Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՇԽԱՐՀԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ



ԱՇԽԱՐՀԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔԵրբ ծնվեց թոռնիկս՝ Վահեն, աշխարհն ասես ինձ տվեցին: Ուրախությունից  տեղս չէի գտնում: Շտապեցի աղջկաս մոտ՝ աչքալուսանքի: Տխուր էր աղջիկս, արցունքները հազիվ էր զսպում. ամուսինն  այդ ժամանակ ծառայում էր բանակում. Արցախյան պատերազմի տարիներն էին…

Թոռնիկս մեծացավ մեր աչքի առաջ: Աշխույժ էր ու ժիր, չափազանց բարի:

18 տարին ակնթարթի պես անցավ, ու Վահեն գնաց հայրենիքին պարտքը տալու:

Խնջույք արեցինք, ամբողջ գյուղը հավաքվել էր:

Ծառայում էր Վահեն, իր նման զինվոր տղերքի հետ պաշտպանում հայրենի hողը: Ինչպես հոր, այնպես էլ  որդու ծառայության ժամանակ երկիրը խաղաղ չէր:

…Հոսպիտալում փակ կոպերով պառկած էր Վահեն: Չէի հավատում՝ թռի-վռի, միշտ աշխույժ-անդադրում, ժիր թոռնիկս այդպես անշարժ պառկի՞…

Արցունքներս հեղեղի պես հոսում էին:  Քանի ժամ, օր ու շաբաթ այդ վիճակում էր… Ուղիղ մեկ  ամիս անց նոր միայն «քնից» արթնացավ… Տեր Աստված, շնորհակալ եմ: Շնորհակալ եմ նաեւ հոսպիտալի  բոլոր բժիշկներին:

Ինչի՞ համար են այս պատերազմները, գալիս խաթարում են մարդկային կյանքի բնական ընթացքը, ցավ, վիշտ ու տառապանք են պատճառում:

Կյանքը մեկ անգամ է տրվում, ու բոլորն էլ ուզում են ապրել….18-20 տարեկան մեր զինվոր երեխեքը ուզում են ապրել հանուն ծնողի, հանուն սիրած էակի, հանուն…

Ապրել են ուզում, բայց եւ կռվում են ինքնամոռաց, անձնվիրաբար:

Ամեն մեկս մեր զավակների, մեր թոռների հետ մեծ հույսեր ենք կապում, հազար երազ հյուսում ու հրաշալի ապագա ցանկանում: Ուզում եմ՝ աշխարհը խաղաղ լինի…

Ամենակարող Տեր, խնդրում եմ՝ խաղաղության մեջ իրականացրու մեր երիտասարդների հազարագույն երազանքները:

 

Սիրուհի Գրիգորյան

բուժքույր

Խորագիր՝ #32 (1152) 24.08.2016 - 30.08.2016, Հոգևոր-մշակութային


24/08/2016