ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՊԿ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ և ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
Երևանում անցկացված ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակում օգոստոսի 16-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի աշխատանքային հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության հարցեր: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Դավիթ Փախչանյանին է ներկայացրել անցած տարիներին ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական կոմիտեի կատարած աշխատանքները և հեռանկարային ծրագրերը:
Կողմերը պայմանավորվել են հոկտեմբերի 13-ից 15-ը Հայաստանում կայանալիք սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի շրջանակում կազմակերպել նաև ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական կոմիտեին կից Գործարար խորհրդի նիստը:
Խորագիր՝ Նորություններ