Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՐԱՓՈԽՎՈՒՄ Է ԱՌԱՋՆԱԳԻԾԸ



ՎԵՐԱՓՈԽՎՈՒՄ Է ԱՌԱՋՆԱԳԻԾԸԱպրիլյան պատերազմի ժամանակ ԼՂՀ ՊԲ հարավային բնագծում հակառակորդը ձեռնարկել է կաշկանդող գործողություններ` նպատակ ունենալով խոչընդոտելու պաշտպանական շրջանի ուժերի ու միջոցների տեղափոխումը մյուս` թիրախավորված պաշտպանական շրջան: Հրամանատար, գնդապետ Սերգեյ Շաքարյանը պատմում է. «Հարձակվել են փոքր խմբերով,  կարճ գրոհներով փորձել են վնաս հասցնել, սակայն հաջողություն չեն ունեցել, քանի որ պատրաստ էինք:  Երբ իրավիճակը սահմանին լարվել էր, առաջին հերթին տագնապով հանել ենք տանկային, մոտոհրաձգային ստորաբաժանումները, այնուհետեւ հրետանային հաշվարկները զբաղեցրել են կրակային դիրքեր: Ապրիլի 2-ին ինքնուրույն որոշում եմ կայացրել եւ բոլոր դիրքերում ավելացրել զինամթերքի չափաքանակը: Արդեն ապրիլի 3-ին կասեցրել ենք երկու գրոհ: Դիրքերի ուղղությամբ աշխատել է հրետանի, մենք էլ մեր հերթին հարվածել ենք այն ուղղություններով, որտեղ նկատել ենք զրահատեխնիկայի եւ անձնակազմի կուտակումներ:  Մեր հրետանավորների կրակը դիպուկ էր. հակառակորդը խուճապի էր մատնվել: Մինչեւ ապրիլյան պատերազմն  էլ մեր ուղղությամբ հակառակորդը հինգ անգամ ներթափանցման փորձ էր ձեռնարկել` հավանաբար գրոհից առաջ փորձելով բացահայտել մեր թույլ կողմերը: Զինվորի զգոնության եւ գիշերային սարքերի շնորհիվ ժամանակին հայտնաբերել եւ կանխել էինք դրանք»:

Կռվի օրերին հարավային ուղղությամբ տեղակայված պաշտպանական շրջանը կոպիտ բացթողումներ թույլ չի տվել: Բայց, այդուհանդերձ, հակառակորդի գործողությունները վերլուծվել, գնահատվել են. «Մի շարք հետեւություններ ենք արել մյուս զորամասերի թույլ տված սխալներից. վերանայվել են  թե՛ առաջնագծի կահավորման, թե՛ արգելափակոցների ստեղծման, թե՛ կրակային խնդիրները: Ծավալուն աշխատանք է կատարվել: Այսօր ՎԵՐԱՓՈԽՎՈՒՄ Է ԱՌԱՋՆԱԳԻԾԸզբաղված ենք ոչ միայն պաշտպանությունն ամրացնելով, այլեւ պատրաստվում ենք հարձակողական, հակահարձակողական գործողությունների: Վերլուծվել են հակառակորդի կիրառած զինատեսակների հնարավորությունները, ու համապատասխան պաշտպանողական աշխատանքներ են  ծավալվել: Հատկապես ուշադրության կենտրոնում են տանկերը, քանի որ ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդը կիրառել էր հակատանկային միջոցներ: Այսօր կրակային խնդիր կատարող տանկերը հնարավորինս պաշտպանված են: Համալրվել են տեխնիկական միջոցները:  Ուժեղացրել ենք գիշերային ժամերին կատարվող դիտարկումը: Այն համակարգը, որ ստեղծված էր մինչեւ ապրիլի մեկը, ավելի ենք կատարելագործել:  Այսօր հնարավորություն ունենք դիտարկելու  առաջնագծի  95 %-ը: Տեղադրված սարքավորումների շնորհիվ միջդիրքային տարածությունները գրեթե անանցանելի են հակառակորդի համար: Եթե թշնամին անգամ մեկ մետր իր խրամատից առաջանա, միանգամից կհայտնաբերվի: Զինծառայողներին հրահանգավորել ենք՝ հեռու տարածությունից կրակ չվարել. արդյունավետ չէ:  Արդեն  չորս անգամ հակառակորդին թույլ ենք տվել մոտենալ մոտ 150 մետր եւ նոր միայն հարվածել: Ավելացրել ենք մարտական հերթապահություն իրականացնող վաշտերի թիվը: Լրակահավորել ենք դիրքեր տանող երթուղիները, մաքրել չօգտագործվող խրամուղիները, վերանորոգել-կառուցել ենք զինամթերքի պահեստներ: Հիմա առաջնագծում կարող են առանց թիկունքի աջակցության երկար ժամանակ անդադար մարտ վարել»:

Ըստ հրամանատարի՝ հակառակորդը նույնպես լարված, ուժեղացված ծառայություն է իրականացնում. «Չէի ասի, թե ներկա պահին պատրաստվում են հարձակման: Նրանք եւս ամրացնում են պաշտպանությունը: Այնուամենայնիվ, մենք սպասում ենք, մենք պատրաստ ենք: Մտահոգվելու կարիք չկա»:

 

Փորձարկում են նորամուծությունները

ՎԵՐԱՓՈԽՎՈՒՄ Է ԱՌԱՋՆԱԳԻԾԸՏեխնիկական համալրումը նոր խնդիր է առաջադրում զորքին` սարքերի ճիշտ շահագործում: Մարտական հերթապահության նախապատրաստման ավանում ենք: Դիրքեր բարձրանալուց առաջ վաշտը եւս մեկ անգամ հրահանգավորվում է: Պարապմունքն անցկացնում է զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Էմին Օհանյանը: Գիտեմ՝ նա մի ամբողջ կյանք խրամատում է:  Փոխգնդապետ Օհանյանն ասես մեզ չի նկատում: Շարունակում է  դիրքապահներին բացատրել, թե ինչպես պետք է արդյունավետ օգտագործվեն դիտարկման նոր սարքավորումները, ինչպես պետք է բարձրացնել տեսախցիկը, որ այն չվնասվի. «…Այնուհետեւ ստուգում եք` աշխատո՞ւմ է, թե ոչ: Եթե չի աշխատում, զեկուցում եք օպերատիվ հերթապահին: Վաղ առավոտյան, երբ դեռ լույսը ամբողջությամբ չի բացվել, դիտարկման սարքը իջեցնում եք, որ այն չնկատվի եւ չխոցվի հակառակորդի կողմից»:

Վաշտի հրամանատար, կապիտան Սեդրակ Վարդանյանը, որը, ի դեպ, ապրիլյան պատերազմից հետո ներկայացվել է «Մարտական ծառայություն» մեդալի, նշում է, որ տվյալ սարքը 340 աստիճան դիտարկում է ապահովում,  ինչը մի քանի անգամ ավելի անվտանգ է դարձնում գիշերային ծառայությունը. «Ցերեկային դիտարկումների համար եւս ունենք սարքավորումներ, որոնք ապահովում են  ավելի մեծ խորություն: Կարեւոր է, որ զինվորը պահպանի շահագործման կանոնները, նաեւ չմտածի` եթե սարքը կա, ուրեմն ինքը կարող է թուլացնել զգոնությունը: Ո՛չ: Սարքը` սարք, բայց մարդու աչքն անփոխարինելի է»:

Վաշտի հրամանատարը կարեւորում է նաեւ կրակային պարապմունքները: Զինվորը պետք է հնարավորինս շատ մասնակցի կրակային պարապմունքների, հնարավորինս շատ կրակի: Մարտի դաշտում դիպուկ կրակը ապահովում է հաջողությունը:

Այսօր բոլոր դիրքերում շահագործվում են գիշերային նշանոցներ՝ թիրախը մթության մեջ նկատելու եւ չեզոքացնելու համար: Մարտական ավանում դիրքապահները սովորում են առանց վնասելու հարմարեցնել այն զենքին:

Դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Ռուդիկ Հարությունյանն ուսումնական վարժանք է իրականացնում նոր նշանոցով AK-74 ինքնաձիգից. «Նշանոցը ջերմային է, այսինքն` այն նաեւ դիտարկման գործիք է: Անցած հերթապահության ժամանակ կատարյալ մթության մեջ անգամ մուկ նկատեցի, ինչն էլ ինձ շատ զարմացրեց-հիացրեց»:

Նորամուծությունները մի քանի անգամ հեշտացրել են դիրքապահների ծառայությունը:

 

ՎԵՐԱՓՈԽՎՈՒՄ Է ԱՌԱՋՆԱԳԻԾԸԴիրք-ամրոցը

Ուղեւորվում ենք հարավային սահմանի նորակառույց դիրքերից մեկը.  մինչ ապրիլյան պատերազմը այն միջդիրքային տարածք էր: Եվ ինչպես զորամասում ասացին` ամենավտանգավոր կետը: Մերոնք հենց այստեղից են լայնածավալ հարձակում սպասել: Ճանապարհի կեսն անցել էինք, երբ մեզ ընդառաջ եկավ գումարտակի հրամանատար, մայոր Վարդան Կուջոյանը: Նա հոգատար տանտիրոջ է նման: Հպարտանում է. «Շուտով կտեսնեք, թե ինչ ենք կառուցել. ամրոց է, ամրոց»: Հետո պարզաբանում է, որ այդ կետից վտանգ էր սպառնում ընդհանուր ճակատին, նաեւ երկու դիրքերի միջեւ ընկած տարածությունն էր բավականին շոշափելի:

-Ծառայությունը լարվա՞ծ է,- հետաքրքրվում եմ:

-Նույնն է. միշտ էլ ուժեղացված է: Բայց մենք երբեք էլ չենք լարվում, հանգիստ ենք: Եթե գան, առանց աչք թարթելու ետ կուղարկենք,- հրամանատարը շփում է ձեռքերը:

Դիրքում ենք: Առաջինը նկատում եմ խնամքով, ճաշակով կառուցված լվացարանը, որը լիովին տարբերվում է նախկինում իմ տեսածներից: Ներս եմ մտնում հանգստավետ կացարանը: Քարտեզներ, թերթեր, առաջին բժշկական օգնության պահարան եւ իրար վրա դարսված զանազան հաստափոր գրքեր: Մեկի վերնագիրն անմիջապես տպավորվում է` «Մենք կենսունակ տղաներ ենք»: «Այդպես էլ կա»,-մտածում եմ: Կացարանի կողքին փոքրիկ, բայց հարմարավետ ճաշարանն է: Այստեղ էլ ուշադրությունս գրավում է անձնական հիգիենայի պարագաներով դարակը, որում ամեն սրբիչ «անվանակոչված» է: Հետեւում եմ մայոր Վ. Կուջոյանին: Խրամուղիներն իսկական լաբիրինթոս են հիշեցնում: Երբ ասում եմ այս մասին, ժպտում է` «Ուրեմն լավ ենք կառուցել»: Խրամատն էլ բավականին երկար է, հավանաբար ամենաերկարը մեր խրամատներից:

Հրամանատարը կանգ է առնում կրակակետում: Մատն ուղղում է դեպի կանաչ, փարթամ ծառը, որն ասես անապատում բուսնած միակ ծաղիկը լինի. «Մարտի 8-ին հակառակորդը հասել էր հենց այդտեղ: Փորձել էր օգտագործել միջդիրքային տարածքն ու ներթափանցել թիկունք: 150 մետր մոտեցել էին, երբ մեկ էլ աջ ու ձախ թեւերից զինվորներս կրակ թափեցին: Թշնամու հայտնի «Յաշմայի» անձնակազմը երկու զոհ տվեց»:

ՎԵՐԱՓՈԽՎՈՒՄ Է ԱՌԱՋՆԱԳԻԾԸԱյսօր հակառակորդին նկատելն ավելի է հեշտացել. դիրքը ապահովված է գիշերային տեսանելիության սարքով, որը խնամքով քողարկված է, իսկ ցերեկային դիտարկումը համապատասխան միջոցներով կատարում է անձամբ գումարտակի հրամանատարը:

Իհարկե, ամեն ինչ լավ է, նույնիսկ գերազանց. ոչ մի համեմատություն երեկվա հետ, սակայն դեռևս տեղ-տեղ նկատելի են պահածոյի տուփերի չըխկչըխկան շարանները:

-Դրանց ժամանակը չի՞ անցել,- կատակի եմ տալիս:

-Չեն խանգարում, դեռ թող մնան,- ամենայն լրջությամբ պատասխանում է գումարտակի հրամանատարը:- Շներից էլ չենք հրաժարվել. Արջուկն ու Տուզիկը շարունակում են «հերթապահել»:

Իհարկե, հակառակորդն էլ քնած չէ: Վարդան Կուջոյանը ցույց է տալիս  երկնքում սավառնող սպիտակ օդապարիկը.  «Դիտարկում է անում: Հեռավորությունը մոտ 5 կմ է` հրաձգային զենքով չես խոցի: Իսրայելական արտադրության է: Առաջնագծում միակն է. նշանակում է՝ հակառակորդը շատ է կարևորում մեր դիրքը: Բայց արդեն մտածել ենք այն շարքից հանելու ճանապարհների մասին»:

ՎԵՐԱՓՈԽՎՈՒՄ Է ԱՌԱՋՆԱԳԻԾԸԻնչպես տղաներն են ասում` դիրքի «տեսարժան վայրը» թաքստոցն է: Նոր է կառուցվել և համապատասխանում է առաջադրված պահանջներին: «Աշխատանքների ժամանակ ոչ մեկն էլ իրեն չի խնայել. պատերը շարել են պայմանագրայինները, փոսը փորել են զինվորները, գերաններն էլ վաշտի հրամանատարն է տեղադրել»:

Մայոր Կուջոյանը իր արածի մասին չի պատմում, բայց այստեղ բոլորը գիտեն նրա ներդրման, կատարած մեծ ծավալի աշխատանքների մասին: Անգամ երկվորյակ երեխաների ծնունդը ութ տարի սպասելուց հետո սպային չի կտրել դիրքերից:

Դիրք են այցելում ՊԲ շտաբի բարձրաստիճան սպաները` ստուգելու դիտարկման համակարգերը, կապի միջոցները, զենքերն ու ինժեներական կահավորվածությունը: Մայոր Արտյոմ Հարությունյանը ամփոփում է տեսածը. «Արդեն հինգ դիրք ենք մտել, մի զինվոր չգտանք, որ իր անմիջական պարտականությունները չիմանա կամ թերի իմանա: Ստուգել ենք նաեւ երկրորդ, երրորդ բնագծերը: Պահանջվող աշխատանքը կատարված է»:

Եվ խումբը շարունակում է իր աշխատանքը: Չենք խանգարում: Հրաժեշտ ենք տալիս դիրքապահներին, մեկ էլ նկատում եմ զինվորի` արեւի տակ պսպղացող կարճաճիտք կոշիկները. «Նոր եմ մաքրել, մի ժամից կհագնեմ ու կստանձնեմ մարտական հերթապահությունը…,- ասում է դիրքապահ Նապոլեոնը:- Զինվորը ոտից գլուխ պատրաստ պիտի լինի, ինչպես սիրած աղջկա հետ հանդիպման գնալիս»:

 

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.` հեղինակի

Խորագիր՝ #32 (1152) 24.08.2016 - 30.08.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


24/08/2016