Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ՝ ԿՐԱԿԱՅԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ



ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ՝ ԿՐԱԿԱՅԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄԱպրիլին հակառակորդը Արցախի ողջ երկայնքով մարտական գործողություններ սկսեց՝ օգտագործելով իր զինտեխնիկայի ողջ կարողությունը:

 

Պատմում է զորամասի դիվիզիոնի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Վ. ՄԱՆԱՍՅԱՆԸ

 

-Հակառակորդի անսպասելի հարձակումից հետո, մեկ վայրկյան էլ չկորցնելով, հենց առաջին օրը զորամասի ստորաբաժանումներն անմիջապես  կազմակերպվեցին և մեկնեցին կիրառման և կենտրոնացման շրջաններ՝ կրակային դիրքեր:

Ավելորդ է ասել մեր զինծառայողների մարտական բարձր ոգու, դիվիզիոնների, նրանց մարտկոցների  մարտունակության և պատրաստության, կարգապահության և  պատասխանատվության մասին: Յուրաքանչյուրս գիտակցում էինք հայրենիքի առջև  ունեցած մեր պարտքը:

Ավելի լավ է խոսեմ այն անգնահատելի փորձի ու մարտական գիտելիքի մասին, որ ձեռք բերեցինք կիրառման և կենտրոնացման շրջանում, մեր զբաղեցրած  կրակային դիրքերում:

Դիզիզիոնի զինծառայողներից որևէ մեկին այս պահին առանձնացնել ճիշտ չի լինի, քանի որ նրանք  բոլորն էլ հերոսներ էին այդ օրերին ու ամիսներին, բոլորս էլ ամեն ակնթարթի պատրաստ էինք հակառակորդին արժանի հարված հասցնելու:

Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը  երթ կատարեցինք  մեկ այլ բնակավայր, որտեղ էլ բացազատվեց հրամանատարկան կետ, իսկ մարտկոցը համապատասխան հեռավորության վրա զբաղեցրեց կրակային դիրք: Նույն օրը գիշերը հակառակորդը «Սմերչ» տեսակի կայանքից երկու անգամ կրակեց հրամանատարական կետի և դիվիզիոնի մարտկոցի ուղղությամբ:

Ապրիլի 5-ի կեսօրին զորամասի 1-ին և 2-րդ դիվիզիոնները նորից ենթարկվեցին թշնամու «Գրադ» կայանքի հրթիռակոծությանը:

Բարեբախտաբար, զոհեր չեղան,  բայց  առաջին հրթիռակոծման ժամանակ, ցավոք, ունեցանք միջին և թեթև կարգի վիրավորներ, շարքից դուրս եկավ զինտեխնիկա և ավտոտեխնիկա: Բայց, ինչպես ասում են, դրանք չարյաց փոքրագույնն էին:

Մինչև հոսպիտալ հասցնելը ռազմական բժիշկների անձնակազմը վիրավորներին տեղերում անհապաղ օգնություն ցուցաբերեց: Վիրավորվել էին ե՛ւ  սպայական, ե՛ւ զինվորական կազմից զինծառայողներ.  կապիտան Ա. Ղազարյանը, բուժծառայության բժիշկներ՝ կապիտան Մ. Խաչատուրյանը, լեյտենանտ Վ. Ներսիսյանը, շարքային-պայմանագրային Վաչե Հայրապետյանը, պատադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտներ Խաչիկ Այվազյանը և Գրիգոր Եղիազարյանը: Փառք Աստծու, այսօր բոլորն էլ նորից շարքերում են:

Մեծ տեղ ենք հատկացրել ու հատկացնում գաղափարադաստիարակչական աշխատանքներին: Կրակային դիրքերում մենք դարձյալ չդադարեցրինք պատի թերթի հրատարակումները: Տպագրում և հատուկ վահանակների վրա փակցնում էինք դաշտային պայմաններում ինքնաշեն, փայտից պատրաստված «ակումբի» պատերին:

Յուրաքանչյուր ուրբաթ՝  մարտկոցի աշխատանքներն ամփոփելուց հետո,  կրտսեր սերժանտներ Արթուր Հովհաննիսյանը, Անդրանիկ Մարգարյանը և Կարեն Դեմիրճյանը դիրքերում մարտական թերթիկներ էին պատրաստում, փակցնում համապատասխան անկյուններից: Թե՛ պատի թերթերը, թե՛ մարտական ու «Կայծակ» թերթիկներն  այդ օրերին, կարող եմ վստահորեն ասել, ծառայում էին նպատակին. դրանք է՛լ ավելի էին բարձրացնում զինվորի մարտական ոգին, ոգևորում նրան, հաղորդում գիտելիքներ, նպաստում բարոյահոգեբանական դաստիարակությանը:

Վստահեցնում եմ՝ մեր զինվորը քաջ և անպարտելի է: Նրա ոգին  անկոտրում է և ավելի ամրապնդվեց քառօրյա պատերազմի օրերին: Թշնամին անզոր է մեր զինվորի ու սպայի ոգու, մարտական պատրաստության ու հզոր կամքի առջև:

Լավ ծառայության, մարտական պատրաստության, զինվորական կարգապահության, դիվիզիոնում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի, գաղափարադաստիարակչական  աշխատանքների և այլ խիզախումների  համար ՌՀԴ  անձնակազմը  ՊԲ ղեկավարության կողմից վերջում արժանացել է հատուկ շնորհակալության,  լավագույն զինծառայողներն էլ՝ տարբեր խրախուսանքների:

Քառօրյան և պատերազմական հետագա ողջ իրավիճակը մեկ անգամ ևս ապացուցեցին, որ հայրենասիրությունը հայ զինվորի արյան ու հոգու մեջ է:

 

Պատրաստեց ՍՈՒՍԱՆՆԱ  ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Խորագիր՝ #30 (1150) 10.08.2016 - 16.08.2016, Ազգային բանակ


10/08/2016