Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՒՍԱԼԵՌՑԻ ՔԱՋԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ



1915-1916 թթ. Օսմանյան կայսրությունում երիտթուրքական կառավարության իրականացրած ցեղասպանության հետևանքով սպանվում են 1,5 միլիոն հայեր, սակայն ոչ բոլոր տեղերում է հաջողվում հաշվեհարդար տեսնել հայ բնակչության նկատմամբ: Մի շարք վայրերում հայերը դիմում են ինքնապաշտպանության, որը նրանց հնարավորություն է տալիս փրկվելու կամ էլ զենքը ձեռքին արժանապատվորեն մահն ընդունելու: Նման վայրերից էր Միջերկրականի ափին գտնվող կիլիկյան Սուետիայի գավառակը, որի բնակիչները թուրքերին և մահմեդական խառնամբոխին դիմագրավեցին Մուսա լեռան (Մովսեսի լեռ) վրա և փրկվեցին շնորհիվ դիմադրության և ֆրանսիական օգնության:

ՄՈՒՍԱԼԵՌՑԻ ՔԱՋԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑՄուսալեռցիները տարհանվեցին Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաք: Հայտնվելով անվտանգ վայրում, մուսալեռցիները չցանկացան մնալ անտարբեր դիտորդի դերում և իրենց հատկացված ճամբարում սպասել մինչև պատերազմի ավարտը: Նրանք բազմաթիվ դիմումներ էին հղում Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կառավարություններին՝ այդ երկրների զինված ուժերի կազմում թուրքերի դեմ մարտնչելու ցանկություն հայտնելով: Այս ընթացքում, սակայն, ի հայտ են գալիս բրիտանա-ֆրանսիական հակասությունները. նրանք միմյանց միջև դեռևս վերջնականապես չէին բաժանել Օսմանյան կայսրության նախկին գաղութները: Ի վերջո, երբ այսպես կոչված «բաժանումը» կատարվեց, և Ֆրանսիային բաժին հասավ Կիլիկիան, որոշվեց օգտագործել մուսալեռցիներին: Սակայն պարզվեց, որ դեռևս 1915 թ. օգոստոսի 16-ին ընդունված օրենքը արգելում էր Ֆրանսիայի կամ նրա դաշնակիցների դեմ պատերազմող պետությունների հպատակներին ներգրավել արտասահմանյան լեգեոնի կազմում: Ինքնին հասկանալի էր՝ ֆրանսիական հրամանատարությունը չէր կարող ձեռքից բաց թողնել լեռնային պայմաններում զգալի մարտական փորձ ունեցող, տեղանքը գերազանց իմացող և թուրքերի դեմ մինչև վերջ մաքառելու ունակ մուսալեռցիներին: Բացի այդ, մարտական գործողությունների այդ շրջանում ֆրանսիացիները համեմատաբար սակավ ուժեր ունեին, ուստի հայերը որոշ չափով կարող էին լրացնել մարդուժի պակասը: Ինչ-որ տեղ զանց առնլով ընդունված օրենքը՝ ֆրանսիացիները գաղտնի սկսում են մուսալեռցիներին ընդգրկել դիվերսիոն-հետախուզական ստորաբաժանումներում:

1916 թ. հուլիսին ֆրանսիական բանակի սպա Տիրան Թեքեյանը մոտ քսան մուսալեռցիների հետ հաստատվում է Սելևկիայի (Կիլիկիայի ափամերձ շրջան) դիմաց գտնվող Տանա Ատասը անմարդաբնակ կղզում, որը Կիլիկիայից մոտ 1,5 կիլոմետր հեռավորության վրա էր: Կղզում պահպանվել էին Կիլիկիայի հայոց արքա Լևոն Բ-ի խաչակիրներին նվիրած ամրոցի ավերակները: Ամրոցը և նրա հետ կապված պատմական հիշողությունները ոգևորում էին հայ մարտիկներին:

ՄՈՒՍԱԼԵՌՑԻ ՔԱՋԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑՄուսալեռցիներին հանձնարարված էր հետևել հակառակորդի նավատորմի, հատկապես գերմանական սուզանավերի տեղաշարժին, անհրաժեշտության դեպքում նավակով անցնել հանդիպակաց ափ և հետախուզական բնույթի տեղեկություններ հայթայթել: Նրանք նաև իրականացնում են դիվերսիոն գործողություններ:     Հետախուզական ստորաբաժանումը տեղակայված էր կղզու քարայրներից մեկում, որտեղ գիշերը դհոլի նվագակցությամբ ազգային երգեր էին կատարում, ինչը վկայում էր նրանց մարտական բարձր ոգու մասին:

Մուսալեռցիները պարզում են, որ Մերսինի նավահանգստում կա նավթամբար, որից վառելիք էին ստանում Միջերկրականում գործող գերմանական սուզանավերը: Ստանալով այդ մասին տեղեկություն՝ բրիտանական և ֆրանսիական հրամանատարությունը որոշում է ոչնչացնել հակառակորդի նավթի պաշարները: Հայկական ստորաբաժանումը նավից ափ է իջնում և հաջողությամբ կատարում մարտական առաջադրանքը:

Նման և այլ հաջող գործողությունները դրդում են ֆրանսիական հրամանատարությունը հայերից կազմելու ավելի մեծ մարտական ստորաբաժանում: Նրանք սկսում են Պորտ Սաիդ քաղաքի վրանաքաղաքում հայ տղամարդկանց (մոտ 350 հոգի) հետ անցկացնել մարտական պատրաստականության դասընթացներ: Ֆրանսիացի բարձրաստիճան մի սպա խոստովանում է. «Մուսալեռցիները խելացի են, հրաշալի հրաձիգներ են, ուշիմ են, նրանց խորթ է դյուրաբորբոքությունը: Բայց, բնականաբար, շատ հեռու են մեր մտածելակերպից»: Ֆրանսիացի սպաները նկատել էին, որ մուսալեռցիները շատ արագ են սովորում մարտական գործը, և նրանցից շատերն ի զորու են դառնալու դասակի հրամանատար: Եվ սա այն դեպքում, երբ դասակի հրամանատարը սովորաբար լինում է ռազմական ուսումնարան ավարտած սպան կամ երկարատև ծառայություն ունեցող սերժանտը:

ՄՈՒՍԱԼԵՌՑԻ ՔԱՋԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑՀայերից մարտական ստորաբաժանում ստեղծելու ֆրանսիացիների ցանկությունը հանդիպում է բրիտանացիների գաղտնի դիմադրությանը: Վերջիններս չէին ցանկանում, որ զուտ հայկական ստորաբաժանումը տեղակայվի Կիպրոս կղզում՝ պատճառաբանելով, թե այդ հանգամանքը բացասաբար կազդի այնտեղ ապրող մահմեդականների վրա: Իրականում բրիտանացիները չէին ցանկանում, որ հայերն ընկնեն ֆրանսիական ազդեցության տակ: Այդ էր պատճառը, որ անգլիացիները մուսալեռցիներին առաջարկեցին ընդգրկվել իրենց բանակում, սակայն հայերը հրաժարվեցին: Զայրացած անգլիական իշխանությունները տարբեր արգելքներ էին հարուցում, որպեսզի հայերը չանդամագրվեն ֆրանսիական բանակին: Բրիտանացիներն առաջարկում էին հայերին որպես ջորեպաններ եւ մշակներ աշխատել Սալոնիկում կամ Եգիպտոսում՝ խոստանալով համեմատաբար բարեկեցիկ պայմաններ, սակայն մուսալեռցիները մերժեցին:

1916 թ. սեպտեմբերին անգլիացիները տալիս են իրենց համաձայնությունը Կիպրոսում հայ կամավորներից զորամաս կազմակերպելու: Ստորաբաժանման հիմքը կազմում են մուսալեռցիները և եգիպտահայերը: Արևելյան լեգեոնի կազմավորման պաշտոնական հրամանը Ֆրանսիայի ռազմական նախարարը արձակեց 1916 թ. նոյեմբերի 15-ին: Միաժամանակ ֆրանսիական հրամանատարությունը որոշ սահմանափակումներ մտցրեց լեգեոնականների իրավական կացության մեջ: Այսպես, նրանք հանդիսանալու էին օժանդակ զինուժ և մարտական ծառայության ժամանակ ստացած վերքերի կամ այլ հիվանդության դեպքում նրանց թոշակ չէր նշանակվելու: Լեգեոնի հրամանատարական կազմում լինելու էին բացառապես ֆրանսիացիներ: Լեգեոնում ընդգրկվելու էին նաև սիրիացիներ: Ստորաբաժանումները կազմվելու էին ըստ ազգային պատկանելության և կրոնի: Լեգեոնականներին տրվելու էր օրական 2 ֆրանկ աշխատավարձ, որը անբավարար էր, քանի որ պատերազմի հետևանքով ֆրանկը զգալիորեն արժեզրկվել էր: Ֆրանսիացի սպաները դիմեցին հրամանատարությանը՝ խնդրելով վերանայել պայմանները, իրենց զեկուցագրում ընդգծելով, որ բրիտանացիների համար օրավարձով աշխատող բանվորներն ավելի լավ պայմաններում են, քան լեգեոնականները, սակայն նրանց առաջարկներն անուշադրության մատնվեցին: Հայ գործիչները ևս քայլեր ձեռնարկեցին վերանայելու պայմանները, սակայն ապարդյուն: Ֆրանսիացիները սին խոստումներ էին տալիս, թե, իբր, ապագայում Կիլիկիան կդառնա ինքնավար Ֆրանսիայի հովանավորության ներքո:

ՄՈՒՍԱԼԵՌՑԻ ՔԱՋԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑԱրևելյան կամ Հայկական լեգեոնի գումարտակի հրամանատար նշանակվեց գնդապետ Լ. Ռոմիոն, որի խորհրդականն էր ծովային սպա Տ. Թեքեյանը: Նախատեսվում էր մուսալեռցիներից կազմել 2 վաշտ, եգիպտահայերից և ռազմագերի հայերից՝ 1 վաշտ, լիբանանցիներից՝ ևս 1-ը:

Տ. Թեքեյանն իր հուշերում վկայում է. «Հայ կամավորներին մարզելը, ինչ խոսք, չափազանց դժվար էր, մեր սպաներն ու ենթասպաները շատ դեպքերում մեծ զգուշավորություն, նրբանկատություն ի հայտ բերեցին, որպեսզի հաղթահարեն անխուսափելի թյուրիմացությունները, կարգ ու կանոն ապահովեն: Հարկ եմ համարում ավելացնել, որ այդ առումով նրանց օգնում էին նաև ազգային հանձնախմբերը և հայ կամավորականների ընտրախավը, որոնք ոչ մի ջանք չխնայեցին, որպեսզի Հայկական լեգեոնը միասնական ու կարգապահ միավորում դառնա: Թե՛ առաջինները, թե՛ վերջիննները համապատասխանաբար արժանի են իրենց հայրենիքի երախտագիտությանը»:

Շարունակելի

Պատրաստեց Ռուբեն ՍԱՀԱԿՅԱՆԸ

պատմական գիտությունների դոկտոր

Խորագիր՝ #31 (1151) 17.08.2016 - 23.08.2016, Պատմության էջերից


17/08/2016