ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ
Օգոստոսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ-ի «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» (GPOI) ծրագրի ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության համակարգող Անն Շտիգլիցին և ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի ռազմաքաղաքացիական համագործակցության կենտրոնի խաղաղապահ ծրագրերի պատասխանատու Թիմոթի Բրնին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի հովանո ներքո անցկացվող խաղաղապահ առաքելություններին հայկական կողմի մասնակցության, դրա համար անհրաժեշտ դասընթացների կազմակերպման և «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում իրականացվելիք առաջիկա նախագծերին առնչվող հարցեր` խաղաղապահ ուսումնական կենտրոնի վերակառուցում, ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման սարքավորումների ձեռքբերում և այլն:
ԱՄՆ-ի «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» ծրագրին ՀՀ անդամակցությունը հաստատվել է 2013թ.-ին, և նշված ծրագրի հիմնական նպատակն է աջակցել հայկական կողմին խաղաղապահ կարողությունների զարգացման և ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող առաքելությունների ներգրավման գործընթացում:
Խորագիր՝ Նորություններ