Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՈՂԱՑՎԱԾ ԵՐԱԶ



ԳՈՂԱՑՎԱԾ ԵՐԱԶԴրսում վաղուց արդեն մութ էր՝ ձմռան ցուրտ գիշեր։ Քնած էր քաղաքը, քուն էին մտել աշխարհի բոլոր մանուկները, իսկ Լևոնիկի քունը, չգիտես ինչու, չէր տանում։ Դեռ երեկոյան մայրը նրան անկողին դրեց, միասին երախտապարտ աղոթեցին Հայր Աստծուն հաջողակ գործերի համար, բարի գիշեր մաղթեցին մեկմեկու, բայց մեկ է՝ քունը թռել էր աչքերից։ Ու հիմա փոքրիկի ուշքն ու միտքը ահեղ Բորեասի շնչից հալածված ձյան ճերմակ փաթիլներն էին, որոնք տարաշխարհիկ թիթեռնիկների պես խուճապահար մղվում էին դեպի մարմրուն լույսը, որ արձակում էր պահարանիկին դրված կերոսինե լամպը, և բախվելով եղյամազարդ ապակուն՝ ցրիվ էին գալիս՝ դարձյալ քամու բերանն ընկած։ Գուցե հենց նրանք էլ փախցրե՞լ են իր քունը, մտածեց Լևոնիկը և շշուկով, որպեսզի ոչ ոք չիմանա, հարցրեց փաթիլին, որն ամենից մեծն էր ու անհանգիստը.

– Ի՞նչ ես ուզում, Ձյունի՛կ, ինչո՞ւ չես թողնում, որ քնեմ։

– Ես քո Երազն եմ, փոքրիկ, թող որ ներս գամ,- պատասխանեց Ձյունիկը։

– Որտեղի՞ց գիտես՝ ինչ եմ երազում,- զարմացավ տղան։

– Ես Ձյունիկն եմ հրաշագործ և ամեն ինչ գիտեմ…,- համառեց փաթիլը՝ խփվելով պատուհանին։

– Ուրեմն, այնպես արա, եթե կարող ես, որ հայրիկս շուտով տուն գա,- իր մտքին մնաց փոքրիկը։

– Քո հայրը հերոս է, տղա՛, և քեզ ժառանգել է բարի անուն…

– Չե՛մ ուզում, չէ՛, չե՛մ ուզում…

Լևոնիկը կամեցավ թաքուն ծոցն առնել Ձյունիկին, որ էլի ուրիշ շատ գաղտնիքներ էլ իմանա, բայց սենյակի խորքից հանկարծ հնչեց մոր ձայնը. «Մի՛ խոսիր, Լևոնի՛կ, ուշ է…»,- խրատեց մայրը, որ նույնպես արթուն էր և լսում էր որդու տարված, գաղտնի զրույցը։ Անսալով մորը՝ շուռ եկավ կողքի, հաշվեց մինչև տասը, սուտքուն տվեց, սակայն ապարդյուն։ Եվ որոշելով, որ արդեն վերջնականապես արթնացել է՝ վեր կացավ տեղից ու կիսամերկ մոտեցավ մորը։

– Ինչո՞ւ չես քնում, Լևոնի՛կ,- հարցրեց մայրը։

– Քունս չի տանում, մա՛մ,- մեղավոր ասաց տղան։

Մայրը գիրկն առավ որդուն, սեղմեց կրծքին՝ կամացուկ ոգելով անանուն մի երգ.

 

  Ձմռան կախարդ մութի միջից

            Իջավ ձյունի ճերմակ փաթիլ,

            Երկար ճամփեն կտրել, անցել,

            Ձյունի՛կ, ասա, շա՞տ ես հոգնել…

 

– Մա՜մ, այ մամ, հայրիկի հոտն է գալիս…

Մայրը լուռ հեկեկաց։

 

***

 

Նա առանձնանում էր իր հասակակիցներից։

Իննամյա այս տղան՝ երեխայի համար անսովոր լրջությամբ, տխուր լռությամբ, աչքերի վշտոտ նայվածքով, սիրված չէր։ Որտեղ մանուկները խաղում էին, զվարճանում, նա չկար։ Գնում էր դպրոց, դառնում տուն, նույնիսկ գնալ-գալու ճանապարհին միայնակ էր, ոչ ոք չգիտեր՝ ինչով է ապրում, ինչեր երազում… այնքան հազվադեպ էր բակում երևում։ Ու թե դուրս էր գալիս, ապա՝ իրիկնամութին, նստում էր շեմքի աստիճաններին, ծնկներն առնում էր ձեռքերի մեջ ու սպասում…

Գալիս էր մայրը։

Չորացած արտաքինով թխադեմ կինը քայլում էր արագ, անցորդներին չէր նկատում, ասես մենակ էր բովանդակ աշխարհում։ Նրա ազազուն դեմքին մանրազնին հայացքն անգամ չէր կարող անցյալի զվարթության կամ թե զվարճության հետք իսկ նշմարել. ինչ որ եղել էր, այն էլ քրտինքը մաքրել, տարել էր, ինչի վկաներն էին խոնավ սև աչքերը, որ վառվում էին մի անիմանալի տենչանքից։ Ձեռքերն ամբողջովին ճաքճքած էին, և հաճախակի շարժելիս ճաքերում լերդացած արյունը ճեղքվում էր, նորոգում վերքերը։ Նրա միակ մտմտուքը որդին էր և մեկ էլ ՆԱ, ում շարունակում էր անհույս սիրել ու սպասել… Շտապում էր և տագնապում. «Չուշանա՞մ, Լևոնիկս մենակ է…»։

Հեռվից մորը տեսնելով՝ տղան բնազդական պոռթկումով ցատկում էր տեղից և համբերում, մինչև մայրը կմոտենա։

– Լևոնիկ ջա՞ն, հո չուշացա՞, նորից տխուր ես, հայրիկն էլի չկա՞,- մայրը վաղուց ի վեր ձևացնում էր, թե ոչինչ էլ չի՛ փոխվել իր կյանքում, որ առաջվա պես ամեն ինչ իր հունով է գնում։- Էսօր գործս հաջող էր՝ հարսանիք կար, ճիշտ է՝ ամանները շատ էին, բայց ես չեմ հոգնել,- արդարանում էր որդու առաջ,- տե՛ս, թե ինչքան ուտելիք եմ բերել, քո սիրած սալաթից էլ կա։ Լավ էր՝ շուտ հավաքեցի…

Եվ այսպես, «հաջող օրվա» իր տպավորությունները որդու հետ կիսելով՝ մայրը սեղանին էր դատարկում տեսակ-տեսակ խորտիկները, համտեսում էր ու համոզում.

– Կե՛ր, Լևո՛ն թագավոր ջան, անուշ արա։

Լևոնիկի հրայրքոտ հայացքը սահեց ուտելեղենի վրայով և դիմհարվեց այն մեկին՝ իր սիրածին, բայց բավականացավ միայն նայելով, կշտացավ թուքը կուլ տալով…

– Այ տղա՞, ինչ ես պապանձվել… դե մի բան կե՛ր,- սրտնեղում էր մայրը։

– Սոված չեմ, մա՛մ։

Լևոնիկը գիտեր, վաղուց հասկացել էր, որ աշխարհում չկա ոչինչ առավել, ոչինչ ցանկալի, քան իր մայրը, ով նման չէր մյուս բոլոր մայրերին, և որ ինքը ամպի չափ սիրում է նրան՝ տառապած, անձնազոհ, հավատարիմ մորը։ Սակայն իր սերն արտահայտել չէր կարողանում. աներևույթ, այրող մի ուժ հակառակվում, խեղդում էր կոկորդը։ Վիրավոր արժանապատվությունն էր գլուխ բարձրացրել փոքրիկի հպարտ հոգում՝ կռիվ տալով ինքն իր հետ՝ որպես անհաշտ մի ընդվզում այն աղետալի, ամայացնող զգացումի դեմ, որ ԱՆՀԱՅՐՈՒԹՅՈՒՆ անունն էր կրում։

Ու կարոտում էր այն ժամանակը, երբ ինքը «երջանիկ անգիտության» մեջ էր ապրում, երբ բազմաթիվ մարդկանց թափորի մեջ սրտի թրթիռով ճանաչում էր հորը… որի հուժկու շունչը զգում էր շա՜տ հեռվից. «Ե՛ս եմ էս աշխարհը սարքել, ե՛ս էլ պտի քանդեմ»… Լսելով հոր գալուստն «ավետող» մենախոսության խելառ բովանդակությունը, որ երբեմն թևավոր խոսքի նշանակությամբ էր արտասանվում, վազում էր մորը հայտնելու։

– Մա՛մ, պապան էլի… էկավ։

– Աստվա՛ծ իմ, նորից նույնը, նորի՜ց…

Որոշ ժամանակ անց հոր լուտանքների և մոր հնազանդ լացի միջև գլուխ էր բարձրացնում Լևոնիկի հաշտարար ձայնը, որի առաջ իսկույն հանդարտվում, խաղաղվում էր աշխարհից, ինքն իրենից խռով մարդը։ «Ես քո հա՛յրն եմ, հա՛յրը…»,- գոռոզանում էր նա՝ նորից ու նորից կանգնելով ինքնահաստատման դժվարին ճանապարհին։

– Քո հայրը, Լևոնի՛կ, միջակություն չէ և ոչ էլ պորտաբույծ, ինչպես հիմա կոչում են ազատ ստեղծագործող հոգիներին։ Հիշի՛ր, նա երբեք էլ ոչ ոքի վատություն չի՛ արել. եղել է՝ նրան խաբել են, շահագործել, բայց փույթ չէ, շուտով դրանց վե՛րջն էլ կգա։ Եվ քո ազգանունը, Լևոնի՛կ, կհնչի բարձր, շա՜տ բարձր…

– Թո՜ղ, թո՛ղ հայհոյի, գոռա, որ գոնե սիրտը դինջանա։ Խեղճը ձեռքն ինչի գցեց, փուչ դուրս եկավ,- զորավիգ էր լինում կինը ամուսնուն՝ որդու հետ կամացուկ զրուցելիս, երբ ընտանիքի հայրն իր պահանջատիրությունը երկրայինից տեղափոխում էր երազայինի ոլորտ՝ քնի մեջ էլ կռիվ տալով դև ու հարամիների հետ։

Հետո ամեն ինչ միանգամից շուռ եկավ. քանդեցին հին աշխարհը ամբոխները խելագարված՝ հռչակելով «ազգային արժեքների վերաիմաստավորում»։ Հենց այդ միջոցին էլ պատերազմ ծագեց, և երբեմնի երազող մարդը՝ պարապությունից, կարիքից դրդված, մեկնեց ճակատ՝ կենցաղային վեճը փոխարկելով սահմանայինի՝ արտաքին թշնամու դեմ։ Դժվար ժամանակներ էին վրա հասել, թացը խառնվել էր չորին՝ ծնունդ տալով մարդկային խառնակ հարաբերությունների, մակաբույծ հոգեբանության, սեփականատիրական վայրագ բնազդների, որոնց մասին Լևոնիկի չիմացությունը նշանավորվում էր պատերազմների արանքում տուն եկած հոր հոգնատանջ, մազակալած կերպարանքով, լռությամբ, որ մի նոր իմաստավորում եւ հնչերանգ էր ձեռք բերել՝ «Դու ի՛մ տղան ես, իմ տղա՛ն…»՝ որպես ծանրաչափ հասարակական մակընթացությունների և տեղատվության, քամահրանքի ու մեծարման։

Լևոնիկը գիտեր, որ պատերազմ է, և որ պատերազմում մարդիկ են զոհվում, նույնիսկ մի անգամ տեսել էր, թե ի՜նչ «պատիվներով» են թաղում հերոս ազատամարտիկին։ Տեսել ու չէր պատկերացրել, որ հաճախ մեծարանքից մինչև մոռացում լոկ մի քայլ է, ինչը, սակայն, կարող է տևել մի ամբողջ հավերժություն, ինչպես սպասումը սին կամ թախիծը ինքնակործան, որոնց փոխարժեքը զանգվածների անտարբերությունն է զոհվածների հիշատակի նկատմամբ, ովքեր մեկնեցին կամավոր (երբեմն՝ իրենց կամքից անկախ), բայց վերադարձան «հարկադրված»՝ չպատկանելով այլևս որևէ հասարակարգի, ինչպես հերոսները, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվում են մոռացումի խավարից իրենց սգավոր մայրերի, կանանց ու որդիների մորմոքող հայացքների առաջ՝ ճերմակ փաթիլի կերպարանք առած՝ որպես լուսեղեն ուրուներ, որպես գողացված երազ։

Ու թեև Լևոնիկը վաղուց արդեն մեծ էր, սակայն ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ. երբ նրան ասացին, թե իր հայրը «անհայտ կորել է» պատերազմում («Եթե անհայտ է, էլ ինչո՞ւ է կորած»,- հարցրել էր մորը), ինքը դեռևս Լևոն Լևոնի Լևոնյանն էր՝ իր հո՛ր որդին։ Եվ երբ տարիներ անց հատուկ հանձնաժողովը հորը՝ որպես անհայտ բացակայողի, մահացած ճանաչեց՝ «շնորհելով զոհվածի կարգավիճակ», չգիտես ինչու, դադարեց անուն-ազգանուն ունենալուց. «Զո՛հվա՛ծի՜ ը՛նտա՛նի՜ք, զո՛հվա՛ծի՜ ը՛նտա՛նի՜ք…»,- կանչում էին թաղի երեխեքը նրա ետևից՝ կարծես հրավիրում էին «հավալլա» խաղալու։ Կորցրեց իր ինքնությունը, իբրև թե երբեք էլ այս մեղավոր աշխարհի երեսին չէր ապրել իր հայրը, որ մի օր նախագուշակել էր սերունդների անտարբերությունը. «…քո ազգանունը, Լևոնի՛կ, կհնչի բա՜րձր, շա՜տ բարձր…»։

Միայն մայրը, որ առաջվա պես ձևացնում էր, թե ոչինչ էլ չի փոխվել իր կյանքում, ի հեճուկս հեղինակավոր հանձնաժողովների, կառավարական պարգևների ու դամբանական, էժանագին ճառերի, որոնք ոչ թե արժևորում, այլ խաթարում են զոհվածների հիշատակը, շարունակում էր սպասել իր հավերժ բացակա ամուսնուն՝ ընտանիքի «միակ կերակրողին», որի հուժկու շունչը Լևոնիկը տարբերում էր շա՜տ հեռվից…

– Մա՛մ, պապան էլի… էկավ։

 

***

 

Երկար գիշերվա անորոշ մի ժամի մայրը արդուկում էր սպիտակ խալաթը և պատրաստվում վաղվան, որը հայտնի չէ, թե ինչ էր խոստանում անտերունչ տան բնակիչներին։

– Մա՜մ, ա՛յ մամ,- ձայն տվեց Լևոնիկը,- հայրիկը ե՞րբ է գալու տուն, չեմ ուզում, որ ինձ «զոհվածի ընտանիք» կանչեն, ես էլ եմ ուզում սիրված լինել։

– Հոգի մի՛ հանի, որդի՛, քնի՛,- պաղատեց մայրը,- հայրիկը շուտով կգա, անպայման կգա, թե որ քեզ խելոք պահես,- հնարեց մայրը։

– Բայց ես ամեն օր չարություն եմ անում, մա՛մ…

Լևոնիկը քնել էր։ Նրա գունատ այտին լամպի աղոտ լույսի տակ շափաղին էր տալիս մի փոքրիկ բյուրեղ. Երազ-Ձյունիկն էր, որ կախարդանքով խուժել էր ներս և ջերմանալով՝ հալվել-դարձել էր արցունքի կաթիլ։

 

ԳԱԳԻԿ  ՄԱԽՍՈՒԴՅԱՆ

Խորագիր՝ #31 (1151) 17.08.2016 - 23.08.2016, Հոգևոր-մշակութային


17/08/2016