով՝ մարտական դիրքերում կատարված նորոգման աշխատանքներն ու սպայական, հրամանատարական անձնակազմի մարտական բարձր պատրաստվածությունն ու համերաշխության ոգին վկայում են, որ բրիգադը ի զորու է գերազանց կատարելու իր առջև դրված բոլոր խնդիրները:

-Բավականին մեծ է ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած սպայակազմի թիվը: Գործնականում նրանք արդարացնում են իրենց և բարեխիղճ իրականացնում ծառայական պարտականությունները: Ապրիլյան ռազմական գործողությունները ստիպեցին սպայական կազմը համալրել ռազմական բարձրագույն կրթություն չունեցող, բայց բանիմաց, փորձառու, արդեն կայացած զինծառայողներով: Նրանցից շատերը զբաղեցրել են ենթասպայի պաշտոններ և իրենց դրսևորել են միայն լավագույն կողմերով:  Նրանց կայացման ընթացքն ավելի հեշտ է: Պահեստազորային կազմից համալրվածների հետ աշխատանքները դեռ շարունակվում են, – նշում է փոխգնդապետ Ա. Ալահվերդյանը:

Շտաբի պետի խոսքով՝ քրտնաջան աշխատանքներ են տարվում նաև ստորաբաժանումների հրամանատարների կայացման ուղղությամբ: Համաձայն մարտական պատրաստության պլանի՝ երեք վաշտերի կազմով իրականացվել են մարտական հրաձգության զորավարժություններ:  Բոլորը գնահատվել են «լավ»:

ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ-Հաշվի առնելով անցած մարտական գործողությունների ժամանակ հակառակորդի կիրառած զինատեսակները և գործողությունների բնույթը՝ մշակվել են համապատասխան պլաններ: Զորավարժության ժամանակ մարտականին առավել մոտ պայմաններում լուծվել են նմանատիպ խնդիրներ, և բոլորը գնդահատվել են «լավ»:  Մենք ունենք ուսումնական օբյեկտներ և միջոցներ, որոնք ապահովում են պատրաստվածության ընթացքը, իսկ գործնական պարապմունքները մշտական ուշադրության կենտրոնում են, և  անհրաժեշտության դեպքում անցկացնում ենք նաև լրացուցիչ պարապմունքներ,- նշում է շտաբի պետը:

Անդրադառնալով նորակոչիկների խնդիրներին՝ փոխգնդապետն ասաց.

-Ընդհանուր առմամբ, նորակոչիկների կրթական մակարդակից գոհ ենք: Այս փուլում նոր ամրագրված անձնակազմը բավականին պատրասված է նախորդ զորակոչերի համեմատ: Զորամասի անձնակազմը տրամադրված է շատ մարտական: Բոլորն էլ անձնվեր, իրենց չխնայելով ծառայում են, որքան էլ ապրիլյան դեպքերից հետո որոշակիորեն սահմանափակ են մեր՝ սպաներիս հանգստի պայմանները: Անխտիր պատրաստ ենք մեր առջև դրված խնդիրները կատարելու,- հաստատակամորեն եզրափակում է զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Ա. Ալահվերդյանը:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #30 (1150) 10.08.2016 - 16.08.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


10/08/2016