Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՒՍԱԼԵՌՑԻ ՔԱՋԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ



Սկիզբը՝ նախորդ համարում

Լեգեոնի զինծառայողների կազմում կային զգալի թվով հայազգի սպաներ: Նրանցից ոմանք ռազմական կրթություն էին ստացել ամերիկյան, ֆրանսիական և թուրքական զինվորական հաստատություններում: Ֆրանսիական հրամանատարությունը աշխատում էր նրանց չնշանակել զինվորական բարձր պաշտոններում, նույնիսկ ավելի ցածր պաշտոններ էին տալիս: Այսպես. ամերիկյան բանակի կապիտաններ Գևորգ Թագագչյանը և Գարագյոզյանը լեգեոնում ստացել էին կապրալի զինվորական աստիճան: Ի տարբերություն ֆրանսիացի զինվորի, զորացրվելուց կամ վիրավորվելուց հետո լեգեոնականը փոխհատուցում կամ դադարման ռոճիկ չէր ստանում: Այնուամենայնիվ, հայ սպաները անուշադրության էին մատնում նման մոտեցումները, քանի որ իրենց առջև դրված էր վեհ նպատակ՝ մարտնչել դարավոր ոսոխի դեմ և ազատագրել Կիլիկիան:

Կամավորականներ սկսեցին ժամանել նաև ԱՄՆ-ից: Սակայն ամերիկյան իշխանություններն այնքան էլ հակված չէին զինվորներ տրամադրելու Ֆրանսիային: Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ի պրեզիդենտ Վուդրո Վիլսոնն արդեն 1917 թ. ցանկանում էր սանձնել Հայաստանի հովանավորչությունը, ուստի տրամադրված չէր օգնելու դաշնակցին: Հայտնի է, որ դեռևս 19-րդ դարի կեսերից սկսած, ամերիկյան կառավարությունը հետաքրքրված էր Միջերկրականի նավահանգիստներով, այդ թվում նաև՝ Կիլիկիայով և տարածաշրջան էր թափանցում զանազան բարեգործական և կրոնական (միսիոներական) կազմակերպությունների միջոցով՝ իրականացնելով, այսպես կոչված, «փափուկ դիվանագիտության» իր քաղաքականությունը: Ինչևիցե, կիլիկիահայությունը կրկին ընկնում էր մեծ տերությունների հակասությունների առաջ:

Լեգեոնականների մարզումներն ընթանում էին ամեն օր: Դժվարին զինվորական ծառայություն էր, սակայն նրանք ձգտում էին հաղթահարել ամեն դժվարություն: Տողանցքի կամ շարային պարապմունքների ժամանակ հայ զինվորները կատարում էին ազգային երգեր՝ «Դարձյալ փայլեց», «Հեռավոր երկիր», «Ձայն մը հնչեց Էրզրումի հայոց լեռներեն», «Տալվորիկի զավակն եմ քաջ» և այլն:

Կիպրոսի հայ համայնքն իր ուժերի ներածին չափով աշխատում էր օգնել կամավորականներին, ոգևորել նրանց: Համայնքը նրանց ժամանակ առ ժամանակ նվերներ էր հանձնում: Եգիպտահայերը, բացի նվերներ ուղարկելուց, նամակագրական կապ էին պահպանում կամավորականների հետ, ոգևորում և ոգեշնչում էին նրանց: Լեգեոնի հաջող գործունեության, կարգապահության պահպանման գլխավոր երաշխիքը նրա ապակուսակցական լինելն էր: Բոլորը, անկախ կուսակցական պատկանելությունից և սոցիալական ծագումից, լծվել էին մեկ գործի՝ Կիլիկիայի ազատագրմանը: 1917 թ. դրությամբ՝ Արևելյան լեգեոնը կազմված էր 6 հայկական վաշտից, յուրաքանչյուրը` 200 զինվորով, և 1 սիրիական վաշտ՝ 160 զինվորով:

***

1918 թ. փետրվարի 24-ին մեծ հանդիսությամբ նշվեց Վարդանանց տոնը: Ներկա էին կամավորական երեք գումարտակ, հրամանատարությունը, Կիպրոսի բրիտանական զինվորական հրամանատարությունը և հայ համայնքի ներկայացուցիչները: Պատարագիչն էր Վաղարշ վարդապետ Արշարունին:

 

Հայկական լեգեոնը ռազմարշավի ժամանակի

Մարտի 23-ին ֆրանսիական հրամանատարությունը լեգեոնականներին հայտնեց, որ շուտով մեկնելու են ռազմաճակատ: Այդ լուրը մեծ ոգևորություն առաջացրեց կամավորների շրջանում: Նրանք նավերով տեղափոխվեցին Պորտ Սաիդ, ապա հաստատվեցին Սուեզի ջրանցքից 30 կմ հարավ գտնվող Իսմայիլայի մոտ՝ Էլ Թիհ անապատում, որտեղ շարունակեցին մարզումները: Որոշ ժամանակ անց լեգեոնն ուղղվեց Պաղեստինյան ռազմաճակատ: Նրանց տրվեցին 37 մմ տրամաչափի թնդանոթներ: Հայկական լեգեոնն իրեն փառքով պսակեց Արարայի (Պաղեստին) նշանավոր ճակատամարտում:

Ճակատամարտի նախօրյակին բրիտանական հրամանատարությունը ինքնաթիռից թռուցիկներ էր տարածել թշնամու զորքերի շրջանում, որոնցում գրված էր, որ իրենց դեմ մարտնչում է հայկական 60 հազարանոց բանակը: Ուշագրավն այն է, որ մեծ տերությունը հակառակորդի վրա հոգեբանական ճնշում գործադրելու նոր ձև էր գտել՝ ոչ թե սարսափեցնում էր ինչ-որ նոր զինատեսակով կամ ահեղ զենքով, այլ հայ զինվորներով: Ինչևէ, բրիտանական հրամանատարության կիրառած խորամանկությունն իր գործն արեց: Ճակատամարտի ընթացքում գերված թուրք բարձրաստիճան սպան, տեսնելով լեգեոնականների իրական թվաքանակը, չկարողացավ թաքցնել իր զարմանքը: Նա խոստովանեց, որ իրենք կարծում էին, թե հայերը թվով իրենցից ավելի շատ էին:

1918 թ. սեպտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը սկսվում է Արարայի ճակատամարտը: Հրամանատարներ Բ. Ազանի, Ֆուրուտիեի և Ճ. Շիշմանյանի առաջնորդությամբ նախահարձակ է լինում երկրորդ գումարտակը: Հրետանային և մասամբ օդային ռմբակոծությանը հաջորդած սրընթաց գրոհը թուրքերը Արարայի բարձունքից փորձում են կասեցնել գնդացրային կրակով: Արհամարհելով մահը՝ հայ քաջորդիները աստիճանաբար մոտենում են թշնամու դիրքերին, նետվում սվինամարտի և գրավում Արարա լեռը: Մարտի են նետվում հայկական մյուս ստորաբաժանումները: Երեկոյան մարտն ավարտվում է թուրքերի լիակատար պարտությամբ: Սեպտեմբերի 20-ին ֆրանսիական և բրիտանական զորքերի թևային հարձակման հետևանքով թշնամու ուժերն ընկնում են շրջափակման մեջ և դժվարությամբ ճեղքելով օղակումը՝ գլխապատառ փախչում են՝ սկիզբ դնելով սիրիրա-պաղեստինյան ռազմաճակատի քայքայմանը:

Արարայի ճակատամարտը  կործանիչ ուժի վերջին հարվածն էր, որ տրվեց Օսմանյան կայսրությանը: Հայ կամավորները շարունակեցին մարտական գործողությունները՝ կռիվներով անցնելով ավելի քան 250 կմ: Ֆրանսիական հրամանատարությունը 25 հայ մարտիկների պարգևատրեց «Մարտական խաչ» մեդալով: Հավելենք, որ սույն մեդալը տրվում էր Ֆրանսիայի պրեզիդենտի անունից, և այն իր նշանակությամբ երկրորդն է «Պատվո լեգեոն» շքանշանից հետո: Նշենք, որ սույն մեդալով է պարգևատրվել դեռևս 1915 թ. գեներալ Թովմաս Նազարբեկյանը:

***

Արարայի ճակատամարտում հայ լեգեոնականներն ունեցան 23 սպանված և 76 վիրավոր: Նրանք թաղվեցին թիվ 26-րդ դիրքում՝ եղբայրական գերեզմանում: 1925 թ. նրանց աճյունները տեղափոխվեցին Երուսաղեմ և վերաթաղվեցին Սիոն լեռան վրա՝ Ս. Փրկիչ եկեղեցու գերեզմանոցում:

Ֆրանսիական կառավարության որոշմամբ՝ Արևելյան լեգեոնը վերանվանվեց Հայկական լեգեոն (ստեղծվեց նաև սիրիական լեգեոն): Ռազմական նախարարության հրամանով լեգեոնը Բեյրութից տեղափոխվեց Կիլիկիա՝ ազատագրելու երկրամասը: Բեյրութում կազմավորվելու էր ևս մեկ գումարտակ, որով հայ լեգեոնականների թիվը հասնելու էր հինգ հազարի:

Ֆրանսիական բանակի կազմում հայ կամավորներին բախտ է վիճակվում առաջինը մտնել Կիլիկիա և մասնակցել նրա ազատագրմանը:

1918 թ. հոկտեմբերի 30-ին Մուդրոսի զինադադարով ավարտվում է Առաջին համաշխարհային պատերազմը Քառյակ միության երկրների պարտությամբ: Դա հնարավորություն է տալիս 150 հազար կիլիկիահայերի վերադառնալու հայրենի օջախներ: Ցավոք, Կիլիկիայի, այդ թվում մուսալեռցիների ճակատագիրը բախտորոշեցին ֆրանս-թուրքական (քեմալական) տխրահռչակ համաձայնագրերը: Ֆրանսիան, մոռացության մատնելով հայերի օժանդակությունը, նախապատրաստում էր Կիլիկիայի հանձնումը քեմալական Թուրքիային՝ հետապնդելով իր քաղաքական և տնտեսական շահերը: Հայ հասարակական-քաղաքական գործիչները նույնիսկ նման պայմաններում ձգտում էին Կիլիկիայում ունենալ հայկական իշխանություն, և 1920 թ. օգոստոսի 4-ին Կիլիկիան հռչակվում է ինքնավար Ֆրանսիայի հովանավորության ներքո: Սակայն մեկ օր անց ֆրանսիական իշխանությունները լուծարում են հայկական իշխանությունը, և դա առիթ է դառնում թուրքերի համար, որպեսզի նրանք նոր բռնություններ սկսեն հայերի նկատմամբ:

Նման պայմաններում ֆրանսիացիների համար ձեռնտու չէր Հայկական լեգեոնի գոյությունը, քանի որ մարտական ստորաբաժանումը կարող էր «արգելքներ» հարուցել Կիլիկիան թուրքերին հանձնելու խնդրում, ուստի սկսվում է լեգեոնի անձնակազմի թվաքանակի կրճատումը, իսկ 1920 թ. օգոստոսի 19-ին ֆրանսիացիները կազմացրում են Հայկական լեգեոնը:

 

Պատրաստեց Ռուբեն ՍԱՀԱԿՅԱՆԸ

պատմական գիտությունների դոկտոր

Խորագիր՝ #32 (1152) 24.08.2016 - 30.08.2016, Պատմության էջերից


24/08/2016