ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՍԵՐՈՒՆԴ
Օգոստոսի 6-ին «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ տեղի ունեցավ գնդապետ Ռ. Շահգելդյանի հրամանատարությամբ գործող զորամասի 48 նորակոչիկների երդման արարողությունը:
Պաշտոնական արարողակարգից հետո, ըստ ավանդույթի, նորաթուխ զինվորները ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի գերեզմանին, ապա այցելեցին «Մայր Հայաստան» հուշահամալիր-թանգարան: Միջոցառման շրջանակներում շնորհակալագրեր եւ պատվոգրեր հանձնվեցին ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին:
– Երդմանը մասնակից մեր նորակոչիկներն իրենց արդեն տղամարդ են զգում, իրենց ծնողների առջեւ հանդես են գալիս բոլորովին ուրիշ կերպարով: Դա բոլորին ոգեւորում է: Բարձր է նաեւ մեր՝ սպայական կազմի, հրամանատարության ոգեւորությունը: Եվ, իրոք: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ այս նոր՝ անկախության սերունդը, շատ հարցերում մեզ՝ ավագներիս գերազանցում է, ավելի հայրենասեր է, ոգով ավելի ամուր,- անկեղծ խոսքով նորակոչիկներին ու նրանց ծնողներին շնորհավորեց գնդապետ Ռ. Շահգելդյանը:
Նորակոչիկների հետ աշխատանքի ժամանակ մեծ ուշադրություն է դարձվում նախեւառաջ նրանց հարմարվելու շրջանին, որպեսզի կարողանան քաղաքացիական կյանքից սահուն անցում կատարել զինվորական խստավարժությանը: Ըստ հրամանատարի՝ բոլոր նորակոչիկները նաեւ հոգեբանական տեսանկյունից այդ դժվարին շրջանը հաղթահարում են մեկ շաբաթից տասը օրվա ընթացքում, արագ ընտելանում են եւ շարք մտնում:
Գնդապետ Ռ. Շահգելդյանը նաեւ վստահեցրեց, որ այս պահին զորամասը պատրաստ է ուսումնական նոր փուլին.
-Ուսումնական նոր փուլն սկսելու ենք նոր ոգով, նոր տրամադրությամբ եւ նոր հաղթանակներով:
Հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Բ. Սալալյանը նշում է, որ նոր զորակոչի զինծառայողների հետ աշխատանքներում նախեւառաջ մեծ ուշադրություն է դարձվելու անձնակազմի հետ ներդաշնակման գործընթացի, դրա հետ զուգահեռ՝ մասնագիտական կարողությունների կատարելագործման վրա, մանավանդ, որ զորամասը մասնագիտացված է:
Ըստ ԱՀՏԱ տեղակալի՝ բոլոր նորակոչիկները ունեն միջին եւ միջինից բարձր կրթական աստիճան, դժվար դաստիարակելի զինծառայողներ չկան, մեծամասնությունը լավ է տիրապետում հրետանավորի համար անհրաժեշտ նախնական գիտելիքներին:
– Երիտասարդ զինվորի համար նախատեսված ծրագիրն ուսուցանվել է, իրենք գիտեն իրենց հիմնական պարտականությունները, հանձնել են ստուգարքներ եւ քննություններ: Կրակային պատրաստության ժամանակ բոլորը ստացել են «բավարար» եւ «լավ» գնահատականներ, «անբավարար» ստացող չկա,- նշում է փոխգնդապետ Բ. Սալալյանը:
Հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը, շնորհավորելով նորակոչիկներին, մաղթում է խաղաղություն, որ ուսումնական վարժանքներն ու առաջադրվող խնդիրները մնան զուտ ուսումնական:
– Ես վստահ եմ, որ հարկ եղած դեպքում բոլորը միահամուռ կկատարեն իրենց առջեւ դրված պարտականություններն ու խնդիրները: Նոր սերունդն ունակ է պաշտպանելու հայրենիքը, կատարելու մարտական ցանկացած խնդիր,- շեշտում է փոխգնդապետ Բ. Սալալյանը:
Բ. ԱԹԱՆԵՍՅԱՆ
Խորագիր՝ #30 (1150) 10.08.2016 - 16.08.2016, Ազգային բանակ