Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋՆԱԳԻԾԸ «ԽՈՇՈՐԱՑՈՒՅՑԻ» ՏԱԿ



ԱՌԱՋՆԱԳԻԾԸ «ԽՈՇՈՐԱՑՈՒՅՑԻ» ՏԱԿԻ՞նչ է փոխվել առաջնագծում  ապրիլյան պատերազմից հետո, ինչպե՞ս են ծախսվել ապրիլի 4-ից Արցախի Հանրապետության  կառավարության հատուկ հաշվեհամարին հանգանակված գումարները:  Այս հարցերին պատասխանելու համար Արցախի կառավարությունը նախաձեռնել էր հասարակական-քաղաքական գործիչների այցելություն  առաջնագիծ, ինչպես նաեւ հանդիպումներ իշխանության ներկայացուցիչների հետ:

 Օգոստոսի 13-ին հրավիրյալները բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ շրջայց են կատարել ՊԲ հարավարեւելյան սահմանագոտում:

 

Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության և «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյան

-Հաճախ տարբեր հասկացություններ ենք իրար խառնում,  եզրահանգումներ ենք անում, ամեն ինչի նկատմամբ ու միմյանց հանդեպ անվստահություն ենք դրսևորում: Սա կքանդի մեր տունը: Այս առումով կարեւորում եմ Արցախի կառավարության հաշվետու լինելու քաղաքականությունը: Այն մեծացնում է վստահության պաշարը: Պիտի հորդորեմ, որ պարբերաբար նախաձեռնվեն նման այցելություններ, ավելի շատ մարդ ընդգրկվի: Որպես առաջին անգամ դիրքեր եկած մարդ` տպավորված եմ: Այսօր տեսա, հասկացա, թե ինչ ասել է դիրք, ինչ է նշանակում սահման: Այն աստիճան տպավորված եմ իմ տեսածով, որ ամբողջ էությունս խլրտում է: Եթե մենք այն դժվար ժամանակներում ազատագրել ենք այս հողը, ուրեմն այսօր այս հողի պաշտպանությունը յուրաքանչյուր հայ մարդու պարտավորությունը պետք է լինի: Ներկայացվող փոփոխությունները պատիվ են բերում ԼՂՀ ՊԲ-ին: Մտածված, խելացի գործ է արվել: Այստեղից հետեւություն` այն հիմնադրամը, որ սկսեց աշխատել ապրիլյան պատերազմից հետո, պետք է լինի գործուն, պետք է դառնա բանակի կարիքները հոգալու այլընտրանքային միջոց: Հայությունը առանց մտածելու, առանց կասկածելու, պետք է օժանդակի, օգնի, ներդրում անի: Կպահե՞նք` կունենանք ամուր, պաշտպանված սահման եւ հայրենիք:

ԱՌԱՋՆԱԳԻԾԸ «ԽՈՇՈՐԱՑՈՒՅՑԻ» ՏԱԿՏեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյան

-Տպավորություններս երկակի են: Նախ՝ ասեմ, որ մեծ ծավալի գործ է արվել, եւ ակնհայտ է, որ այսպես պետք է լիներ, քանի որ այսօրվա պատերազմը ենթադրում է տեխնիկական միջոցների, ճկուն համակարգերի ակտիվ կիրառում: Տխրեցնում է այն, որ հիմա ենք անում` հետին թվով: Սակայն նկատեմ, որ ապրիլից այդքան էլ շատ ժամանակ չի անցել, իսկ կատարված գործը ահռելի է: Կիրառվող միջոցները թույլ են տալիս վերահսկելու վիճակը, բարձրացնելու զինվորների անվտանգության աստիճանը, կանխելու դիվերսիոն ներթափանցումները: Մեզ համար զինվորի անվտանգությունը պետք է դառնա ռազմավարություն, եւ միջոցներ չպետք է խնայվեն:

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյան

-Ես սահմանի այս հատվածում եղել եմ 2014 թ.-ի գարնանը: Առաջնագիծն անճանաչելիորեն  փոխվել է.  եթե չասեին, թե որ համարի դիրքում ենք, չէի ճանաչի: Աշխատանքները շարունակվում են: Բայց, իհարկե, կարեւոր խնդիրներից մեկն էլ պետք է դառնա սխալների վերլուծությունը, գուցե ինչ-ինչ հատվածներ արժե ներկայացնել հասարակությանը՝ ավելորդ դժգոհություններից խուսափելու համար:  Ինչ վերաբերում է տեխնիկական հագեցվածությանը, ապա  այս հարցում պետք է շատ ավելի վաղ համապատասխան քայլեր ձեռնարկեինք: Ինչեւէ, ուրախ եմ, որ այսօր այդ տեխնիկան արագ տեմպերով ներդրվում է: Առաջնագծում կուզեի տեսնել տեղական արտադրողների փորձարկվող ապրանքներ, սա հնարավորություն կտար զարգացնելու տեղական արտադրությունը: Նշեմ, որ ինձ համար այսօր ամենատպավորիչը ոչ այնքան տեխնիկան էր, որքան այն, որ ջուր են քաշում դիրքեր, հոսանքի մատակարարման հարցերն են լուծվում: Սրան զինծառայողները վաղուց էին սպասում: Ենթակառուցվածքային խնդիրները լուծվում են, ինչը գովելի է:

ԱՌԱՋՆԱԳԻԾԸ «ԽՈՇՈՐԱՑՈՒՅՑԻ» ՏԱԿԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյան

-Դեռ վաղ է ամփոփել կատարված աշխատանքը, որովհետեւ մեր առաքելության մեկնարկն է: Հետեւությունները կանենք ավելի ուշ, երբ կստանանք, կհավաքագրենք ամբողջ տեղեկատվությունը եւ կքննարկենք Արցախի կառավարության ներկայացուցիչների հետ: Դրական եմ գնահատում տեխնիկական նորամուծությունները, բայց եւ եղածով չպետք է բավարարվել, անհրաժեշտ է շարունակական կատարելագործում, քանի որ տեխնիկան հնանալու հատկություն ունի: Կարեւոր է ապահովել տեխնիկայի անխափան սպասարկումը: Այսինքն` նորամուծությունների ներդրման աշխատանքը պետք է երաշխավորվի: Այս ամրացումները, ենթակառուցվածքները կարող են դառնալ տեսողական ապացույցը այն քաղաքականության շարունակականության, որը որդեգրել է  Արցախի իշխանությունը. նրանք միշտ դեմ են եղել հող հանձնելու մտքին եւ հեռանկարին:

 

Հ.Գ. Հիշեցնենք, որ հանգանակությունը շարունակվում է, և բոլոր ցանկացողները կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին.

Սպասարկող բանկ՝ «Արցախբանկ» ՓԲԸ Հասցե՝ Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան SWIFT` ARTSAM22

Ստացող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Հաշվեհամարները՝ ՀՀ դրամ՝ 22300612211100, ԱՄՆ դոլար՝ 22300110153200, Եվրո՝ 22300200153300, ՌԴ ռուբլի՝ 22300400153100:

Առցանց փոխանցումների (վիզա, մասթեր և արքա քարտերով) համար անցնել հետևյալ հղմամբ՝

http://minfin-nkr.am/?section=payameria/index

Շ. Ստեփանյան

Լուսանկարները՝ հեղինակի

Խորագիր՝ #31 (1151) 17.08.2016 - 23.08.2016, Բանակ և հասարակություն


17/08/2016