Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ «ԼԵՌՆԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ»



Հայաստանում լեռնային կենարար կլիմայով եւ հարուստ բուսականությամբ   առողջավայրերը քիչ չեն: Դրանցից մեկն էլ ՊՆ ենթակայությամբ գործող  Դիլիջանի «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն-առողջարանն է: Այստեղ տարվա ցանկացած եղանակ իր առանձնահատուկ հմայքն ունի: Հանգստացողներին գրավում է շքեղ բնությունը, շենքի ճարտարապետական տեսքը, սենյակների հարմարավետությունը՝ ընդարձակ, բարձր առաստաղներով: Պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ բուժական մասնաշենքը հենց առողջարանային համալիրի  տարածքում է:

ՄԵՐ «ԼԵՌՆԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ»Առողջարանի պետ, գնդապետ Կորյուն Եղիազարյանը Արցախյան պատերազմն անցած զինվորական է: 2003 թվականից ղեկավարում է «Լեռնային Հայաստան» առողջարանը:

-2003թ. մինչ օրս անընդմեջ շինարարական-նորոգման աշխատանքներ են կատարվում: Դիլիջանի խոնավությունը միշտ էլ  ընթացիկ խնդիրներ է առաջացնում:   Հարկ է ժամանակ առ ժամանակ թարմացնել ամեն ինչ: Բարեկարգվում են թե՛ տեղանքը, թե՛ հարակից տարածքները: Տարին երկու անգամ՝ գարնանը եւ աշնանը, ծառատունկ է կազմակերպվում: Ուզում եմ անպայման նշեք, որ «Լեռնային Հայաստանում» կարող են իրենց հանգիստն անցկացնել ոչ միայն զինվորականները, այլ նաև սովորական քաղաքացիները: Զինծառայողների, Արցախյան ազատամարտի մասնակիցների համար առողջարանը գործում է անվճար հիմունքներով: Զինծառայողների ընտանիքի անդամների համար գործում է 50% զեղչ: Առողջարանում վերականգնողական  բուժում են անցնում  նաեւ մարտական գործողությունների մասնակցած, ծառայության ընթացքում վնասվածքներ, հրազենային վիրավորում ստացած ժամկետային պարտադիր զինծառայողները: Նրանք, ովքեր տեղաշարժվելու որոշակի խնդիրներ ունեն, սնունդը մատուցվում է սենյակներում:

Համագործակցության ծրագրեր ենք մշակում արտերկրում գործող առողջարանների հետ: Տարբեր երկրներից նույնպես զինվորականներ են  գալիս մեզ մոտ: Չեմ կարող հպարտությամբ չշեշտել՝ նրանք տպավորվել են թե՛ դիլիջանյան պատկերներով, թե՛ անձնակազմի ջերմ, սրտացավ վերաբերմունքով, սպասարկումով, մատչելիությամբ:

Ով մեզ մոտ մեկ անգամ հանգստանում է, դառնում է հիմնական այցելու եւ իրեն զգում է ինչպես հարազատ օջախում:

***

Ապրիլյան դեպքերի ժամանակ առողջարանի անձնակազմի որոշ անդամներ գեներալ-մայոր Սեյրան Սարոյանի հետ  այցելել են առաջնագիծ՝ մեր հայրենիքի սահմաններն անառիկ պահող տղաների  կողքին լինելու:

-Հիացած եմ, զարմացած մեր զինվորների մարտական պատրաստվածությամբ, զինվորական գործին տիրապետելու  արհեստավարժությամբ,- ասում է գնդապետը:- Զրուցում էի զինվորների հետ ու, հավատացեք, սիրտս ուրախությունից ծառս էր լինում: Ինքս խորհրդային բանակում եմ ծառայել, նռնականետորդ եմ եղել ու հպարտանում եմ մեր զինվորների գործնական իմացությամբ:

Քառօրյա պատերազմի մասնակից  բազմաթիվ զինվորներ եւ սպաներ  հարազատների հետ հանգստացել են  առողջարանում, սպասում ենք նոր հոսքի:

***

ՄԵՐ «ԼԵՌՆԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ»Առողջարանային համալիրի կազմակերպչական հարցերով զբաղվում է առողջարանի պետի տեղակալ, մայոր Սամվել Հովսեփյանը.  «Ժամանակի հրամայականն է՝ նորովի մոտեցում, ժամանակի պահանջներին համաքայլ: Արվում է հնարավորը, որ առողջարան այցելողները լիարժեք բուժվեն եւ հանգստանան: Հանգիստն է՛լ ավելի բազմազան ու բովանդակ դարձնելու համար գործում է գրադարան, լողավազան, սրճարան, կա մարզասրահ, ֆուտբոլի եւ վոլեյբոլի դաշտ, թենիսի սրահ, ցուցադրվում են 3D ֆիլմեր ե՛ւ մեծերի, ե՛ւ փոքրերի համար: Ստացել ենք միկրոավտոբուս, որը կօգտագործվի տուրիստական արշավներ իրականացնելու ոչ միայն Դիլիջանի, այլ նաեւ ավելի հեռու տեսարժան վայրեր, տարածքներ այցելելու:

Առողջարանի գլխավոր նպատակներից  է մարդկանց  սթրեսային վիճակից դուրս բերելը, առօրյա հոգսերից կտրելը, որ լիարժեք կազդուրվեն եւ դրական լիցքերով տուն վերադառնան: Ու մեր անձնակազմը  ջերմությամբ,  հարազատի սրտացավությամբ  ու հոգատարությամբ է շրջապատում մեր հանգստացողներին.  բարությունը, ուշադրությունը, տաք խոսքերը ջերմացնում են սիրտը, հավատացեք, դա առանձնահատուկ էներգիա է, որ չի անհետանում, ու դրա շռայլությունը երբեք չի վնասում…

***

ՄԵՐ «ԼԵՌՆԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ»«Լեռնային Հայաստանը» ունի բուժական միջոցառումների համար առանձին մասնաշենք` հագեցած ժամանակակից առողջարանային բուժսարքավորումներով:

-Դիլիջանը վաղ ժամանակներում եղել է թագավորանիստ ամառանոց: Տեղի կենարար օդն արդեն իսկ ինքնին բուժիչ է,- նշում է բուժական մասի պետ, բ/ծ մայոր Արթուր Արզումանյանը:

Առողջարանն ունի լաբորատորիա, էլեկտրասրտագրության կաբինետ, ատամնաբուժարան, բուժական ֆիզկուլտուրայի դահլիճ, ֆիզիոթերապևտիկ կաբինետներ, որտեղ իրականացնում են պարաֆինաբուժում, էլեկտրալուսաբուժում, մերսում: Ջրաբուժարանում առաջարկվում են  մարգարտային, օզոնային լոգանքներ, ստորջրյա ցնցուղ-մերսում, չորսխցիկանի լոգանք, ձեռքերի և ոտքերի մրրկային լոգանք…

– Արդեն քանի տարի՝ առողջարանի բուժական ընթացակարգին ավելացել է նաև ցեխաբուժությունը,- լրացնում է բ/ծ մայոր Արթուր Արզումանյանը:- Մենք օգտագործում ենք տեղական հումք` Լոռու Մարգահովիտ գյուղից բերված բուժիչ տորֆ: Ցեխաբուժությունը ցուցված է տարատեսակ հիվանդությունների դեպքում` և՛ հենաշարժական ապարատի, և՛ նյարդային համակարգի, և՛ ստամոքսաաղիքային համակարգի, և՛ շնչառական ¥իհարկե, այն ունի նաև իր հակացուցումները):

Բուժական նշանակումներ կատարելիս պարտադիր հաշվի է առնվում, թե ինչ խնդիրներ ունի հանգստացողը, եւ նոր միայն  համապատասխան նշանակումներ են կատարվում:

Բուժական ֆիզկուլտուրայի դահլիճը եւս բազմամարդ է: Ֆիզկուլտուրայի հրահանգիչ, ենթասպա Արտակ Գոգչյանը շեշտում է, որ հանգստացողները սիրով են գալիս մարզվելու,  մարզագույքն էլ պարբերաբար թարմացվում է:

***

ՄԵՐ «ԼԵՌՆԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ»Սնունդը, առավել ևս՝ բուժական սնունդը, առողջարանային բուժական լրակազմի կարևոր գործոններից է, որի ճիշտ կիրառումը զգալիորեն բարձրացնում է բուժման արդյունավետությունը: Ճաշարանի պետ, մայոր Գևորգ Ստեփանյանը նշում է, որ այնքան էլ վաղուց չէ, որ անցել են նոր սպասարկման ձևին` «շվեդական սեղանին»:

-Սննդի թարմությունն ու բազմազանությունը մշտապես ապահովված է,- ասում է ճաշարանի պետը,- մսային կերակուրներ, աղցաններ… Օրվա սնունդը կարգավորվում է այն հաշվարկով, որ ապահովվի օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, հանքային նյութերի, վիտամինների անհրաժեշտ քանակը:

Ճաշարանի շեֆ-խոհարար Վարդան Վարդանյանն էլ ժպիտով լրացնում է.

-Սննդի որակն  ավելի է լավացել, տեսականին է՛լ ավելի շատացել: Ամեն ինչ սիրով է պատրաստվում: Դժգոհություններ չկան, միայն գոհունակության խոսքեր ենք լսում:

***

ՄԵՐ «ԼԵՌՆԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ»Ճաշարանի հարևանությամբ  ձմեռային այգին է՝ արեւադարձային ծառ ու թփով, որը սելֆիի սիրահարների մշտական «գրոհի» վայրն է: Առողջարանում  ծառ ու թփի բազմազանություն է, վիթխարահասակ եղեւնիներն էլ մի յուրահատուկ շքեղություն եւ հմայք են հաղորդում տարածքին:

Խնամք և հոգատարություն զգում ես ամեն քայլափոխի, առողջարանային համալիրում առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները գերազանց հանգստի համար:

Մեր այցելության պահին առողջարանում թոռնիկների հետ հանգստանում էր  ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը. «5-րդ տարին է, որ գալիս ենք այստեղ: Տարեկան մեզ 10 աշխատանքային օր արձակուրդ են տրամադրում, եւ այդ օրերը գերադասում եմ թոռնիկներիս հետ անցկացնել գողտրիկ այս անկյունում: Բնությունը ինձ շատ է գրավում՝ հանգիստ է, խաղաղ: Աշխատակիցներն էլ չափազանց պատրաստակամ են»:

Հանգստացողները այստեղից հեռանում են կազդուրված, դրական լիցքերով, իսկ առողջարանի տպավորությունների եւ դիտողությունների գրքում ավելանում են շնորհակալական  խոսքերը: Իրենց երախտիքի խոսքն են հայտնում վիրավոր ազատամարտիկները, զինծառայողները, զոհված ազատամարտիկների մայրերը: Շնորհակալության խոսքերն ամենաշատը ջերմ եւ ուշադիր վերաբերմունքի համար են  ու տաք եւ անկեղծ ժպիտի:

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

մայոր

Խորագիր՝ #32 (1152) 24.08.2016 - 30.08.2016, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում, Սոցիալ-իրավական


24/08/2016