ՀԱՂԹԱՆԱԿԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ
Ապրիլյան պատերազմին հաջորդող կադրային փոփոխությունները ԼՂՀ պաշտպանության բանակում միտված էին ղեկավարման համակարգը կատարելագործելուն:
Մայիսի 2-ին պաշտպանության բանակի հրամանատարի հրամանով փոխգնդապետ Արամ Հայիրյանը նշանակվեց հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված պաշտպանական շրջանի հրամանատար: Ի դեպ, առաջնագծի սպայական ավանում բնակություն է հաստատել նաեւ հրամանատարի ընտանիքը` կինը եւ դուստրը:
Արամ Հայիրյան. 1997 թ. ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Այստեղ յուրացրել է տանկային ստորաբաժանման հրամանատարի մասնագիտությունը: Ավարտելուն պես տանկային գնդում նշանակվել է դասակի հրամանատար: Այնուհետեւ տարբեր զորամասերում տանկային վաշտի հրամանատար է եղել: Հաշվի առնելով մասնագիտական բարձր կարողությունները` նշանակվել է ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասի հրամանատարի տեղակալ: Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը տանկով գրոհել է հակառակորդի գրաված դիրքն ու ճեղքելով պաշտպանությունը` հետ վերցրել այն:
Փոխգնդապետ Հայիրյանը ծառայության ընթացքում պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» եւ մի շարք այլ գերատեսչական մեդալներով:
-Պարոն Հայիրյան, ապրիլյան պատերազմից հետո Դուք ստանձնեցիք այն պաշտպանական շրջանի ղեկավարումը, որը մարտերի կիզակետում էր: Ինչի՞ վրա շեշտը դրեցիք:
-Առաջին խնդիրս անձնակազմի մարտավարական եւ կրակային պատրաստության աստիճանը բարձրացնելն էր: Սկսեցինք համառ պարապմունքներով: Երեք ամսվա ընթացքում անձնակազմը մի քանի անգամ հաստիքային հրանոթից հրաձգություն է կատարել: Լավ խոցում են իրականացրել թե՛ տանկիստները, թե՛ հրաձիգները: Երկրորդ խնդիրս էր` ապահովել անձնակազմը հուսալի թաքստոցներով ու խրամաբջիջներով, որտեղից հնարավոր կլիներ վստահ մարտ վարել: Ամբողջությամբ տեղափոխել ենք պատերազմի ժամանակ բացահայտված կրակակետերը: Եթե նախկինում տանկային, մոտոհրաձգային ստորաբաժանումների համար եղել է երկու բնագիծ, ապա այսօր թիվը մի քանի անգամ մեծացրել ենք: Առաջնագիծն ամբողջ երկայնքով կահավորված է, եւ հարկ եղած դեպքում տանկային, հակատանկային եւ մոտոհրաձգային վաշտերը կկարողանան այդ բնագծերից իրենց խնդիրները կատարել: Ինձ համար կարեւոր էր նաեւ անձնակազմ-հրամանատարություն կապն ամրապնդելը: Թե՛ սպաներին, թե՛ զինվորներին ասացի` եթե ինչ-որ հարցում դժգոհություն ունենաք, առանց կաշկանդվելու դիմեք: Հրահանգավորել եմ` եթե զինվորը դիմում է ըստ վերադասության եւ տեսնում է, որ բարձրացված խնդիրը տեղ չի հասնում, ուրեմն օրվա ցանկացած պահի կարող է մոտենալ ինձ: Զինվորից լավ ոչ ոք չգիտի, թե ինչի կարիք կա:
-Պարոն փոխգնդապետ, ապրիլյան պատերազմից հետո շատ խոսվեց պահուստային զինամթերքի չափաբաժնի մեծացման անհրաժեշտության մասին: Արդյոք վերանայվե՞լ է այս կետը, եւ ինչպիսի՞ համալրում է ունեցել Ձեզ վստահված պաշտպանական շրջանի սպառազինությունը:
-Առաջնագծում տեղադրվել են դիտարկման միջոցներ, որոնք մեծապես կատարելագործել են զորքի կառավարման եւ դիտարկման հնարավորությունները: Ապահովված ենք գիշերային տեսանելիության սարքերով, ժամանակակից նշանոցներով, որոնք ապահովում են լավագույն մասշտաբ եւ ցայտերանգություն անգամ ցածր լուսավորության պայմաններում: Ծավալվել են գիշերային ջերմադիտարկման կետեր: Դիտարկում կատարողի աչքից արդեն չի վրիպի հակառակորդի ցանկացած տեղաշարժ: Այսօր մեր պաշտպանական շրջանում չկա «անտեսանելի» հատված: Ինչ խոսք, մի քանի անգամ ավելացվել է զենքի պահուստային չափաբաժինը: Նախկինում հաշվարկը կատարվում էր հետեւյալ չափանիշներով` հարձակվող ստորաբաժանումը հարձակումն իրականացնում է 3-5 անգամ գերազանցող անձնակազմով: Այսինքն` 10 զինծառայողի ուղղությամբ հնարավոր էր համարվում հարձակում 30-50 հոգանոց անձնակազմով: Սակայն ապրիլին հակառակորդի խմբերը բաղկացած էին 150-200 զինծառայողից: Հետեւություններ են արվել, եւ հաշվարկը փոփոխվել է: Անհրաժեշտ զինամթերքով ապահովված ենք: Նաեւ վերանորոգել-ուժեղացրել ենք պատերազմին մասնակցած մարտական տեխնիկան: Լիովին պատրաստ ենք գիշերային մարտի:
-Պարոն հրամանատար, նկատենք, որ հակառակորդը մեծացրել է կիրառվող զենքի տրամաչափը, արդյոք վերանայե՞լ եք ինժեներական կահավորման մոտեցումները:
-Բնականաբար: Համապատասխան խորություններում կահավորել ենք թաքստոցներ: Վստահեցնում եմ, որ անձնակազմը ապահովված է խոցումից` ինչ զենքից էլ հակառակորդը կրակի: Պարզապես զինվորը պետք է ուշադիր լինի, դիտարկվող տարածք դուրս չգա, խրամատի երթուղուց չշեղվի: Ինչը, ցավոք, երբեմն անում է:
-Իսկ ի՞նչ են ցույց տալիս դիտարկումները: Ինչի՞ է պատրաստվում հակառակորդը:
-Հակառակորդը պատրաստվում է պատերազմի: Ամբողջ ճակատի երկայնքով նա հարձակողական մարտավարությամբ զորավարժություններ է անցկացնում: Այսօր նրանք պարբերաբար առաջնագիծ են հանում ծանր տեխնիկան` թերևս իրենց զինծառայողներին ոգեւորելու համար, բայց նաեւ չի բացառվում հարձակումը: Գիշերը առաջ բերած տանկերը լուսաբացին հետ են քաշում: Հավանաբար փորձում են այդ տեղաշարժը սովորական դարձնել մեզ համար, թուլացնել մեր զգոնությունը: Բայց մի օր էլ տեսար՝ առաջ շարժվեցին: Մենք դա հասկանում ենք և պատրաստ ենք թե՛ պաշտպանության, թե հակագրոհի, հրամանի դեպքում` նաեւ հարձակման:
-Պարոն փոխգնդապետ, Դուք՝ որպես զինվոր, որպես հրամանատար, որպես հայ մարդ ինչպե՞ս եք վերաբերվում «հող հանձնելու» մասին խոսակցություններին:
-Անհեթեթությո՛ւն: «Քննարկում» են հատկապես մեր ուղղությունը` անտեղյակ լինելով այն մեծածավալ, մասշտաբային աշխատանքներին, որ կատարվում են այստեղ: Մենք ջրագիծ ենք հասցրել դիրքեր. զինվորը բացելու է ծորակը և մաքուր ջուր է խմելու: Նոր դիրքեր ենք հիմնում եւ կահավորում, վերանորոգում ենք սպայական տները: Պետությունը մեծ գումարներ է ծախսում՝ առաջնագիծը ապահով դարձնելու համար: Ուստի ծիծաղելի են հող զիջելու մասին խոսակցությունները: Մենք նախապատրաստվում ենք հաղթանակի:
Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ #31 (1151) 17.08.2016 - 23.08.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում