ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՍՈՑԻԱԼ – ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պաշտպանության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև համագործակցության ամենամյա ծրագրերի շրջանակում «Օգնություն և իրավունք» հասարակական կազմակերպությունը շուրջ երեք տարի՝ 2012 թ. սեպտեմբերից 2014թ. նոյեմբեր, նախազորակոչային տարիքի երիտասարդների շրջանում իրականացրել է ռազմահոգեբանական, սոցիալական և ընդհանուր իրավական իրազեկության վերաբերյալ ծրագիր: Ծրագրի համար թիրախային խումբ են հանդիսացել Երևան քաղաքի և ՀՀ մարզերի 93 ավագ դպրոցների նախազորակոչային տարիքի մոտ 4000 աշակերտներ, որոնց համար կազմակերպված վարժանք-պարապմունքներն անցկացրել են ՀԿ և ԵՊՀ համապատասխան ոլորտի փորձագետները:
Ելնելով ծրագրի կարևորությունից եւ արդյունավետությունից՝ կազմակերպիչները որոշել են աշխատանքների մեջ ընդգրկել նաև «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի ուսուցիչներին և դպրոցների հոգեբաններին:
Համագործակցության ծրագրերի շուրջ իրենց տեսակետներն են հայտնում ՊՆ ավագ օգնական, փոխգնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն ու «Օգնություն և իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Հարությունյանը:
ՊՆ ավագ օգնական, փոխգնդապետ
Արդեն չորս-հինգ տարի ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ պաշտպանության նախարարությունն ու «Օգնություն և իրավունք» հասարակական կազմակերպության մեր գործընկերները, որոնք բավականին մեծ ճանաչում ունեցող փորձագետներ են` սոցիոլոգներ, հոգեբաններ ու իրավաբաններ, այս ծրագիրն իրականացնում են համակարգված եղանակով. դպրոցներում աշխատում ենք աշակերտների, զինղեկների հետ, զորամասերում՝ նորակոչիկների, իսկ կարգապահական ստորաբաժանումներում էլ՝ ռազմական ոստիկանության անձնակազմի հետ: Անկեղծ ասած՝ արդյունքների գնահատման առումով մի փոքր խնդիր ունենք, որովհետև այն մեզնից բավականաչափ մեծ ռեսուրս է պահանջում, որպեսզի կարողանանք արդյունքների գնահատման հետազոտություն իրականացնել: Ճշտելու համար, թե ինչքանով են մեր կատարած աշխատանքներն արդյունավետ, մենք պետք է համապատասխան հսկողական, մշտադիտարկման մեխանիզմներ ներդնենք մեր զինված ուժերում: Նույնիսկ, եթե փորձենք ավելի ընդհանրական տեսանկյունից նայել, ապա կտեսնենք, որ գործի նկատմամբ վերաբերմունքի առումով ծրագրի իրականացմանը ցուցաբերվող մոտեցումների, նախազորակոչային տարիքի պատանիների, զինղեկների հետ աշխատանքների զարգացման արդյունքները դրական են: Անձամբ ես շատ գոհ չեմ մեր համապատասխան ազդեցության գնահատման գործիքների ներդրման գործընթացից, որովհետև դա ռեսուրս է պահանջում:
«Օգնություն և իրավունք»
հասարակական կազմակերպության նախագահ
Մեր կազմակերպության գլխավոր նպատակը ավագ դպրոցների նախազորակոչային տարիքի պատանիներին ծառայությանը նախապատրաստելն է: Դասընթացների ժամանակ մանրամասն ներկայացվում են նրանց իրավունքները, պարտականությունները, խախտված իրավունքների վերականգնման ուղիները, ձևերը և այլն: Սկզբնական շրջանում ծրագիրը սկսեցինք իրականացնել 18 դպրոցներում: Այնուհետև պաշտպանության նախարարության անմիջական նախաձեռնությամբ և աջակցությամբ ծրագիրը խորացնելու և շարունակականություն ապահովելու նպատակով որոշվեց նաև զինղեկների հետ վերապատրաստման դասընթացներ անցկացնել, որպեսզի հետո նրանք շարունակեն:
Սթրես, ինչպես հաղթահարել սթրեսային իրավիճակները, կոնֆլիկտը որպես սթրեսի հետևանք, ինչպես խուսափել կոնֆլիկտից և այլ թեմաներով անցկացվող դասընթացների կարևորությունը հաշվի առնելով՝ որոշվեց, որ ծառայության առաջին երեք ամիսների ընթացքում դասընթացներ կազմակերպվեն զորքերում` նորակոչիկների հետ, ինչպես նաև սպայական կազմի հետ՝ կարգապահական ստորաբաժանումներում: Մի խոսքով, ընդլայնված ձևաչափով լուրջ ծրագիր ենք իրականացնում: Արդեն եղել ենք հանրապետության շուրջ 200 դպրոցներում, ՀՀ բոլոր ավագ դպրոցներում, այցելել երեք տասնյակից ավելի զորամասեր: Մարզերում, քաղաքներում պարբերաբար հանդիպումներ ենք ունենում զինղեկների հետ, անցկացնում ենք դասընթացներ:
Կենտրոնի զինկոմիսարիատում ապագա զորակոչիկների հետ շատ կարևոր ու հետաքրքիր ծրագիր ենք իրականացրել` «հարցաշարերով թեստավորում», պարզելու համար վերջիններս հոգեբանական վիճակը բանակ գնալուց առաջ: Դրանով ինչ-որ տեղ թեթևացնում ենք զինկոմիսարիատի բեռը. շատ ավելի կարևոր է, երբ զորակոչիկը բանակ գնալիս իր հետ կտանի իր իսկ հոգեբանական բնութագիրը, որում նշված կլինի՝ ինքը սթրեսակայո՞ւն է, թե ոչ, հարմարվո՞ղ է, թե ոչ և այլն: Եթե յուրաքանչյուր զորակոչի ընթացքում կարողանանք մեկ-երկու զինվորի օգնել, ուրեմն կնշանակի ինչ-որ օգտակար բան արել ենք մեր զինվորի, մեր բանակի համար: Դասընթացների ժամանակ հիմնական շեշտադրումն արվում է «մարտական սթրես» հասկացության և հաղթահարելու ուղիների վրա:
Պատրաստեց Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՅԱՆԸ
Խորագիր՝ #31 (1151) 17.08.2016 - 23.08.2016, Բանակ և հասարակություն