Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՑ ԱՌԱՋՆԱԳԾԻ ԶՈՐԱՄԱՍԵՐ



ԱՅՑ ԱՌԱՋՆԱԳԾԻ ԶՈՐԱՄԱՍԵՐՕգոստոսի 2-ից 5-ը ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամները հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում շրջայց կատարեցին Արցախի պաշտպանության բանակի զորամասեր եւ առաջնագիծ:

Հասարակական խորհրդի անդամներին՝ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանին, «Զորավար» բարեգործական հիմնադրամի տնօրեն Տիգրան Պետրոսյանցին, Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանին, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախագահ Աստղիկ Ավետիսյանին, «Դիալոգ» մամուլի ակումբի տնօրեն Սյուզաննա Բադոյանին ընդունեց պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը:

Խորհրդի անդամները ոչ պաշտոնական հանդիպում ունեցան Արցախի վարչապետ Արա Հարությունյանի և փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ:

ԱՅՑ ԱՌԱՋՆԱԳԾԻ ԶՈՐԱՄԱՍԵՐՇրջայցի ընթացքում խորհրդի անդամները հանդիպումներ ունեցան գնդապետներ Գ. Մանգասարյանի, Կ. Գրիգորյանի, Ա. Չիլինգարյանի, Գ. Գաբրիելյանի, փոխգնդապետներ Ա. Հայրիյանի, Մ. Ջհանգիրյանի, Վ. Ոսկանյանի, մայոր Խ. Ասրյանի ղեկավարած զորամասերում, այդ զորամասերի պաշտպանական բնագծերում: Խորհրդի անդամները հանդիպեցին ժամկետային զինծառայողների, նորերս զորակոչված ու դեռևս զինվորի այբուբենը սովորող նորակոչիկների հետ, ծանոթացան նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին: Հետևեցին առաջնագծում իրականացված և շարունակվող շինարարական, ռազմատեխնիկական համալրման ու ինժեներական աշխատանքների ընթացքին:

Ամենաակնառուն, որ տեսանելի էր ամենուր, հրամանատար-զինվոր հարաբերությունները բացարձակ նոր որակի էին, առկա էր հայր-որդի, եղբայր-եղբայր հարաբերությունը, բոլորը՝ մեկի, մեկը՝ բոլորի համար սկզբունքը: Հրամանատարները հպարտությամբ էին պատմում ապրիլյան պատերազմում իրենց դիրքապահ զինվորների, սպաների քաջագործության, անձնուրացության մասին:

Առաջնագծում ծառայություն իրականացնող զինվորների տրամադրությունը արդարացված բարձր էր: Զինվորները, որ մասնակցել էին պատերազմական գործողություններին, կարողացել էին կանգնեցնել թշնամուն և, ի վերջո, խափանել նրանց ներթափանցման փորձը, հարգանքով էին խոսում մարտերը ղեկավարած հրամանատարների, իրենց զինակից ընկերների անձնուրաց սխրանքի մասին: Նրանց տրամադրությունը բարձր էր, հոգեպես ու ֆիզիկապես պատրաստ էին հայրենի եզերքի պաշտպանությանը: Յուրաքանչյուրն իր տեղում գերազանցորեն տիրապետում էր իր անելիքին, գիտեր իրականացվելիք գործողությունների հաջորդականությունը ցանկացած իրավիճակում: Խորհրդի անդամներին առանձնապես հիացրեց դիրքերից մեկը, որտեղ ԱՅՑ ԱՌԱՋՆԱԳԾԻ ԶՈՐԱՄԱՍԵՐծառայում էին իրենց գործի իսկական գիտակները՝ դիրքի պատասխանատու, կրտսեր սերժանտ Արտակ Կիրակոսյանի, նրա օգնական, շարքային նռնականետորդ Խաչատուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Այստեղ ամեն ինչ արված էր թշնամու ցանկացած ոտնձգություն ժամանակին կանխելու եւ վնասազերծելու համար:

Դիրքապահ զինվորների 30-40 տոկոսը բուհերի առաջին կուրսն ավարտած ուսանողներ էին, որոնք հայրենիքին ծառայելը իրենց կենսագրության ամենալուսավոր փաստն էին համարում և շեշտում էին, որ ծառայությունից հետո առավել սիրով կշարունակեն ուսումը բուհերում:

Շատ կարևոր էր տեսնելը, որ, հաշվի առնելով ապրիլյան պատերազմի ժամանակ երևան եկած թերությունները, ահռելի ինժեներական-շինարարական աշխատանքներ էին կատարվել ամբողջ առաջնագծում: Դիրքերը գրեթե ամենուր տեխնիկապես վերազինվել էին: Առկա էին և՛ գիշերային, և՛ ցերեկային տեսասարքեր, որոնք ավելի ապահով էին դարձրել զինվորների ծառայությունը առաջնագծում:

ԱՅՑ ԱՌԱՋՆԱԳԾԻ ԶՈՐԱՄԱՍԵՐՀասարակական խորհրդի անդամները զորամասերում հետաքրքրվեցին որոշակի սահմանափակումով զորակոչված զինվորների ծառայական խնդիրներով, տարբեր զորամասերում հանդիպեցին նման զինվորների հետ, որոնք բոլորն էլ ծառայում էին ըստ իրենց համար սահմանված կարգավիճակի եւ ոչ պակաս նվիրումով:

Մի շարք զորամասերում խորհրդի անդամները մասնակցեցին նորակոչիկների սննդի ընդունման, զորատարածքներում կառուցվող զորանոցների, ճաշարանների շինարարական աշխատանքներին:

Այցեր եղան նաև զինվորական հոսպիտալներ: Նշված հոսպիտալներն ապրիլյան պատերազմի օրերին առաջինն ընդունեցին վիրավոր զինվորներին, սպաներին և առաջին օգնություն կազմակերպեցին ու անհետաձգելի վիրահատություններ կատարեցին: Հոսպիտալներում ստեղծված են բոլոր պայմանները թե՛ խաղաղ պայմաններում, թե՛ մարտական գործողությունների ժամանակ անհրաժեշտ բուժօգնություն իրականացնելու համար:

Ինչ խոսք, Հասարակական խորհրդի այցը արդյունավետ էր:

 

Տիգրան Պետրոսյանց

Հասարակական խորհրդի անդամ

Խորագիր՝ #31 (1151) 17.08.2016 - 23.08.2016, Բանակ և հասարակություն


17/08/2016