ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է «ԲԱԶԵ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն հանդիպել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին:
Ողջունելով բազեականներին՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ պատվաբեր է ներկա գտնվել արդեն ավանդական դարձած «Բազե» համահայկական երիտասարդական հավաքին, ինչը նաև օրինաչափ է, քանի որ ի պաշտոնե ղեկավարում է Հայաստանի ամենամեծ երիտասարդական կառույցը՝ հայոց բանակը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է նաև երիտասարդ սերնդի հայրենասիրության ամրապնդմանը միտված բոլոր միջոցառումները։ «Նմանատիպ միջոցառումները ոչ այլ ինչ են, եթե ոչ երկրի պաշտպանական քաղաքականության իրականացում: Երիտասարդներն են, որ համալրում են հայկական բանակը, և շատ կարևոր է, որ նրանք լինեն հայրենասեր, գաղափարապես պատրաստված»,- ասել է Սեյրան Օհանյանը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը խոսել է նաեւ զինված ուժերի ձեռքբերումների, զինծառայության առանձնահատկությունների մասին, անդրադարձել է ապրիլյան քառօրյա մարտական գործողություններին, պատմել դրվագներ զինվորների սխրագործություններից, ներկայացրել գնահատականներ ու վերլուծել մարտական գործողությունների հետևանքները: Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև բազեականների հարցերին:
Հանդիպման ավարտին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի գործունեությունը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և երիտասարդներին աջակցելու համար:
«Բազե» համահայկական երիտասարդական հավաքը մեկնարկել էր օգոստոսի 22-ին Ծաղկաձորում: Այս տարի «Բազեին» մասնակցում է շուրջ 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից, Ջավախքից և սփյուռքից։
Խորագիր՝ Նորություններ