Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԱՐՏՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ



ԱՎԱՐՏՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸՔաշաթաղի շրջկենտրոն Բերձորի՝ Արցախյան գոյամարտի նահատակների հուշահամալիրում կայացած համերգով օրերս ավարտվեց ՀՀ Երկրապահ կամավորականների միության կազմակերպած Արցախյան հերթական ուխտագնացությունը: Արդեն 20 և ավելի տարիների պատմություն ունեցող ուխտագնացությունը կայանում է ՀՀ բոլոր մարզերում, քաղաքներում ու բնակավայրերում, իսկ օգոստոս ամսի երկրորդ կեսին երկրապահներն անպայման այցելում են Արցախ: Եռասերունդ երկրապահը, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, այս օրերին լինում է Արցախի բնակավայրերում, այցելում մարտիրոսներին նվիրված հուշարձաններ:

2016 թվականը Երկրապահը հայտարարել է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անկախության հռչակման 25-ամյակի տարի: Անկախության տարեդարձին, ինչպես նաև հանուն անկախության իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի հավերժացմանն է նվիրվում նաև երկրապահի ուխտագնացությունը դեպի Արցախ աշխարհ: Ուխտագնացությունը նվիրվում է նաև Գիտելիքի օրվան, և այս առթիվ արցախցի բոլոր առաջին դասարանցիներին ԵԿՄ-ն  գրենական պիտույքներով լի դպրոցական պայուսակներ է նվիրում: Տեխնիկա, դեղորայք և այլ պարագաներ են հատկացվում սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին: Այսինքն՝ ուխտագնացությունը պարտք է նաև ապրողների, ազատագրված երկիրը շենացնողների, նահատակված հերոսների պատիվն ու փառքը պահողների հանդեպ, որի ակունքները գալիս են Արցախյան ազատամարտի տարիներից. 1993թ. հրամանատար Մանվել Գրիգորյանի մայրը՝ Նազիկ մայրիկը, դեռ պատերազմի օրերին կազմակերպում է այցելություն դեպի Հադրութի տարածք՝ իր հետ տանելով Արցախյան գոյամարտի հերոս նահատակներ Արա Հարությունյանի, Հայրապետ Նավասարդյանի ծնողներին և Թաթուլ Խաչատրյանի կնոջը: Առաջին երթ-միջոցառումները 5-րդ բրիգադի անցած ուղիով սկսվեցին Էջմիածնից և Ստեփանակերտից՝ 1995-96 թվականներից: Այժմ  միջոցառմանը մասնակցում են Արցախյան պատերազմի մասնակիցները, 5-րդ բրիգադի մարտիկները, Հայրենական մեծ պատերազմի վետերանները, պատանի և երիտասարդ երկրապահներ, զոհված ու անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ, մարտական ընկերներ, տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ,  մտավորականներ, ԱԺ պատգամավորներ, կրթության և մշակույթի գործիչներ, ԵԿՄ հետ գործակցության հուշագրեր ստորագրած կառույցների (ՀՀ ԿԳՆ, ՊՆ, ԱՆ, ԱԻՆ) ներկայացուցիչներ, տարբեր մշակութային ու մարզական խմբեր, համույթներ:

ԱՎԱՐՏՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸՈրպես ավանդույթ՝ Արցախյան ուխտագնացության վերջին օրը կայանում է մայր-միջոցառումը, որի ընթացքում մասնակիցներին մատուցվում է մատաղ: Այս տարի այն տեղի ունեցավ բերդաքաղաք Շուշիի հայտնի թթի այգում՝ ամրոցի պարիսպների և աշտարակների հարևանությամբ: Ներկա էին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը, ՀՀ ԵԿՄ նախագահ Մ. Գրիգորյանը, ԵԿՄ մարզային խորհուրդների, բաժանմունքների  նախագահներ, անդամներ, ԼՂՀ շրջվարչակազմերի ղեկավարներ, աշխատակիցներ եւ այլք: Միջոցառման ընթացքում հանդես եկան ՀՀ-ից ժամանած երգի-պարի համույթները (Էջմիածնի «Արմիմեդ»-ղեկ.՝ Աիդա Տոնոյան, «Վաղարշապատ», «Զանգակ» ստուդիա և այլն), ՀՀ թեյքվանդոյի ֆեդերացիայի երիտասարդական խմբի սաները, «Պատանի երկրապահ» ակումբի ներկայացուցիչները: Հնչեցին ռազմահայրենասիրական, ազգագրական, ժողովրդական ու ժամանակակից երգեր:

-Հողը գերությունից չի ազատագրվում միմիայն պաշտպանելու, այլ այդ հողի վրա ապրելու, հողը հայրենիք դարձնելու համար: Որովհետեւ կարևորը ոչ միայն ազատագրելն է, այլ նաև ձեռք բերածը շենացնելով պահպանելը և այն նոր սերնդին փոխանցելը,- ասաց Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը և անդրադարձավ Թալիշի խնդրին՝ կարևորելով սահմանամերձ այդ բնակավայրի շենացումը: -1994 թվականին, երբ ազատագրեցինք Թալիշը, այս գյուղից մոտ 100 հոգի ընդգրկեցինք 5-րդ բրիգադի կազմում, որ ապրեին իրենց գյուղում և ծառայեին: Հույս ունեմ, որ Թալիշը նորից կշենանա, -եզրափակեց Մ. Գրիգորյանը:

ԱՎԱՐՏՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸՄիջոցառման ընթացքում զրուցեցի մասնակից ազատամարտիկների, ԼՂՀ տարբեր շրջանների ներկայացուցիչների, երգիչների հետ: Բոլորն էլ կարևորեցին ուխտագնացությունը դեպի Արցախ: Շուշիից հետո ՀՀ ԶՈՒ և «Տաշիր» երգի ու պարի համույթների արտիստներն ու «Պատանի երկրապահ» ակումբի աղջիկները համերգով հանդես եկան Բերձորում: Մոտ 2 ժամ տևած համերգին մասնակից էին մեծ թվով երեխաներ, որոնք պարեցին հյուրերի հետ, ոգևորեցին նրանց: «Տաշիր» համույթի ղեկավար Լևոն Աբրահամյանն արդեն մի քանի անգամ այցելել է Բերձոր, մոտիկից ծանոթ է քաշաթաղցիներին. «Պատրաստ եմ միշտ իմ ղեկավարած խմբով լինելու Բերձորում»:

Ուխտագնացության եզրափակիչ համերգին ներկա էին Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, Բերձորի քաղաքապետ Արտյոմ Սարիբեկյանը, որոնք շնորհակալ եղան ՀՀ ԵԿՄ-ին՝ համերգը կազմակերպելու և շրջանի 250 առաջին դասարանցիներին պայուսակ և գրենական պիտույքներ հատկացնելու համար:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

ՀՀ ԵԿՄ Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահ

Խորագիր՝ #33 (1153) 31.08.2016 - 06.09.2016, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային


31/08/2016