ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՊԱՆԵՐԸ
զորամասի գումարտակի
հրամանատար, մայոր
Մայոր Գեղամ Հովհաննիսյանը ծնվել է Արտաշատ քաղաքում: Ավարտելով ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը՝ ուսումը շարունակել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Ռազմական բուհն ավարտելուց հետո նշանակվել է մոտոհրաձգային գումարտակի դասակի հրամանատար: 2016 թ. մարտ ամսին կադրային առաջխաղացման ծրագրի շրջանակներում նշանակվում է զորամասի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, որտեղ էլ ծառայում է մինչև օրս:
«Ծառայության ընթացքում Գեղամ Հովհաննիսյանն իրեն դրսևորել է որպես պատրաստված, գրագետ և պարտաճանաչ սպա, իր անմիջական պարտականությունները կատարում է անթերի և ժամանակին: Մշտապես աչքի է ընկել կատարողական բարձր կարգապահությամբ և շտաբային աշխատանքի բարձր կուլտուրայով»,- կարդում ենք զորամասի հրամանատար, գնդապետ Ս. Գևորգյանի ծառայական բնութագրականում:
Գումարտակի հրամանատար, մայոր Գեղամ Հովհաննիսյանը ծառայության ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձնում անձնակազմի մարտական պատրաստության և պատրաստականության կատարելագործման խնդիրներին, գիտի, տիրապետում է իր գործառնական պարտականություններին, հետևողական է վերադասի հրամանների կատարման նկատմամբ: Պատասխանատվության բարձր զգացումով օժտված սպա է, ունակ է բարդ իրավիճակներում անհետաձգելի որոշումներ կայացնելու և հստակ հրամաններ արձակելու: Պահանջկոտ է թե՛ իր և թե՛ իր ենթակաների նկատմամբ: Ծառայության ընթացքում բազմիցս արժանացել է հրամանատարության խրախուսանքին:
Ֆիզիկապես առողջ, շարային պատրաստվածության առումով ձգված, բնավորությամբ հավասարակշռված սպան կարողանում է պահպանել պետական գաղտնիքը և մեծ հարգանք է վայելում ծառայակիցների շրջանում:
Խորագիր՝ #31 (1151) 17.08.2016 - 23.08.2016, Ազգային բանակ