ՄԱՐԴ, ՈՐ ՓՈԽԵՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ
Գավրիլո Պրինցիպն այն մարդն է, որ ճակատագրական դեր խաղաց համաշխարհային պատմության մեջ: Նա 1914թ. գնդակահարեց Ավստրիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդին, որն էլ Առաջին համաշխարհային պատերազմի առիթ հանդիսացավ:
Ով էր 20-րդ դարի ամենահայտնի ահաբեկիչը, և ինչը նրան դրդեց այդ քայլին:
Գավրիլո Պրինցիպը ծնվել է Բոսնիայում: Ժամանակակիցները վկայում են, որ նա օժտված էր սուր մտքով և հատուկ սեր ուներ լեզուների հանդեպ, նա քաջ էր և ազնիվ: Երիտասարդ տարիներին նա անդամակցում է ռադիկալ-արմատական կուսակցությանը, որի գերնպատակը Բոսնիայի անկախացումն էր: 1908 թվականին Ավստրո-Հունգարիան բռնի միացրել էր Բոսնիան և Հերցոգովինան, իսկ սերբ ազգայնականները պայքարում էին, որ այդ հողերը, այնտեղ ապրող սերբ բնակիչների հետ Մեծ Սերբիայի մասը կազմեն: Ավստրո-Հունգարիայի դեմ ահաբեկչական գործողությունները ղեկավարում էր «ԾՏսՏՊՈÿ ըՏրվՌÿ» հեղափոխական կազմակերպությունը, որի անդամներից էր նաեւ Գավրիլո Պրինցիպը:
Այս կազմակերպությունը և մասնավորապես սերբ ազգայնականները ահաբեկչությունը համարում էին իրենց նպատակներին հասնելու ամենաարդյունավետ միջոցը: Նրանց ուշադրության առանցքում հայտնվում էին ավստրո-հունգարական քաղաքական գործիչներն ու բարձրագույն ղեկավարությունը: 1914թ. հունվարին «ԾՏսՏՊՈÿ ըՏրվՌÿ» խմբավորման ղեկավարությունը որոշում է ընդունում, որ պետք է մահափորձ կատարի Ավստրո-Հունգարիայի էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի դեմ, իսկ այդ գործողությունը պետք է ի կատար ածվի հունիսի 28-ին, երբ էրցհերցոգ Ֆերդինանդը ժամանի Սարաևո: Գավրիլո Պրինցիպը մահափորձն իրականացնողներից ամենահավանական թեկնածուն էր, թեև խմբավորման յուրաքանչյուր անդամի համար այդ դատավճիռն իրականացնելը պատվի հարց էր:
Բոլոր ահաբեկիչների մոտ, ռումբերից ու ատրճանակներից բացի, կար ցիանաջրածնային կալիումի սրվակ, որը ահաբեկիչը պետք է ընդուներ մահափորձն իրականացնելուց հետո: Եվ քանի որ ահաբեկիչները ո՛չ պրոֆեսիոնալ էին և ո՛չ էլ փորձառու, նրանցից երեքը հանձն չեն առնում նետելու ռումբը էրցհերցոգի վրա, իսկ չորրորդը, որ կատարում է գործողությունը, վրիպում է, և արդյունքում՝ Ֆրանց Ֆերդինանդը ողջ է մնում: Իր ընկերների անհաջող գործողություններից խուճապահար՝ Գավրիլո Պրինցիպը հայտնվում է էրցհերցոգին ու նրա կնոջն սպասարկող մեքենայի առջևում և դիմահար կրակոցով սպանում երկուսին: Հանձնարարությունը կատարված էր՝ երկուսն էլ զոհվել էին: Բայց ահաբեկիչը չէր կարողացել վերջ տալ իր կյանքին և հայտնվում է իրավապահ մարմինների ձեռքում: Գավրիլո Պրինցիպը անչափահաս էր, և այդ էր պատճառը, որ նրա պարագայում մահապատիժն արգելվում էր, և որպես անչափահաս՝ նրան դատապարտում են 20 տարվա բանտարկության: Սակայն, չանցած դեռ չորս տարի, Գավրիլո Պրինցիպը բանտախցում մահանում է թոքախտից:
Ավստրո-Հունգարիան Սերբիային վերջնաժամկետ է ներկայացնում, իսկ սերբ ղեկավարությունն օգնության խնդրանքով դիմում է Նիկոլայ II կայսերը: Սրան էլ հաջորդում է այն, որ Ֆրանց Իոսիֆը պատերազմ է հայտարարում Սերբիային: Ռուսաստանը սկսում է լայնամասշտաբ մոբիլիզացիա (զորահավաք), որը Գերմանիային վրդովեցնում է, և վերջինս պահանջում է Ռուսաստանից զորահավաքի դադարեցում: Բայց պատասխան չստանալով՝ 1914թ. օգոստոսի 1-ին Գերմանիան պատերազմ է հայտարարում Ռուսաստանին: Ամբողջ Եվրոպան խուճապի է մատնվում, պատերազմի մեջ են մտնում նաև Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: Սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, որը խլում է մոտավորապես 20 միլիոն մարդու կյանք:
Իսկ Գավրիլո Պրինցիպը Սերբիայում հռչակվում է Ազգային հերոս, նրա անունով փողոցներ են անվանակոչվում Սերբիայում, Բոսնիայում և Չեռնոգորիայում, իսկ Բելգրադում հուշարձան է կանգնեցվում քաջ սերբ տղայի հիշատակին: Նա իր երկրում դառնում է անկախության ու ազատության գաղափարների խորհրդանիշ, իսկ համաշխարհային պատմության համար՝ ճակատագրական անձ:
Պատրաստեց
Հասմիկ ՄԱԴՈՅԱՆԸ
մայոր
Խորագիր՝ #32 (1152) 24.08.2016 - 30.08.2016, Պատմության էջերից