Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ



ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸՆարեկ Դանիելյան

Նարեկը ծնունդով Ստեփանավանի շրջանի Կուրթան գյուղից է: Նրան հանդիպեցի հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկում:

-Ութ օր է անցել զորակոչվելուցս, բայց, կարելի է ասել, արդեն հարմարվել եմ զինվորական կյանքին: Համազգեստն էլ ինձ շատ է սազում, ոնց որ մեջը ծնված լինեմ (ժպտում է): Ընկերներս էլ են ասում, որ շատ է սազում: Առավոտից իրիկուն ներգրավված ենք մարտական պատրաստության պարապմունքներում: Վերկացին մարզանք ենք անում, հետո՝ նախաճաշ: Ամեն օր մի քանի ժամ՝ ճաշից առաջ ու հետո, շարային ենք պարապում: Հիմա պատրաստվում ենք զինվորական երդման արարողությանը: Արդեն զինվորավարի եմ քայլում: Ուր գնում եմ, անկախ ինձնից, շարային քայլքով եմ գնում, ինչի համար մեկ-մեկ էլ ծիծաղս է գալիս: Այսօր առաջին անգամ մարտական այն զենքի հետ ծանոթացա, որը հետագայում կրելու եմ սահմանային ծառայությանս ժամանակ: Քանդեցի-հավաքեցի, տեխնիկական տվյալների հետ ծանոթացա: Սահմանային ծառայությունը շատ էլ սրտովս է: Չեմ ծխում, ինչը շատ է գործս հեշտացնում, հատկապես ֆիզպատրաստության պարապմունքների ժամանակ:

Երբ պատրաստվում էինք Նարեկին լուսանկարել, ասաց. «Սպասեք ժպտամ, նոր նկարեք: Սահմանում ծառայող զինվորը պետք է ժպտա, որ թիկունքում ապրողներն իրենց ապահով զգան»:

 

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸԶահար Բրոյան

Ծնունդով Արմավիրի մարզի Քարակերտ գյուղից է շարքային Զահար Բրոյանը: Նա էլ Նարեկի հետ նույն օրն է զորակոչվել: Հաղթանդամ, պարթևահասակ երիտասարդ է Զահարը:

– Էն, որ ասում են՝ մի զարկով ջարդի հազար, էդ մեր Զահարի մասին է,- ասաց զինծառայողներից մեկը:

– Գյուղի հալալ կաթ-մածուն կերած տղա է,- լսվեց շարքի միջից:

– Արդեն ութ օր է, ինչ զորամասում եմ: Հենց այսօր էլ առաջին անգամ ծանոթացա զենքիս: Մինչև բանակ գալը զենք չէի բռնել ձեռքս.  մեր դպրոցում ռազմագիտություն չի դասավանդվել… Որսորդական հրացան տեսել եմ, բայց իսկական մարտական ավտոմատ` այսօր առաջին անգամ տեսա: Ձեռքումս երկար պահեցի, շոշափեցի, բայց էլի սառն էր…

Ծառայությանս առաջին օրը շատ անսովոր էր, հատկապես առավոտյան վերկացին: Կյանքիս կեսը գնաց, մինչև արթնացա: Հիմա արդեն շատ վարժ եմ` վերկացի ժամանակ էլ, շարայինի էլ: Թեպետ դեռ չեմ կարողանում  ինչպես հարկն է ձգվել, քաշս է խանգարում, բայց մինչև երդումը հաստատ մի հինգ անգամ կձգվեմ, հետո ձգումների քանակը կհասցնեմ պահանջվածին: Կարևորը՝ ձգտում կա մեջս: Լավ չարչարվում ենք` մարզումներ, վարժանքներ, լսարանային պարապմունքներ: Առջևում պատասխանատու օր է. բոլորս զինվորական երդում ենք տալու: Բոլորիս հարազատներն էլ ներկա են լինելու այդ օրը, իսկ մեզ երդումից հետո մի երկու ժամով թույլ են տալու հարազատների, ընկերների հետ զգալ ազատության բերկրանքը…

 

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸՎահե Գրիգորյան

-Ամառը կես եղավ, ես զորակոչվեցի: Ճիշտ են ասում` ո՛չ շատ շոգն է մի բան, ո՛չ էլ շատ ցուրտը: Մեկ-մեկ էլ մտածում եմ՝ «Շոգին, տապին մի հով տեղ կգտնեմ, իսկ ձմեռը տաք տեղ գտնելը դժվար կլինի, էն էլ նորեկի համար: Չէ, լավ է, որ ամռան զորակոչին եկա բանակ,- ասում է նորակոչիկ Վահե Գրիգորյանը:

Նա Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի շրջանավարտ է:

-Մթնշաղ էր, երբ հասանք զորամաս: Հիշում եմ՝ անընդհատ բարձրանում էինք, եւ ճանապարհն ինձ անվերջ էր թվում: Վերջապես երկաթե դարպասները  բացվեցին, ու մենք ներս մտանք: Տեղանքն անծանոթ էր: Մինչև հիմա մի կարգին տեղ էլ չեմ գնացել…

Առավոտյան զորանոցից դուրս եկանք, շարվեցինք, ու այդ պահին աչքս ընկավ ոչ այնքան հեռվում դեպի սարերը անվերջ ձգվող անտառներին… Գեղատեսիլ բնապատկերը միանգամից ինձ գերեց: Օդը մաս-մաքուր էր, շնչում ես ու չես հագենում: Երբեք չեմ մտածել, որ զորամասը այսպիսի հրաշք վայրում կլինի: Ինձ միշտ թվացել է, թե զորամասերը իրենց նշանակությունից ելնելով, բնակավայրերից հեռու, ամայի, անվտանգ տարածքներում են հիմնվում: Բախտս բերեց, անցավ մտքովս, որ այս զորամասում է ծառայությունս անցնելու:

Առաջին օրը անսովոր էր, կարելի է ասել՝ անհարմար էր, քանի որ սովոր չէի շուտ զարթնելուն, անազատ կյանքին…

Տասնմեկ օր է, ինչ կրում եմ հայոց բանակի զինվորի համազգեստը և արդեն հասցրել եմ հասկանալ դրա արժեքը: Մտածում էի, որ իմ հագով համազգեստ դժվար թե ճարվի, բայց, ի զարմանս ինձ, գտան, ու ես էլ հագա, ու շատ լավ նստեց վրաս: Օրերն անցնում են շատ հագեցած, այնքան հագեցած, որ չենք հասցնում ձանձրանալ: Զարթնում ենք, ֆիզպատրաստության ենք գնում, այնուհետև՝ լվացվել, նախաճաշ, շարային քայլքի ուսուցում, ապա լսարանային ժամեր, որտեղ ծանոթանում ենք զինվորական կանոնադրությանը…

Արդեն գիտեմ՝ թշնամին որտեղ է, մեզնից քանի մետր հեռավորության վրա: Հավանաբար մի օր դեմ առ դեմ կհանդիպեմ նրան, ու նա կտեսնի իմ զենքի ու բազկի ուժը: Առայժմ զինվորական երդմանն ենք պատրաստվում ու շատ լավ ենք պատրաստվում, ես կասեի՝ ջանասիրաբար:

Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուս.՝ հեղինակի

Խորագիր՝ #31 (1151) 17.08.2016 - 23.08.2016, Ազգային բանակ


17/08/2016